«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել՝ ինչպես կավարտվի պատերազմը». Ալիևի գաղտնազերծումները՝ հօգուտ հայկական բանակի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում արտահայտած վտանգավոր թեզերին, Հայաստանին ուղղված պահանջներին և զգուշացումներին մասնագետները հասցրել են անդրադառնալ, ուստի մենք կանդրադառնանք 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարություններին և «ինքնախոստովանություններին», որոնք չեն շեշտադրվել փորձագետների կողմից: Եվ այսպես.

Ալիևի խոստովանությունը. Հայկական բանակը պահեց Քարվաճառը, Փաշինյանը՝ հանձնեց

Ալիևը խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի երկարաձգման դեպքում Քելբաջարի՝ Քարվաճառի և Լաչինի՝ Քաշաթաղի շրջանները ձմեռային եղանակային պայմաններում շատ բարդ էր լինելու «ազատագրել»:

Կարդացեք նաև

«Իհարկե, մենք դա կանեինք, բայց մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս լավ գիտեինք սա։ Անգամ հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են՝ որքան բարդ է այնտեղ ռելիեֆը,- ասել է նա՝ հավելելով, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի կապիտուլյացիայի մասին ակտը Հայաստանը չստորագրեր, Ադրբեջանը շարունակելու էր պատերազմը, ուստի փորձ է արվել միջնորդավորված բանակցությունների միջոցով հասնել դրան: Արդյունքում, ընդունվել է եռակողմ հայտարարություն այն պայմաններով, որը Ադրբեջանի ղեկավարին թույլ է տալիս այն համարել քաղաքական մեծ հաջողություն:

Ի դեպ, Ալիևը Քարվաճառն ուժով ազատագրելու բարդության և անհնարինության մասին առաջին անգամ չի խոսում, և ոչ էլ՝ անհիմն: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Քարվաճառի հատվածում հայկական բանակը ոչ մի սանտիմետր տարածք, դիրք չի կորցրել, իսկ Ադրբեջանը բավականին մեծ կորուստներ է տվել: Եվ այստեղ լուրջ դերակատարում է ունեցել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսը, որի հրամանատարն այդ ժամանակ գեներալ Արայիկ Հարությունյանն էր, ով արդեն մեկ տարի է՝ կալանավորված է՝ 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումների գործով: Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես գրել էինք, 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ակամա խոստովանել էր՝ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:

«Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունը, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն՝ դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»,- շեշտել էր նա:

Իսկ Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցում, ըստ էության, ընդունել է հայկական բանակի կարողությունը՝ պահել Քարվաճառը և Լաչինը:

Իսկ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը՝ նույն հարցի հետ կապված: 2020 թվականի նոյեմբերի 12-ին իր ուղերձում նա, մասնավորապես, նշել էր.

«….եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավական հեռու և պաշտպանական կառույցներ ու ամրություններ չունեին։ Նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի»:

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձներ Քարվաճառի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, այնուհետև 10 օրով ժամկետը հետաձգվեց՝ ապահովելու համար այդ տարածքից քաղաքացիական բնակչության և զորքերի դուրսբերումը:

Ռազմական ոլորտի մասնագետները և զինվորականությունը լռում են այն հարցի շուրջ, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ և ստեղծված պայմաններում կարո՞ղ էինք առանց կրակոցի չհանձնել Քարվաճառը և հետո պահել: Սա՝ առաջին:

Երկրորդ, 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ՀՀ ռազմական ղեկավարությունը փորձե՞լ է ինչ-որ կերպ ընդդիմանալ Քարվաճառի անկրակոց հանձնմանը, և, որ համապատասխան կետը հանվի եռակողմ հայտարարությունից, ինչպես դա արվել է Տավուշի դեպքում: Ավելին, ինչպես 2021 թվականին մի առիթով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր գաղտնազերծել՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման առաջարկ է արել: Սա հետո 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում հաստատել էր Նիկոլ Փաշինյանը՝ «Ադրբեջանը չընդունեց Աղդամը՝ Հադրութի դիմաց բանաձևը»:

Սակայն Քարվաճառի հետ կապված, այս առումով, ըստ էության, անպատասխան մնացած հարցեր կան, ինչպես վերևում նշեցի, և դրանց պետք է պատասխանեն Նիկոլ Փաշինյանը, Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը:

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 29-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, որ այն 2020-ի պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համար առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն էր, ինչը Փաշինյանը մերժել էր։

Հրապարակված այս աշխատանքային փաստաթղթում ոչ մի խոսք չկար Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանների հանձնման մասին, ինչպես նաև՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարության մասին, ինչն արդեն ամրագրված է 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության մեջ:

Մյուս կողմից, Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում նշված էր Շուշիի հանձնման մասին՝ մինչև նոյեմբերի 10-ը, ինչպես նաև Աղդամի՝ մինչև նոյեմբերի 5-ը:

Սա ևս մինչև այսօր պարզաբանման կարիք ունի, քանի որ Քարվաճառի անկրակոց հանձնումը հետագայում հանգեցրել է տարածքային կորուստների և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում:

2021-ին Ալիևը հայտարարել էր, որ Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում, ճանապարհների ընդհանուր երկարությունը՝ մինչև 700 կմ: Նա նշել էր, որ ռազմավարական տեսանկյունից և իրենց սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2006-ին «Հետքին» տված հարցազրույցում Վազգեն Մանուկյանը պատմել էր.

«Իմ վարչապետությունից հետո, մինչև պաշտպանության նախարար նշանակվելը, մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ Մարտակերտը գրավել էին ադրբեջանցիները: Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում. գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր, ծառերի վրա սավաններ, երեխաների խաղալիքներ, չթաղված դիակների հոտ… Ես հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, եթե Քելբաջարը քոնը չէ: Նույն կարծիքին էին Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չէր ընկալում, թե ինչ իմաստ ունի Քելբաջարը վերցնելը: Բաբկեն Արարքցյանն ասում էր, որ դրա համար Հայաստանին որակելու են ագրեսոր»:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Մարտակերտը կարողացել ենք պահել, որովհետև նաև Քարվաճառը չէինք կորցրել: Քարվաճառի դավաճանական հանձնումը հեշտացրեց նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումները, և այսօր Ալիևը հստակ հայտարարում է, որ հետ չի քաշվելու 2021-2022 թվականին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչի մասին մի քանի անգամ գրել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ հետքաշումը, որովհետև այս ընթացքում իրենք նստել են կարևոր ռազմավարական բարձունքների վրա և սրանով վերահսկելի են դարձնում նաև ՀՀ զինված ուժերի շարժն ու գործունեությունը:

Ադրբեջանի տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը, ըստ էության, հաստատել է այս պնդումը, երբ անդրադարձել է Ջերմուկին, որը համարել է «իրենցը», բայցև նշել է, որ այն վերցնելու մտադրություն չեն ունեցել:

«Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,- ասել է Ալիևը:

Այսօր հայկական կողմը Տավուշի և Երասխի ուղղությամբ ունի բազմաթիվ դիրքեր, որոնք ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ, և հիմա Ալիևը Նիկոլ Փաշինյանի տված լեգիտիմի հիմքերով փորձելու է ուժով կամ խաղաղ ճանապարհով ռազմական և ռազմավարական տեսանկյունից նաև այստեղ իրավիճակն իրենց օգտին փոխել:

Դա կարող է լինել 5 էջանոց խաղաղության պայմանագրի միջոցով, որտեղ կարձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի արձանագրվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, կամ Ադրբեջանը սրան կարող է հասնել ռազմական ճանապարհով, և ինչո՞ւ ոչ, որպես սկիզբ՝ կարող են ադրբեջանցիների վերադարձ ապահովել: Սրանք ռազմական և ռազմաքաղաքական տեսանկյունից առանձին քննարկման թեմաներ են, որոնց կանդրադառնանք:

Նոյեմբերի 8-ին պարզ չէր՝ ինչով կավարտվի պատերազմը

Իսկ Ալիևն իր վերջին հարցազրույցում այլ ուշագրավ հայտարարություններ է արել, այդ թվում՝ Շուշիի հետ կապված:

«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения),- հայտարարել է Ալիևը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ռազմական տեսանկյունից մինչև վերջ փորձ է արվել պահել Շուշին, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի միջոցով, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ձեռնարկած գործողություններով, բայց հետո քաղաքական և ռազմավարական որոշում է կայացվել կամ ամեն ինչ դիտմամբ տարվել է նրան, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի հաղթանակը լիակատար դարձվի այդ պահի դրությամբ: Այսինքն, մինչ այս տարբեր կարծիքներ են եղել, որ պատերազմում հայկական կողմի պարտությունը կանխատեսելի էր դեռ հոկտեմբերին, հիմա փաստորեն Ալիևն ասում է, որ անգամ նոյեմբերի 8-ին իրենց լիակատար հաղթանակի մեջ վստահ չեն եղել: Այս հարցի պատասխանն էլ մենք դեռ չունենք՝ ինչո՞ւ են ձախողվել Շուշին հետ վերցնելու՝ ԳՇ-ի գործողությունները, երբ նոյեմբերի 7-ին Շուշիիի նկատմամբ գրեթե կորցրել էինք վերահսկողությունը: Այստեղ ևս ասելիք ունի գեներալ Օնիկ Գասպարյանը: Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյո՞ք ԳՇ-ում հաշվի էին առել այն սցենարը, որ հնարավոր է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին չավարտվեր 44-օրյա պատերազմը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ իրեն այնքան էլ դուր չի եկել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրն արված առաջարկը՝ 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը:

«Զինված ուժերի խնդիրն էր՝ կռվել և հաղթել, և միշտ է եղել այդպես: Իսկ պաշտպանության նախարարության խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն: Ընդ որում, ապահովությունը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով է, այլ և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության, որը պետք է ձևակերպվեր և իրականացվեր ճշգրիտ: Այսինքն, ձևավորվեին և խնդրավորվեին, դրա իրականացման համար պետք է ամեն ինչը արվեր»,- մանրամասնել էր Դավիթ Տոնոյանը:

Թե որքանով են պայմաններ ապահովվել, որ բանակը կռվի և հաղթի, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դրա պատասխանը տվել էր իր հունիսի 28-ի հայտարարության մեջ։

Նա, մասնավորապես, նշել էր.

«2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:

Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում: Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ:

Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես…:

Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն…։

Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ…:

Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ…»:

Այնուհետև Օնիկ Գասպարյանը հավելել էր.

«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Ի դեպ, Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում խոստովանել էր, որ իր ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ չի կարողացել կանգնեցնել 44-օրյա պատերազմը:

«Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ, պատերազմի սկիզբը չլինի»,- ընդգծել էր Տոնոյանը:

Իսկ պատերազմը կանխելը կամ կանգնեցնելն առաջին հերթին երկրի ղեկավարի կամ դիվանագիտական կորպուսի առաջին դեմքերի խնդիրն է: Այլ հարց է, ինչպես արդեն նշեցինք, թե որքանով է Դավիթ Տոնոյանը, օրինակ, դիմադրել Քարվաճառի և Աղդամի անկրակոց հանձնմանը, ինչը հետո պիտի վտանգեր ՀՀ անվտանգությունը:

Տեսանյութեր

Լրահոս