Բուժողից՝ տուգանվող․ բժիշկը դարձել է թիրախ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը բժշկական հաստատություններին ուղարկած վերջին շրջաբերականով արձանագրել է նեղ մասնագիտական ուղեգրումների գործընթացում նկատված խախտումներ և պահանջել դրանց շտկում՝ սահմանելով նաև հնարավոր պատժամիջոցներ։

Screenshot
Փաստաթղթում հղում է արվում ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշմանը, որով սահմանվում են այն դեպքերը, որոնք ենթակա են ամբուլատոր բուժման, և հստակեցվում է հիվանդանոցային ուղեգրման շրջանակը։
Ի՞նչ է արձանագրվել
Հիմնադրամի կողմից իրականացված մոնիթորինգի համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում «Արմեդ» համակարգում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն համապատասխանում սահմանված կարգին։
Խոսքը վերաբերում է այն ուղեգրումներին, որոնք ներկայացվել են փոխհատուցման, սակայն իրականացվել են ընթացակարգային շեղումներով։
Ի՞նչ են պահանջում բուժհաստատություններից
Շրջաբերականով բժշկական կազմակերպություններից պահանջվում է՝
սեղմ ժամկետում իրականացնել դեպքերի վերանայում,
ուղղել կամ վերանայել շեղումներով իրականացված ծառայությունները։
Նշվում է նաև, որ պահանջների չկատարման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ՝ համաձայն 1980-Ն որոշման և պայմանագրային պարտավորությունների։
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ
Նման կարգավորումները կարող են սահմանափակել բժշկի մասնագիտական անկախությունը։
Ուղեգրումների սահմանափակումը կարող է հանգեցնել հիվանդների ուշացած հոսպիտալացման,
բժիշկները կարող են խուսափել որոշումների կայացումից՝ հնարավոր պատժամիջոցներից ելնելով,
վարչական վերահսկողությունը կարող է գերակշռել բժշկական անհրաժեշտության նկատմամբ։
Հնարավոր հետևանքներ
Համակարգի նման խստացումը կարող է առաջացնել՝
ծառայությունների հասանելիության խնդիրներ,
բարդացած կլինիկական դեպքերի աճ,
բուժման որակի վրա բացասական ազդեցություն։
Ներկայացված շրջաբերականը ցույց է տալիս, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շարունակում է ձևավորման փուլում գտնվել, որտեղ փորձ է արվում համատեղել վերահսկողությունը և բժշկական ծառայությունների կազմակերպումը։ Սակայն հարցը մնում է բաց՝
արդյո՞ք այս մոտեցումը կհանգեցնի որակի բարձրացման, թե կսահմանափակի բժշկի որոշման ազատությունը։
Հ․Գ․
Սիրելի՛ բժիշկներ, եթե Հիպոկրատի երդմանը հավատարիմ եք՝ պատրաստ եղեք տուգանքի»։



