Ձիով՝ Բերքաձորից Կոռնիձոր․ Արցախում կորցնելով ամեն ինչ` Կոռնիձորում Ռաֆիկ Սարգսյանը թոռնիկ է ձեռք բերել
Ձիով՝ Բերքաձորից Կոռնիձոր 60-ամյա Ռաֆիկ Սարգսյանը անցել է ավելի քանի 24 ժամ։ Հայաստան է հասել 3 տարեկան Բույանի հետ։
«Սեպտեմբերի 19-ին սովորական օր էր, անասուններին դաշտ էի տանելու, երբ լսվեցին արկերի ձայները։ Երկու օր անընդմեջ կրակոցներ էին, հետո հայտարարեցին, որ պետք է գյուղը թողնենք»,- «Արմենպրես»-ին պատմում է Ռաֆիկ Սարգսյանը։
Արցախում թողել է տունն ու ֆերմա՝ իր կյանքում արդեն չորրորդ անգամ է տուն ու տեղը թողնում՝ նախ Քարվաճառ , ապա Ակնա ու Ասկերան, բայց ոչ մի բանի համար այդքան չի ափսոսում, որքան որդիների ու կնոջ գերեզմանի․ 2014 թվականին կինը մահացել է՝ հուղարկավորված է Քարվաճառում, իսկ պայմանագրային զինծառայող որդիները՝ 28 և 22 տարեկան, զոհվել են քառասունչորսօրյա պատերազմում՝ հուղարկավորված են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ «Ինչ թողել եմ այդքան չեմ ափսոսում, բայց, որ երեխաներն այնտեղ են․․․»,-արցունքերն աչքերին ասում է Ռաֆիկը։
44 օրյա պատերազմում բեկորային վիրավորում ինքն էլ է ստացել ու կորցրել մի աչքի տեսողությունը, հիմա էլ բեկորային վնասվածքները շուտ-շուտ հիշեցնել են տալիս, բայց հարազատի գերեզմանն ու հայրենի հողի կորուստի ցավն ավելի անտանելի է։
Մինչև Կոռնիձոր հասնելը ադրբեջանցիները ոտքին ձողով խփել են, հայհոյել ու փորձել են ձին խլել՝ չի թողել։
Կոռնիձորում ոչ մեկը չուներ։ Հակարի կամրջի մոտ արցախցիներին սնունդ բերած Գրիգոր Ղահրամանյանը տեսնում է ձիով եկած, ոտքը վիրավոր տղամարդուն ու որոշում՝ իր հարկի տակ տեղ է տալու։ Կոռնիձորում բուժում են նաև վիրավոր ոտքը։ Կարճ ժամանակում Ռաֆիկը Կոռնիձորում ոչ միայն տաքուկ անկյուն է գտնում, այլ նաև ընտանիք, իսկ ամենակարևորը՝ թոռնիկ՝ տան փոքրը՝ Օլեգը, Ռաֆիկ Սարգսյանին պապիկ է կոչում ու ասում է «Մեր տանից ոչ մի տեղ չեմ թողնի գնա»։ Օլեգի ասելով, հիմա Ռաֆիկին բոլորը պապիկ են ասում։
«Հիմա մեր պապիկը մեր տան ուրախությունն է։ Շատ ենք կապվել իրար հետ։ Մենք սիրում ու հարգում ենք իրեն։ Շատ համեստ ու բարի մարդ է»,-ասում է տանտիկինը՝ Նելլին։
Կոռնիձորցու հյուրընկալությունն ու սրտացավ վերաբերմունքը տեսնելով՝ Ռաֆիկը սրտի մի անկյունում հույս է տեսնում՝ աշխարհը կործանված չէ, մարդկություն կա։ «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ձեռք են մեկնում ու կարող են իմ դժվարությունները կիսել»,-հավելում է պապիկը։
Ռաֆիկ Սարգսյանի ցանկությունը հիմա մեկն է կարողանալ ինչ որ չափով շնորհակալ լինի իրեն ու իր Բույանին հյուրընկալած ընտանիքին՝ մի քանի անասուն լինի պահի՝ հա՛մ կօգնի ընտանիքին, հա՛մ էլ ինքը զբաղմունք կունենա։