#ՀԻՄԱ. ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սևանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի վերաբերյալ գործի քննությունը:

Այս դատաքննության ժամանակ Ռուբեն Հայրապետյանի շահերը ներկայացնում է փաստաբան Վահագն Դալլաքյանը, Դատախազության շահերի ներկայացուցիչը Լիանա Բելոյանն է: Մյուս պատասխանողը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է:

Նախորդ դատական նիստին Վահագն Դալլաքյանը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրեց: Հանրային մեղադրողը ժամանակ խնդրեց դիրքորոշում ներկայացնելու համար, և այսօրվա դատական նիստին ներկայացրեց այդ դիրքորոշումը:

Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 11-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝ «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե):

Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:

«Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների հայցով, որը վերաբերում է  «Հարսնաքար» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականի փետրվարի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հողատարածքի վրա կառուցված շենքերն ու շինությունները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջին, կիրառվել է հայցի ապահովման միջոց. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված շենքերի, շինությունների սեփականատիրոջ փոփոխությանը:

Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ վարձակալության պայմանագրի կնքումից առաջ մրցույթ փաստացի չի անցկացվել, ինչպես նաև բացակայել են Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 36-րդ կետով սահմանված՝ հողատարածքն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելու հիմքերը:

Տեղեկացնենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր»,- նշված էր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031