Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին ռուսական գազի մատակարարումների համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են անցկացրել՝ քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մանրամասներն է հայտնել ՌԴ նախագահի աշխատակազմը։
«Քննարկվել են ռուս-սերբական ռազմավարական գործընկերության արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, նավթի և գազի, ինչպես նաև միջուկային ոլորտներում համագործակցությունը, ռուս-սերբական միջկառավարական առևտրային, տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի ապրիլյան նիստի նախապատրաստական աշխատանքները»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ալեքսանդր Վուչիչը երախտագիտություն է հայտնել ռուսական գազի կայուն մատակարարման շարունակականության համար, որը կարևոր է իր երկրի էներգետիկ անվտանգության պահպանման համար: Հաղորդվում է, որ նախագահները մանրամասն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Մերձավոր Արևելքում հակամարտության ներկա լայնածավալ սրացումը:
«Սերբիայի նախագահը կիսվել է Բալկաններում ստեղծված իրավիճակի իր գնահատականով: Երկու կողմերն էլ ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի հիմնարար կարևորությունը Կոսովոյի հարցի լուծման համար, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության իրավունքների ապահովման անհրաժեշտությունը՝ համաձայն Դեյթոնի համաձայնագրերի»,-հայտնել է Կրեմլը:



