Տեխասում Apache մարտական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ԱՄՆ երկու զինվորական
ԱՄՆ-ի ցամաքային զորքերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տեխաս նահանգում, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այս մասին հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Քլիֆ Քոլմանը։
Ուղղաթիռը կործանվել է Սալադո քաղաքի շրջանում։ Այն ընկել է դաշտում և հրդեհ է առաջացրել, որի մարման աշխատանքներին ներգրավվել են արտակարգ ծառայությունները և ռազմական փրկարարները:
«Ֆորտ Հուդայի քրեական հետաքննությունների բաժնի տվյալներով՝ դա Apache ուղղաթիռ է եղել, որում եղել է երկու մարդ։ Ժամը 14.30-ին (Երևանի ժամանակով 23.30) պաշտոնապես արձանագրվել է նրանց մահը», – լրագրողներին ասել է Քոլմանը։
Սա վերջին շրջանում ԱՄՆ ռազմական ավիացիայի հետ կապված առաջին դեպքը չէ. հուլիսի 31-ին ծովային հետևակի կորպուսի F-35B ինքնաթիռ է կործանվել Սան Դիեգոյի «Միրամար» ավիաբազայի շրջանում: Օդաչուին հաջողվել է կատապուլտվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

