Չելոյանցի սարքած ցիրկն էր, ինքն էլ կլոունն էր. «Ուրարտուն» Օզբիլիսին դեմ է քվեարկել. Ռուբեն Հայրապետյան

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ վերստին դարձավ գործող նախագահ, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Նրա հակառակորդ Արաս Օզբիլիսի օգտին քվեարկեց ընդամենը 3 ակումբ: «Շիրակ» և «Նոա» ակումբները չմասնակցեցին քվեարկությանը, և 22 կողմ ձայներով Մելիքբեկյանը վերարտադրվեց իր պաշտոնում:

Քվեարկությունից հետո, ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել ընտրության արդյունքները, Արաս Օզբիլիսին առաջադրած «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցն ասել էր՝ «ես կրկես չեմ մեկնաբանում»:

168.amՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրեց մեկնաբանել «Ուրարտուի» նախագահի հայտարարությունը:

«Ինչո՞ւ չի մեկնաբանում: Իր սարքած ցիրկն էր, ինքն էլ կլոունն էր: Չելոյանցը սարքեց, իր այդ քայլերով Արմեն Մելիքբեկյանի ապօրինի ընտրությունը լեգիտիմացրեց: Ուղղակի ափսոս էր Արասը, որ մտավ այդ խաղի մեջ: Ես Արաս Օզբիլիսին՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ, բարձր եմ գնահատում ու շատ սիրում եմ նրան: Չելոյանցը եթե չմիջամտեր, չխանգարեր, Արասը որ Արմեն Մելիքբեկյանի տանն էլ դներ իր թեկնածությունը, կրկին կհաղթեր նրա նման ոչնչությանը: Այս ամենի մեղավորն ու կազմակերպիչը եղել է Չելոյանցը: Սա նրա սարքած խաղն էր Արասի ու հայկական ֆուտբոլի դեմ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Կարդացեք նաև

ՀՖՖ նախկին նախագահը նաև հիշեցրեց այն մասին, թե ինչպես «Ուրարտուն» նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի չեմպիոն:

«Չելոյանցը մոռացե՞լ է՝ ոնց «Ուրարտուն» դարձավ չեմպիոն, ոնց Ֆեդերացիայով, մրցավարներով «Փյունիկին» մորթեցին, որ չեմպիոն իր թիմը դառնա: Չելոյանցն առհասարակ ինտրիգների մեծ վարպետ է: Սկսած Մոսկվայի «Սպարտակի» ժամանակներից՝ նա հայտնի է իր ինտրիգներով: Նույնը շարունակում է այստեղ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Վերջինիս հարցրեցինք նաև այն մասին, որ Արաս Օզբիլիսի օգտին քվեարկած 3 ակումբների մեջ փաստորեն չկա «Արարատ-Արմենիան», որովհետև «Դովեղ» և «Փյունիկ» ակումբները հայտարարել են, որ քվեարկել են Օզբիլիսի օգտին, իսկ «Ուրարտուն» էլ ենթադրաբար իր թեկնածուի օգտին պետք է քվեարկած լիներ, և ուրեմն ստացվում է, որ «Արարատ-Արմենիան», որի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակային էր աջակցել Արաս Օզբիլիսին, կո՞ղմ է քվեարկել Մելիքբեկյանին:

««Դովեղն» ու «Փյունիկը» միանշանակ կողմ են քվեարկել Արասին, բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ «Ուրարտուն» է կողմ քվեարկել Օզբիլիսին: Հնարավոր չէ, որ «Ուրարտուն» կողմ քվեարկած լինի Օզբիլիսին: Իմ անձնական կարծիքով՝ Արասին կողմ է քվեարկել ոչ թե «Ուրարտուն», այլ «Արարատ-Արմենիան»: «Ուրարտուն» Օզբիլիսին դեմ է քվեարկել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ու ՀՖՖ-ի միջև եղած սուր հակամարտությանը ու «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի սուր քննադատությանը ՀՖՖ ղեկավարության հասցեին, Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ Արթուր Սողոմոնյանը միակ ֆուտբոլային գործիչն է այսօր, որ ֆուտբոլն իրականում ու հատկապես՝ մանկապատանեկան ֆուտբոլը ճիշտ հասկանում ու գնահատում է:

«Նրա քննադատությունների հետ ես համամիտ եմ ամբողջովին: «Փյունիկի» նման բարձրակարգ ակումբին դաշտ չտրամադրելը դիտարկում եմ՝ որպես հանցագործության նման արարք: Ես զարմանում եմ, որ երկրպագուներն են լռում «Փյունիկի» հանդեպ մեկ տարի շարունակվող այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ: Մեկ տարի է՝ «Փյունիկի» նկատմամբ այդ անօրինական պատժամիջոցները կիրառվում են, ու երկրպագուները լուռ են, երբ մինչև Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահ դառնալն ամեն առիթով բողոքի ակցիաներ էին կազմակերպվում։ Անթույլատրելի է «Փյունիկի» դեմ նման արշավը, քանի որ «Փյունիկը» մեր մանկապատանեկան ու հավաքական թիմերի դարբնոցն է»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՖՖ այն հակադարձումներին, թե Արթուր Սողոմոնյանը սխալ թվեր է հրապարակում, Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ինքն առաջիկայում մանրամասն կխոսի վերջին 5 տարիների ՀՖՖ գործունեության մասին և, իհարկե, կհրապարակի թվեր:

Տեսանյութեր

Լրահոս