Թրամփը հարգում է Իրանին, իսկ ի՞նչ է խորհուրդ տալիս Իսրայելին
Իսրայելը պետք է բարելավի իր դիրքերը հրապարակային դաշտում, հրեական պետությունն այս առումով զիջում է ՀԱՄԱՍ շարժմանը։
Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Univision-ին տված հարցազրույցում։
«Այս ճգնաժամը հեշտ չէ հաղթահարել։ Տեսեք ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերը․ 50, 100 հազար մարդ դուրս է գալիս փողոց և ասում. «Մենք պաղեստինցիների կողմն ենք»։ Իսկ ո՞րն է խնդիրն այստեղ։ Կարծում եմ՝ Իսրայելը պետք է աշխատի հասարակական հարաբերությունների վրա, քանի որ, անկեղծ ասած, հակառակ կողմը հաղթում է նրանց այդ ճակատում»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփի խոսքով, զարմանալի է, որ Իսրայելը չգիտեր ՀԱՄԱՍ-ի մոտալուտ հարձակման մասին, սակայն գլխավոր հարցը, ըստ քաղաքական գործչի, այն է, թե ինչպիսին կլինի պատերազմի արդյունքը։
«Չեմ կարծում, որ Բայդենի վարչակազմը կարող է ավարտել այն։ Կարծում եմ՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, սա կարող է շատ վատ ավարտ ունենալ։ Սա կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով»,- ասել է Թրամփը։
Նրա պնդմամբ, եթե ինքը ղեկավարեր երկիրը, նախագահական ընտրություններից «երկու շաբաթ» անց, ապա համաձայնության կհասներ Իրանի հետ, որը կապված է ՀԱՄԱՍ-ի հետ, և կկարողանար կանխել գրոհայինների հարձակումը հրեական պետության վրա։
Թրամփն ասել է, որ իր օրոք Իրանը չէր ստանա միջոցներ, որոնք կարող էին օգտագործվել Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու համար։ «Մենք համաձայնագիր կկնքեինք Իրանի հետ։ Թեհրանը անկում էր ապրում, հարգանքով եմ ասում, բայց այն անկում էր ապրում, երբ ես նախագահ էի», – պնդում է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ու Իրանը «լավ հարաբերություններ են ունեցել» նրա նախագահության ընթացքում՝ 2017-ից 2021 թվականներին։
«Նրանք մեզ հարգում էին, ես էլ նրանց։ Բայց ես նախատեսում էի նրանց հետ պայմանագիր կնքել՝ ոչ մի միջուկային զենք»,- բացատրել է նախկին նախագահը։



