Սահմանին հարաբերական լռությունը մակերեսային պատրանք է. Արա Այվազյան
«Այսօր Հայաստանի անվտանգությունը չի սկսվում սահմաններից՝ այն սկսվում է արտաքին քաղաքականությունից։ Եթե արտաքին քաղաքականությունը թույլ է, ամբողջ երկիրը դառնում է թույլ»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրագումարի և «Առաջարկ Հայաստան» ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում ասաց «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը։
«2020 թվականից հետո մենք հայտնվեցինք նոր իրականության մեջ. հին անվտանգության համակարգը քանդվել է, նոր ճարտարապետությունը չի ձևավորվել, և մեր առաջնային խնդիրը այսօր կայունության ու հավասարակշռության վերականգնումն է: Բայց գործող իշխանությունները ընտրեցին հարմարվելու ճանապարհը՝ ընդունելով վատթարացող միջավայրը և ենթարկվելով ճնշմանը: Սա ռազմավարական մեծ սխալ էր, որի հետևանքները մենք հիմա տեսնում ենք. պայմանավորվածությունները չեն չեզոքացրել սպառնալիքները, լարվածությունը չի վերածվել խաղաղության, որոշումները հաճախ ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության: Սա սուբյեկտության կորուստ է»,- ասաց Այվազյանը։
Նա ընգծեց՝ զիջումների քաղաքականությունը խաղաղություն չի բերում, այն պարզապես հետաձգում է ճգնաժամը:
«Որքան շատ զիջումներ, այնքան բարձր կլինի հաջորդ պահանջների գինը: Հույսի վրա հիմնված քաղաքականությունը ռազմավարություն չէ: Խաղաղությունը պետք է ամրապնդվի ուժով և հավասարակշռությամբ: Սպասելու ժամանակն ավարտվել է։ Հայաստանը չի կարող անտեսվել, պարտադրվել կամ շրջանցվել: Ահա մեր ուղերձը՝ երկրի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու, սուբյեկտությունն ու հեղինակությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ազգային ուժ, հավասարակշռություն և վճռականություն. սա է մեր ժամանակի պահանջը:
Տարիներ շարունակ մեզ խոստացել են խաղաղություն, բայց այսօր համառորեն և հուսահատորեն փորձում են համոզել, որ այն արդեն հաստատվել է՝ առանց դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու։ Խաղաղությունը խոսքերով արժեք չունի, եթե այն չի ամրապնդվում ուժով և հավասարակշռությամբ։ Առանց հավասարակշռության զիջումները նոր պահանջներ են առաջացնում. որքան շատ զիջումներ, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Սա փակուղի է, և մենք այլևս չենք կարող սպասել»։
Արա Այվազյանի խոսքով՝ սահմանին հարաբերական լռությունը մակերեսային պատրանք է։
«Փաստերը ցույց են տալիս, որ երկրի ռազմավարական խոցելիությունը ոչ միայն չի վերացել, այլ խորացել է։ Անվտանգային հարցերի շուրջ որոշումներն ավելի ու ավելի հաճախ են կայանում Հայաստանից դուրս»։



