Ինչպես ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի՝ նախկինում քրեական հետապնդման ենթարկված  եղբայրը նշանակվեց դատավոր. ԲԴԽ նախագահը խնդիր չի տեսնում

Այսօր խորհրդարանում  Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը լրագրողներից ներողություն հայցեց, որ շուրջ մեկ տարի նրանց հետ չի շփվել։ Ըստ նրա, դա եղել է գիտակցված որոշում, քանի որ մտածել է՝ պետք է կատարել որոշակի ծավալի աշխատանք, այնուհետև շփվել լրագրողների հետ։ Եվ հիմա, երբ իր կարծիքով՝ որոշակի աշխատանք  կատարել է, որոշել է շփվել լրագրողների հետ:  Պաշտոնյան խոստովանեց, որ լրագրողների հետ շփվում է իր կամքով, իսկ մնացած բոլոր շփումները եղել են ոտքի վրա, անակնկալ։

Այս նախաբանից հետո, Կարեն Անդրեասյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նախ անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբոր՝ Արարատի մարզի դատավորի պաշտոնում նշանակվելու հարցին: Ի դեպ, նա  նախկինում ենթարկվել է քրեական հետապնդման։

«Մեր հասարակությանը կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն այս դեպքում երբևէ մեղադրյալի կամ կասկածյալի չէր կարող նշանակել այդ պաշտոնում, բոլոր իրավական գործընթացները պատշաճ պահվել են։ Ինչպես գիտեք, բոլորի հետ կապված կարող են լինել միջադեպեր, իրադարձություններ։ Այդ մեղադրանքի հետ կապված, որ խոսում եք, ավտովթարի հետ է կապված, չնայած պարոն Սարգսյանի անմեղության կանխավարկածը ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել։ ԲԴԽ-ն նրա թեկնածությունը քննարկել է, հետո նիստի ժամանակ ուղղել է բոլոր հարցերը՝ կապված իր բարեվարքության, դրա եզրակացության, բոլոր խնդիրների մասին։  Հարցեր են տրվել թեկնածուին, նա հաղթահարել է  շատ բարդ քննություն, շատ բարդությամբ անցել է մի քանի փուլ, որից հետո ԲԴԽ-ն քվեարկությամբ որոշել է, և պարտադիր չէր նույնիսկ միաձայն որոշեր, որոշակի ձայների քանակ բավարար է եղել: Նա հիմա դատավոր է նշանակվել երկրի սահմանադրության բոլոր տարրերին համապատասխան»,- նշեց Կարեն Անդրեասյանը։

ԲԴԽ նախագահը լրագրողներին խնդրեց չհեղինակազրկել գործող դատավորներին, եթե չկան իրական ապացույցներ։

Կարդացեք նաև

Հարցին՝ իշխանական թիմի հետ կապը չի՞ ազդել ԲԴԽ-ի որոշման վրա, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ նախ ԲԴԽ-ն սրտի թեկնածուներ չունի, ապա հավելեց.

«Եթե ուսումնասիրենք 5, 10, 15 տարի առաջ՝ փեսաներ, հարսներ, աղջիկներ, ամուսիններ, ովքեր միշտ դարձել են դատավորներ, կտեսնենք համեմատության մեջ թե ինչքան մարդ, որ կրթություն են ստացել և աշխատել են որևէ մեկի հետ առնչություն չունենալով, եկել դարձել են դատավոր։

Հիմա եթե հազար անգամ այս մասին խոսենք, որևէ բան չի փոխվելու՝ ԲԴԽ-ն խոչընդոտ չի տեսել, և եզակի դեպքերում կարող են լինել մարդիկ, որոնք կարող են ազգակցական կապ ունենալ այլ անձանց հետ»,- շեշտեց ԲԴԽ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս