Բաժիններ՝

Աչքի հետ կապված խնդիրները ժամանակին չվերահսկելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև կուրության

Աչքը մարդու մարմնի ամենանուրբ և զգայուն օրգանն է, որը նույնպես խնամք, ուշադրություն և ճիշտ մոտեցում է պահանջում: Աչքի հետ կատարվող ցանկացած փոփոխությանը պետք է արագ արձագանքել և դիմել մասնագետի, քանի որ խնդիրը ճիշտ ժամանակին չվերահսկելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև կուրության:

«Արմենպրեսի»՝ «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Ակնաբուժության կլինիկայի բժիշկ Ագաթա Սնխչյանի հետ անդրադարձել ենք աչքերի հետ կապված մի շարք խնդիրների, դրանց լուծումներին:

Մասնագետը նշեց, որ բոլոր ժամանակներում ակնաբուժական ամենատարածված հիվանդությունն են կատարակտը և գլաուկոման: Ըստ նրա՝ մանկական տարիքում առավել շատ հանդիպում են կարճատեսության խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել ուղղակի հեռուն կամ մոտիկը ավելի վատ տեսնելու իրավիճակի, այսպես ասած «ծույլ աչքի» համախտանիշի, որն, իհարկե, ենթակա է բուժման:

«Այսօր երեխաների մոտ ակնաբուժական տարբեր խնդիրներով հիվանդություններ շատ են նկատվում և դա հիմնականում պայմանավորված է էկոլոգիայի աղտոտվածությամբ, սննդամթերքի մեջ այլևայլ հավելումներով, և իհարկե, մեծ տեղ զբաղեցնում են սմարթֆոնների օգտագործումը, այսինքն՝ մոտ հեռավորության վրա երեխաների աչքերի հավելյալ ծանրաբեռնվածության ավելացումը: Երեխայի մոտ խնդիրներ կարող են ծագել նաև կնոջ հղիության ընթացքում որոշակի հիվանդությունների հետևանքով։ Քանի որ աչքը համարվում է ուղեղի մաս, բարձրագույն նյարդային գործունեության կարգավորման մի փոքրիկ մասնիկ, այն շատ զգայուն է»,- ասաց մասնագետը:

Անդրադառնալով թե՛ երեխաների, թե՛ մեծերի դեպքում գաջեթների, հեռախոսների և հեռուստացույցի առջև երկար նստելու հետևանքներին՝ ակնաբույժը նշեց, որ եթե դուք ստիպված եք երկար ժամանակ կենտրոնացնել ձեր տեսողությունը լարող ինչ-որ գործի վրա, ապա կարող եք հաճախակի ընդմիջել գործը և ձեր աչքերին հանգստանալու ժամանակ տալ, զբոսնել, նայել հեռուն, աչքերը փակել և այլ հանգստացնող վարժություններ անել:

«Երեխաները նույնպես կարող են ունենալ աչքերի լարվածություն, հատկապես եթե երկար ժամանակ առանց ընդմիջման խաղում կամ զբաղվում են հեռախոսներով, հեռուստացույց են դիտում և այլն։ Նրանք նույնպես կարիք ունեն պարբերաբար ընդմիջելու իրենց զբաղմունքը։ Կարող են մի քանի րոպե պատուհանից դուրս նայել կամ իջնել բակ: Վստահաբար մենք չենք կարող հրաժարվել կամ կտրուկ նվազեցնել համակարգիչների, բջջային հեռախոսների կամ պլանշետների օգտագործումը, քանի որ այսօր երեխաներից շատերը դասապրոցեսներն իրականացնում են համակարգիչներով, բայց հետևելով մասնագետի խորհրդին և պարբերաբար հետազոտվելով, կարող ենք խուսափել մի շարք բարդացումներից»,-ասաց Ագաթա Սնխչյանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, լազերային կարեկցիայից հետո տեսողությունը նորից վատանա և ինչի՞ հետևանքով դա կարող է լինել, մասնագետը նշեց, որ տեսողությունը կարող է վատանալ, եթե վիրահատության ժամանակ կարճատեսության աճը դեռ չի կանգնել, ինչպես նաև աչքի նոր հիվանդությունների զարգացման պատճառով:

Ակնաբույժը, խոսելով կատարակտային բուժման նոր մեթոդներից, նշեց, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ակնաբուժական կլինիկայում այժմ իրականացնում են կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ:

«Վիրահատության ընթացքում հեռացվում է պղտորված ոսպնյակը և դրա փոխարեն տեղադրվում է ամերիկյան բարձորակ ոսպնյակ: Հայաստանի հանրապետության քաղաքացիները կարող են դիմել մեզ կատարելու այս վիրահատությունը նաև պետպատվերի շրջանակում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ևս վիրահատությունը իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, վերականգնեք ձեր տեսողությունը և բարելավեք ձեր կյանքի որակը»,-նշեց ակնաբույժը:

Մասնագետը խորհուրդ տվեց ցանկացած պարագայում խնայել աչքը, բոլոր հարցերին մոտենալ գրագետ և, եթե ինչ-որ բան չգիտեն, անպայման խորհրդակցեն և հարցնեն մասնագետներին:

Երկարատև լինզաների կրումը ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: Ո՞ր պարագայում է ցուցված իրականացնել լազերային վիրահատություն, որ դեպքում՝ ոչ, և կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որո՞նք են աչքի ամենատարածված խնդիրներն այսօր: Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս