Թրամփը ցանկանում է Իրանի հետ պատերազմի ավարտի հասնել մինչև ապրիլի 6-ը. Սպիտակ տան խոսնակ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջիկա օրերին հասնել Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության։ Նրա մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
Լևիթին հարց են ուղղել ավելի վաղ Թրամփի սահմանած վերջնաժամկետի վերաբերյալ, որով Իրանին համաձայնության հասնելու համար ևս տասը օր էր տրվում՝ մինչև ապրիլի 6-ը։
«Նա ցանկանում է համաձայնագրի հասնել առաջիկա տասը օրվա ընթացքում։ Ժամանակը սպառվում է։ Մի քանի օր է մնացել…. Տեսնենք, թե ինչ կլինի այդ տասնօրյա ժամանակահատվածի ավարտից հետո», – ասել է Սպիտակ տան խոսնակը։
Պաշտոնյային նաև հարց են ուղղել Մերձավոր Արևելքում ամերիկյան լրացուցիչ ուժերի կուտակման մասին՝ չնայած ընթացող բանակցություններին։ Լևիթը պատասխանել է, որ ԱՄՆ նախագահը կենտրոնացած է «Էպիկական ցասում» գործողության նպատակներին հասնելու վրա, իսկ Պենտագոնն աշխատում է «գերագույն հրամանատարի համար ստեղծել առավելագույն շատ տարբերակներ»։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն հասնում է իր առջև դրված նպատակներին։
Մարտի 30-ին Թրամփը Truth Social հարթակում ևս մեկ գրառում էր արել՝ նշելով, որ ԱՄՆ-ն «լուրջ քննարկումներ» է անցկացնում «նոր, ավելի ողջամիտ ռեժիմի հետ», և «մեծ առաջընթաց է գրանցվել»։ Նա հավելել էր, որ «եթե որևէ պատճառով շուտով համաձայնություն ձեռք չբերվի», և եթե Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի, ապա լիովին կոչնչացվեն Իրանի «էլեկտրաէներգիա արտադրող կայանները, նավթահորերը և Խարգ կղզին և, հնարավոր է, բոլոր աղազրկման կայանները»։



