Վաղվա որդիները չեն ներելու այսօրվա հայրերին, սա մահվան ճանապարհն է, որի վրա չենք փրկվի, չենք ապրի․ Հուսիկ Արա

Մենք ընդամենը երկու ամիս առաջ ցեղասպանություն կրեցինք։ Խոսքը ոչ միայն հարյուրավոր զոհերի, այլև այն մասին է, որ մեր նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն կատարվեց, Արցախը հայաթափվեց։ Մենք ականատես եղանք մեր հերթական ցեղասպանությանը, իսկ այսօր՝ կարծես ոչինչ չի եղել։ Ոչ բոլորն են այդպես, կան մարդիկ, որոնց տրամադրությունը ցավոտ է, բայց այնուամենայնիվ, կարծես արտաքուստ ոչինչ չի պատահել։ Մի ազգ ենք, որը նորից ցեղասպանության է ենթարկվել ընդամենը երկու ամիս առաջ, իսկ այսօր պտտվում ես Երևանում կամ գյուղերում, նայում ես, կարծես ոչինչ չի եղել։ Դժվար է ասել՝ մենք նո՞ր դարձանք այդպիսին, թե՞ վաղուց այդպիսին էինք։ Երբ թերթում ես պատմությունը, գրեթե նույնությամբ դրվագները կրկնվում են։ 1915-ին էլ նույնն է եղել՝ Արևմտյան Հայաստանը ցեղասպանվում, էթնիկ զտման էր ենթարկվում, հայաթափվում էր, ինչպես Արցախը, իսկ այստեղ կյանքը նորմալ էր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան:

«Հատկապես վեպերում նկարագրություններից մենք գիտենք այս ամենը։ Հիշենք նաև վերջին տարիների քարոզչությունը, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելը, խաբելը։ Ի՞նչ տեղի ունեցավ՝ նախ արյան մեջ խեղդեցին մեզ 2020-ի պատերազմով, սրընթաց կերպով այդքան զոհեր ունեցանք։ Բայց ժողովրդին անընդհատ ասում են՝ խաղաղություն։ Բնականաբար, մեր ժողովուրդն ուզում է գնալ ու հասնել խաղաղության, բայց այդ ճանապարհին, պարզ է, պատրաստ է զոհաբերելու ամեն ինչ։ Եթե այդպես նայենք, հանուն խաղաղության՝ մենք կորցնելու ենք նաև Հայաստանը։ Սա մի աննորմալ և անհամատեղելի վիճակ է։ Այս վիճակով ազգերն ու ժողովուրդները չեն կարող ապրել ու արարել, սա կործանման վիճակ է։ Եթե մենք անընդհատ հաշտվում ենք մեր կորուստների հետ, տալիս ու զիջում ենք, զիջելու ենք մինչև վերջ։ Իսկ վերջին գոնե երեք տարում անվերջ կորցնում ենք, և այս ընթացքով՝ նոր տարում ավելին ենք կորցնելու, Հայաստանն ենք կորցնելու»,- ասաց արվեստագետը:

«Վաղվա որդիները չեն ներելու այսօրվա հայրերին։ Որդիները վաղը հայրերի փորն են թափելու, այդ աստիճանի չեն ներելու մեզ այսօրվա համար։ Մենք ոչ միայն այս իրականության ականատեսն ենք, այլև իրացնողը։ Ի վերջո, մեր ձեռքով կատարվեց Արցախի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Որքան էլ սրա-նրա գրպանը գցենք, հիմնականում մենք արեցինք, մենք էինք մեղավորն ու պատճառը, Հայաստանի իշխանությունը հրաժարվեց Արցախին օգնելուց, աջակցելուց։ Ասում էին՝ թող կռվեին, բայց ևս երկու-երեք օր՝ բոլորը կոտորվելու էին։ Ու ոչ մի ընդվզում չեղավ այստեղ։ Դարձյալ՝ ցեղասպանություն կրած ժողովուրդը նայում է, թե ինչպես է ինքը ցեղասպանվում, ու չի փորձում բռնել այդ ցեղասպան ձեռքը»,- նշեց բանաստեղծը:

Հուսիկ Արայի կարծիքով՝ օրինակելի է, երբ Իսրայելն ասում է՝ նորի՞ց մեզ հետ Հոլոքոստ անեն, Գազան մաքրում է, բայց չի գնում և արտասվում ՄԱԿ-ում, թե իրենց հետ նորից Հոլոքոստ արեցին, ինչպես մենք ենք արտասվում, ասում՝ մեզ էթնիկ զտման ենթարկեցին. «Լսողին արդեն տհաճ է, նա ասում է՝ նորի՞ց, ինչքա՞ն կարելի է, դու քեզ չկարողանա՞ս պահել այդքանից հետո։ Այսօր չկա ո՛չ երազ, ո՛չ իդեալ, ոչինչ չկա, ամենասարսափելին սա է։ Մեր երազի վրա տապանաքար դրեց, մեր այսօրվա ու վաղվա թռիչքն անկման վերածեց։ Այսպես ազգերն ու ժողովուրդները չեն ապրում։ Մենք մահվան ճանապարհն ենք ընտրել, ուղղակի չենք հասկանում։ Գնալով մահվան՝ ասում ենք, թե փրկվում ենք, ապրում ենք, կյանք ենք ուզում։ Բայց մահվան մեջ անընդհատ լինելով, ինքդ քեզ այդ ճանապարհով տանելով՝ երբեք չես փրկվի ու չես ապրի։ Այսպես չի կարելի, այս վիճակը պետք է կանխել»:

«Հայի ամեն ինչը կարելի է հասկանալ, բայց թուրքի հետ բարիդրացիական հարաբերության հույս ունեցող հային չես կարող հասկանալ ու ներել այսքանից հետո։ Այս իշխանությունն Արցախը հանձնեց՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Արցախում հայ չի մնացել, ասում են՝ մի քսան հոգի։ Ադրբեջանն ու Թուրքիան դարձյալ չեն բավարարվում։ Մտածում ես՝ ի՞նչ անենք, Արցախը վերցնենք, նորի՞ց հանձնենք։ Հիմա էլ՝ Հայաստանի գյուղերը, Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը»,- ամփոփեց Հուսիկ Արան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս