15 խորհրդատուն քիչ չէ՞. նայելով ձեր թիմի որակը, կարող է 150 խորհրդատու պետք լինել. ընդդիմադիրը հեգնեց ՔՊ-ին

«15 խորհրդատուն մի քիչ քիչ չի՞, գուցե 25 կամ 35 լինե՞ր»,- այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը՝ դիմելով նախագիծը ներկայացնող ՔՊ-ական ավագանու անդամին:

«Ես սպասում էի նման հարցի. Տեսեք, մենք ունենք շատ վարչություններ: Այս մոտեցումը նորարար է, նոր ընդունված տարբերակ է: Բոլոր միջազգային կառույցներում, առաջադեմ կազմակերպություններում ներգրավում են նեղ մասնագետների: Մենք որպես համայնքային ծառայողներ, շատ հաճախ, սահմանափակում ենք ունենում մասնագիտական գիտելիքներով այն մարդկանց ներգրավելու հարցում, որոնք իրականացնելու են կետային աշխատանք եւ բարձրացնելու են մեր արդյունավետությունը: Ես գտնում եմ, որ 15 խորհրդատու ունենալը շատ նորմալ թիվ է՝ հաշվի առնելով մեր թվաքանակը, մեր կատարած աշխատանքի ծավալը, րդյունքները: Վստահեցնում եմ, որ դեռ պակաս է, առավել չի»,-ասաց ՔՊ-ական անդամը:

Ի պատասխան՝ Գրիգոր Երիցյանն արձագանքեց. «Եթե միջազգային փորձը նայում ենք, համայնքները փորձում են ներգրավել մասնագետների, պրոֆեսիոնալների իրենց աշխատակազմում եւ նրանց աութսորս չեն անում: Հաշվի առնելով քաղաքապետարանի թիմի այսօրվա գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական որակը, այո, ես կարծում եմ, որ խորհրդատուների քանակը շատ քիչ է, կարող է մոտ 150 խորհրդատու պետք լինել»:

Սա առաջացրեց ներկաների ծիծաղը:

Նշենք, որ առաջարկվող նախագծով նախատեսված է, որ քաղաքապետարանի աշխատակազմը պետք է ունենա 15 խորհրդատուի հաստիք՝ 310 հազար դրամ աշխատավարձով:

Տեսանյութեր

Լրահոս