«Պարոն Ավինյանը կարող է էլ գործի չգալ… նրա 7 խորհրդականները ստանում են 630.000 դրամ, 4 օգնականները՝ 545.000 դրամ, գործավարները՝ 360.000 դրամ աշխատավարձ». Սամվել Հակոբյան

«Տիգրան Ավինյանն ունի 2 գործավար, ովքեր ստանում են 360.000 դրամ աշխատավարձ, 4 օգնական՝ ստանում են 545.000 դրամ աշխատավարձ, 7 խորհրդական, որոնք ստանում են 630.000 դրամ աշխատավարձ, ի՞նչ են անում էս մարդիկ, որ սենց շատ են և ինչով է դա արդարացված»,- այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցրեց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխության մասին հարցին։

«Եթե այս բոլոր մարդիկ աշխատեն՝ պարոն Ավինյանը կարող է էլ գործի չգալ։ էդ մարդիկ ստանում են պատգամավորական աշխատավարձներ։ Այսինքն, մենք ապրում ենք պառլամենտական երկրում, որտեղ քաղաքապետի խորհրդականն ու օգնականը ստանում են պատգամավորի աշխատավարձ, դա իմ համար առնվազն տրամաբանական չէ։

Փոխարենը գլխավոր մասնագետները, առաջատար մասնագետները և առաջին կարգի մասնագետները, որոնք ըստ իս՝ռեալ ամենաաշատն են աշխատում, լսում քաղաքացիներին, նրանց հարցերի լուծում են տալիս, ստանում են 270.000-ից մինչև 289.000 աշխատավարձ։

Ո՞րն է մոտիվացիան առաջին կարգի մասնագետի՝ լավ աշխատելու, որ նա դառնա առաջատար մասնագետ, հետո էլ գլխավոր մասնագետ, եթե այդ 2 պաշտոնների միջև աշխատավարձերի տարբերությունը մեկի դեպքում 9000 դրամ է, մյուսը՝ 7 000 դրամ»,- նշեց նա։

Ս. Հակոբյանը նաև ընդգծեց, որ իրենց 15 հոգանոց խմբակցությանը տրվել է 1 սենյակ, այն դեպքում, երբ մի օգնականն ունի առանձին սենյակ։

Տիգրան Ավինյանն էլ, ինչպես միշտ՝ հայտարարեց, որ ոչ թե Տիգրան Ավինյանն ունի խորհրդականներ և օգնականներ, այլ՝ Երևանի քաղաքապետը։

«Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու այդ խորհրդականներին և օգնականներին։ Խորհրդականներն ու օգնականները ամեն մեկն իր ոլորտում աշխատանք են իրականացնում։ Այդ մարդիկ թաքստոցներում նստած չեն, պարոն Արեյանն է, պարոն Շահբազյանն է, գործակարգավարական նիստերին այդ մարդիկ մասնակցում են։

Ես վստահ եմ, որ հաջորդ տարվա ռեֆորմի հիմքով արդեն կքննարկենք բովանդակային թե աշխատավարձերի հարցը, թե կառուցվածքի հարցը և առհասարակ մոտիվացիայի հարցը, որովհետև ես ձեզ հետ համաձայն եմ, որ մարդիկ պետք է մոտիվացված լինեն և արդյունքի միտված»,- ասաց Ավինյանը։

Հակոբյանը նաև նշեց, որ քաղաքապետարանը աշխատավարձ է դուրս գրում 630 մլն դրամի։ «Անձամբ ես իմ հարցի պատասխանը չստացա։ Կամո Արեյանի վերաբերյալ ոչ ոք ոչ մի հարց չունի, գիտենք, մնացած 14-15 հոգին ինչո՞վ են զբաղված, ինչպես են էս աղքատ երկրում այդքան աշխատավարձ ստանում ու ինչպես եք այդ երկրում, որը բազում խնդիրներ ունի՝ 630.000 դրամ աշխատավարձ դուրս գրում»։

Ավինյանը նշեց որ քաղաքապետարանը իր ենթակառուցվածքներով 30 000 աշխատակից ունի։ «Ծավալի տեսանկյունից Երևանի քաղաքապետարանը ամենածանրաբեռնվածն է»։

Տեսանյութեր

Լրահոս