«Կոչ եմ անում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզի բնակիչներին՝ նայեք մեզ, խղճացեք ձեզ». Արցախից բռնի տեղահանված

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախահայեր Հայաստանում բախվում են տարբեր խնդիրների։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, մարզիչ Արմեն Պետրոսյանն ասաց, որ արդեն 200-ից ավելի արցախահայեր դիմել են իրեն, տարակուսանքի մեջ են, չգիտեն՝ ինչ անեն հաշվառման հետ կապված, քանի որ բախվում են բազմաթիվ խնդիրների։

«Եթե, օրինակ, մարդիկ դիմում են բանկին և ինչ-որ գործարք պետք է անեն, ապա այն, ինչն օգուտ է քաղաքացուն՝ գրվում է մեծ շրիֆտով, ինչը վնաս է՝ փոքր շրիֆտով։ Բնակիչներին վտանգների մասին չեն ներկայացնում, այսինքն՝ քաղաքացին չգիտի՝ ինքը Հայաստանում հաշվառվելով ու իր նախկին հասցեից հրաժարվելով, գուցե վտանգի տա՞կ է դնում Արցախում թողած իր գույքային իրավունքը։ Այս և նմանատիպ շատ խնդիրներ կան, և մեկը չկա, որ ժողովրդին տա հստակ պատասխան։ Անձնագրային բաժինն ասում է, որ իրենք պատասխանատու են միայն հաշվառման համար, ասել են, որ ֆինանսական ոլորտի վերաբերյալ հարցեր չտան»,- նշեց Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ բռնի տեղահանված արցախահայերն իրենց բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանան ՀՀ Կառավարությունից, մասնավորապես՝ նրա ղեկավարից, սակայն նա որևէ մեկին այսքան ժամանակ չի ընդունել ու չի լսել։

Ըստ նրա, ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է այս հարցերը մշտապես բարձրաձայնեն, քանի որ իշխանական պատգամավորները երբեք նման բան չեն անի, որովհետև ատում են Արցախն ու արցախահայությանը։

Կարդացեք նաև

«Թող արցախահայությանը հստակ պատասխանեն, թե ինչ են կորցնելու Հայաստանում հաշվառվելու դեպքում։ Եթե մանրամասն նրանց հարցերին պատասխաններ տրվեն, արդեն մարդիկ կհասկանան՝ ինչ որոշում պետք է ընդունել։ Մենք ունենք մեր հաշվառումները Ստեփանակերտում, Մարտունիում և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում։ Հետևաբար՝ հարց է առաջանում, եթե մենք այդ հասցեներից հրաժարվում ենք, վտանգի տակ չե՞նք դնում մեր գույքային իրավունքը։ Որոշումը պետք է ընդունվի՝ տվյալ իրադրությունից ելնելով։ Հիմա եմ հասկանում, թե ինչու ՀՀ իշխանության մեծ մասը բանակում չի ծառայել, եթե նրանք բանակում ծառայած լինեին,  կիմանային, որ ցանկացած որոշում ընդունելուց պետք է պարտադիր ճիշտ գնահատվի իրավիճակը։

Երբ դիմում եմ ՊՆ-ի համապատասխան բաժին, ինձ ասում են՝ ինչո՞ւ եք միանգամից վատ տրամադրվել, սպասեք, տեսնենք՝ ինչ է լինելու, ինչի՞ն սպասենք։

Այդ հստակ պատասխանները մենք պետք է ստանանք Կառավարությունից, որն իրականությունը թաքցնում է, ինչի մեջ տեսնում եմ ուղղակի դիտավորություն։ Ամեն ինչ անում են, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ արցախահայությունը ստիպված կա՛մ հեռանա Հայաստանից, կա՛մ ամենավատը՝ այս իրավիճակում վերադառնա Արցախ»,- շեշտեց նա։

Արմեն Պետրոսյանը կոչ արեց Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի բնակիչներին՝ սթափվեն, քանի որ հաջորդն իրենք են հայտնվելու արցախահայության այսօրվա կարգավիճակում։

«Կոչ եմ անում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզի բնակիչներին՝ նայեք մեզ, խղճացեք ձեզ։ Եթե այս կառավարությունն այսպես է վարվում մեզ հետ, նույնը նաև ձեզ է սպասվում։

Ես այս Կառավարությունից որևէ լավ բան չեմ սպասում, մինչև չհեռանան, որևէ բան չի լինելու, դրա համար պետք է ճնշումներ գործադրվի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս