Մոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա
Մոսկվան չի մոռացել, որ հայ քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Վլադիմիր Զելենսկիին, երբ նա Երևանից սպառնաց հարձակվել մայիսի 9-ի շքերթի վրա․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետության «ինքնիշխան» քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին, ով Հայաստանի մայրաքաղաքից սպառնաց հարձակվել Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթի վրա», – նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության դեմ Երևանի վերջին մի շարք քայլերը նման են լիակատար ծաղրի։
Ըստ նրա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 103-ամյա վետերանին Հայաստանում հարցաքննելու ծրագրերը վկայում են Եվրոպայի հետ մերձեցման և Կիևի հետ եղբայրացման հետևանքով առաջացած բարոյական անկման մասին։
«Դժվար կլիներ գտնել ավելի պատկերավոր ապացույցներ այն բարոյական և հոգևոր անկման մասին, որը բխում է ժամանակակից, անդեմ, բարոյապես աղքատացած Եվրոպայի հետ մերձեցումից և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրացումից», – գրել է Զախարովան։
Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա հայ վետերան Ռոզալիա Սերգեևնա Աբգարյանը պետք է հարցաքննվի քաղաքական կուսակցության կողմնակիցի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ընտրությունների շրջանում բարեգործական նվիրատվությունների արգելքը խախտելու համար։

