Քաղաքական վերնախավի կողմից դատարանների գործընթացներին միջամտելու ապացուցված դեպքերը եղել են Նիկոլ Փաշինյանի օրոք. Արամ Օրբելյան
5-րդ շարասյուն փնտրելու իդեա-ֆիքսը Նիկոլ Փաշինյանին հասցրել է նաև դատական համակարգի դռներին՝ ուղիղ և փոխաբերական իմաստով:
Այսօր նա Ազգային ժողովում դարձյալ հիշել է 2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան՝ արձանագրումով. «Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար»:
Սակայն Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք, բավարար չափով բացված չեն, ու անելիք ունեն ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման առումով:
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը 168.am-ի հետ զրույցում Փաշինյանի հայտարարություններին հակադարձեց համոզումով՝ դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու միջոցով անհնար է դատական համակարգի անկախության հասնել:
«ՀՀ պատմության ընթացքում՝ շուրջ 32 տարի, Հայաստանում գործող քաղաքական իշխանության վերնախավի կողմից դատարանների գործընթացներին միջամտելու ապացուցված, հաստատված դեպքերը եղել են Նիկոլ Փաշինյանի օրոք»,- շեշտեց Արամ Օրբելյանը:
Փաստաբանը նկատեց, որ նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում մասնագետների մոտ թերևս լուրջ հիմքեր կան կասկածելու, համոզմունք ունենալու, ենթադրելու, որ տեղի է ունեցել դատական համակարգի գործունեության որոշակի միջամտություն, բայց չկա որևէ ապացուցված դրվագ այդ առնչությամբ:
«Միայն իր դեպքում է, երբ Հատուկ քննչական ծառայության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ինքը հեռախոսով խոսում են, թե ինչպես են դատավորին ասել՝ ուզես-չուզես՝ կալանք պետք է տաս, ու ինքն էլ ընդունում է, որ այդ ձայնագրությունը ճիշտ է, թեև ասում են մոնտաժված է, բայց ի՞նչն է մոնտաժված, այդպես էլ բացատրություն չի եղել, չեն էլ ասել, թե կոնկրետ ինչ են նկատի ունեցել, երբ ասել են «ուզես, չուզես կալանք պիտի տաս»:
Հաջորդը՝ հենց նույն հանգամանքով պայմանավորված մեկ այլ դրվագ. իրեն եմ ցիտում՝ «ինձ միջնորդեցին ՀԱՊԿ-ի ղեկավարները, ես նպատակահարմար գտա միջնորդել»: Իսկ սա չի վերաբերում դատախազին, քանի որ Խաչատուրովի կալանքը մերժվել և տրվել է գրավ ոչ թե դատախազության միջնորդության հիման վրա, այլ դատարանի որոշման:
Միայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ է, որ վարչապետի օգնականը կոնկրետ քրեական գործով քննիչից ստացել է բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաև՝ դատավարական փաստաթղթերի նախագծեր, կատարել փոփոխություններ այդ փաստաթղթերում (ընդ որում, փոփոխությունները բովանդակային են), հետ ուղարկել քննիչին: Դրանից հետո այդ մարդը նշանակվել է գլխավոր դատախազ:
Մեկ օրից կիմանանք նաև ՄԻԵԴ որոշումը ՍԴ գործընթացով, բայց այս պահին արդեն ունենք փաստ, որ սահմանադրական «բարեփոխումների» շրջանակներում 2020 թվականին դիմել են Վենետիկի հանձնաժողով, հանձնաժողովը քննարկել է կարծիք, և կառավարությունն իրականացրել է և 4 ժամում ընդունել է այդ կարծիքին ընդհանրապես չհամապատասխանող ռեֆորմ՝ ասելով, որ մենք, ընդհանուր առմամբ, համահունչ ենք Վենետիկի կարծիքին:
Ի դեպ, կառավարությունն այնքան էր շտապել, որ չէր սպասել՝ այդ կարծիքը լինի, ինչի հետևանքով Վենետիկի հանձնաժողովը կարծիքի վերջին կետ է ավելացրել՝ արձանագրումով.
«Ցավում եմ, որ կառավարությունը, չսպասելով այս կարծիքին, շրջանառության մեջ է դրել տրամագծորեն հակասող նախագիծ»,- փաստական այս ժամանակագրությամբ Նիկոլ Փաշինյանին պատասխանեց Արամ Օրբելյանը՝ հիշեցնելով նաև Սահմանադրական դատարանում օրենքի խախտումով նշանակված դատավորների, ԲԴԽ-ում առկա անառողջ մթնոլորտի և 2018 թվականից հետո աղմկահարույց մի շարք դատական գործերի մասին:
Ըստ նրա՝ այսքանից հետո անհնար է խոսել անկախ դատական համակարգ ունենալու ցանկության մասին:
Միջազգային իրավունքի մասնագետն այս համատեքստում անդրադարձավ նաև քաղաքական ենթատեքստով կալանավորման դեպքերին:
«Վանաձորի քաղաքապետը մասնակցում է ընտրություններին, հաղթում է՝ կալանավորվում է, մեկ այլ համայնքում՝ քաղաքապետի թեկնածուն հաղթում է՝ կալանավորվում է, որպեսզի չկարողանա ներկայանալ ավագանու նիստին, ստիպված հրաժարվում է մանդատից:
Արմեն Աշոտյանը կալանքի տակ է անհասկանալի գործով, երբ կալանքի հիմք են ներկայացրել այն, որ ենթադրվում է, թե ինչ-որ մեկն իր անունից խոսել է մեկ ուրիշի հետ, առաջարկել փաստաբան:
Ցոլակ Ակոպյանի նկատմամբ տեղեկագրում ստորագրելու համար խափանման միջոց է կիրառվել, ինչը որևէ տրամաբանություն չունի:
Սրանից հետո խոսել, թե մեզ անհրաժեշտ են անկախ դատարաններ, փարիսեցիություն է, մանիպուլյացիա»,- շեշտեց նա: