Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների չի կարելի գնալ. դրանք մեզ տանելու են փակուղի. Սերժ Սարգսյան
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից այսօր լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանություններն ընդունել են հայ-ադրբեջանական պետական սահմանին հանդիպելու ադրբեջանական կողմի առաջարկը, այն ի՞նչ վտանգներ է ենթադրում։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե իր կարծիքով՝ Հայաստանը չի ընդունել այդ առաջարկը, ամեն դեպքում դրա վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը մի քիչ խուճուճ էր։
«Ոչ ասացին՝ ընդունում ենք, ոչ ասացին՝ չենք ընդունում, որովհետև երևի իրենք մտածելու կարիք ունեն։ Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմանի բանակցությունների առաջարկությունը։
Ուզում եմ մեկ բան հիշեցնել, որ ՀՀ այսօրվա կառավարիչը, իր կարծիքով, քննադատում էր, թե ուզում էր խայթեր ինձ, երբ ասում էր, թե՝ տեսեք-տեսեք, ասում է, որ Ալիևի հետ ես չեմ բանակցում, իսկ ես՝ տեսեք, որ բանակցում եմ։ Մենք տեսանք, թե ինչի բերեցին այդ բանակցությունները։
Խնդիրը նրանում չէ, որ դիմացինդ հաճելի անձնավորություն է՝ որպես բանակցող, կամ տհաճ է, և այլն, խնդիրն այն է, որ այդ բանակցությունը մեկ այլ ուժի՝ ավելի հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի։ Եթե դա չի երաշխավորվում, ապա այդ թուղթն ո՞ւմ է պետք, այդ դեպքում կողմերից մեկը շատ հանգիստ կարող է այդ ամենը խախտել։ Պատահական չէ, որ մեր բանակցությունների ժամանակ համանախագահներն աշխարհի երեք խոշոր կենտրոններն էին»,- այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում