Բաժիններ՝

Կամ փրկօղակ, կամ հայհոյանք. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կհրապարակի իր որոշումը՝ 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը մարտի 4-ին դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Վերջին երեք օրերին ՍԴ-ն քննության առավ այս դիմումները, լսեց կողմերին, և երեկ երեկոյան անցավ խորհրդակցական սենյակ: Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում են «գերագույն» դատարանում: Ավելի ճիշտ, ՀՀ գրեթե բոլոր նախագահական ընտրություններն այս ճակատագրին արժանացել են, ինչը վկայում է միայն այն մասին, որ մեր երկրում մինչ օրս չեն անցկացվել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ:

Իսկ ահա Սահմանադրական դատարանը բոլոր ընտրությունների դեպքում կայացրել է մի որոշում, որի արդյունքում անփոփոխ են մնացել ընտրությունների պաշտոնական արդյունքները, ինչն էլ վկայում է այն մասին, որ այս կառույցը, ընդամենը վերարտադրված իշխանական համակարգի սպասարկուն է եղել: Ու թերևս հենց այդ է պատճառը, որ որևէ մեկը Հայաստանում և Հայաստանից դուրս, Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից «սյուրպրիզ» չի ակնկալում:

Բոլորի համար որոշումը կանխատեսելի է. այն է՝ հերթական անգամ ՍԴ-ն, նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, կկատարի իր առաքելությունն ու ՀՀ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների հետ որևէ աղերս չունեցող իշխանական սպասարկուի դերը և «հեղինակավոր» իր որոշմամբ կլեգիտիմացնի Հայաստանում անցկացված հերթական կեղծված ընտրությունների արդյունքները:

Եվ այնուամենայնիվ, որքան էլ որոշումը կանխատեսելի է և ՍԴ անդամների ներկա կազմի ու առավելևս նրա նախագահից այլ բան սպասելն ուղղակի միամտություն է, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ՝ այսօր Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը, որ բնորոշվում է որպես հանդարտ, սակայն օր օրի խորացող քաղաքական ճգնաժամ, որևէ կերպ պետք է լուծվի: Եվ Սահմանադրական դատարանը, եթե ոչ Սահմանադրության տառի ու ոգուն համաձայն, ապա նույն իշխանությունների իմացությամբ և համաձայնությամբ կարող է որևէ միջանկյալ լուծում առաջարկել, այդպիսով առաջին հերթին իշխանություններին ազատելով անձամբ քայլեր ձեռնարկելու անցանկալի պարտավորությունից:

ՍԴ ստանդարտից դուրս որևէ որոշում կարող է փրկօղակ լինել ոչ միայն քաղաքական իշխանությունների համար, այլև՝ հոգևոր:

Այսօր բավական բարդ իրավիճակում է գտնվում նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, ով իհարկե չի կարող երկար ժամանակ լռություն պահպանել և որևէ կերպ չարձագանքել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին, առավել ևս՝ դրա կենտրոնում գտնվող և Ազատության հրապարակում կյանքի և առողջության համար վտանգավոր հետևանքներով անորոշ ժամանակով հացադուլի փաստին:

Սահմանադրական դատարանն ի վերջո իր այսօրվա որոշմամբ ամբողջ աշխարհին կարևոր մեսիջ է ուղարկելու Հայաստանի պետականության, Սահմանադրականության վերաբերյալ: Եվ ցանկացած որոշում, որը վերջնականապես չի լեգիտիմացնի կեղծիքը, այսօրվա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և վաղվա անկանխատեսելի զարգացումները կանխելու լավագույն ճանապարհը կլինի: Հակառակ դեպքում՝ էլի ամոթ, նվաստացում, պետությանը, նրա քաղաքացիներին և ողջ սփյուռքի հայությանը, սև պատմուճաններին ուղղվող մեղմ ասած՝ հայհոյանքներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս