Բաժիններ՝

Ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը՝ Գյումրիում

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը։ Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու հայտնի ռուս դերասան Դմիտրի Մազուրովը։ 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց ու սցենարին ծանոթանալուց հետո Մազուրովն անմիջապես համաձայնում է նկարահանվել ֆիլմում։ Դերասանը նշում է, որ Վարդան Վարդանյանի հետ թեև առաջին աշխատանքը չէ՝ նախկինում էլ են եղել հոլովակներ, կարճամետրաժ ֆիլմեր, բայց սա ամբողջովին տարբերվում էր։ «Ճիշտ է՝ պատերազմ է, բայց ոչ մի քաղաքականություն, այլ՝ մարդկային ապրումներ ու հայրենիքի հանդեպ սեր»,-մինչ ֆիլմի մեկնարկը նշեց դերասանն՝ անկեղծանալով՝ առաջին անգամ Գյումրիում է լայն էկրանով դիտում ֆիլմը։ Ֆիլմի ավարտին հուզմունքը չէր կարող թաքցնել։

«Ցանկություն ունեինք ցույց տալու ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հետևանքները, որտեղ կարևորը մարդն է ու նրա կորցրածը։ Ֆիլմի հերոսի՝ Սուրենի կերպարը թեև մտացածին է, բայց հավաքական, ով կորցնելով ամեն ինչ՝ որդի, տուն, չի համաձայնում կորցնել իր հողը՝ նույնիսկ իմանալով դրա արժեքը»,-նշեց Վարդան Վարդանյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի ստեղծագործական կազմին ու բոլոր նրանց, ովքեր օգնել են ֆիլմի ստեղծմանը։

«Դաժան ու դժվարին ֆիլմ է, այն մասին ինչպես ստիպված են մարդիկ լքում իրենց տունը, իմ կերպարը անձնազոհության է գնում ու որոշում է մնալ այն հողի վրա, որտեղ զոհվել է որդին»,-նշեց ֆիլմի գլխավոր դերակատար, դերասան Հովհաննես Հովհաննիսյանը։

Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել նաև Երևանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս