Հակաիսրայելական ճակատն ընդլայնվում է. ո՞վ թույլ չի տա մերձավորարևելյան պատերազմի տարածում դեպի Կովկաս

Բայդենի իսրայելյան այցի նախօրեին Գազայում հիվանդանոցի հրթիռակոծությունն ու քաղաքացիական հանրության շրջանում դրա պատճառած հարյուրավոր զոհերն ու վիրավորները ցնցեցին ողջ արաբական աշխարհը՝ սրելով հակաիսրայելյան տրամադրությունները ողջ աշխարհում։ Այս օրերին բողոքի ակցիաներ են Իսրայելի դեմ թե ԱՄՆ-ում, թե Թուրքիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, եվրոպական երկրներում և այլուր, հարձակման են ենթարկվում Իսրայելի դեսպանատները, կոչեր են հնչում զսպել Իսրայելին, ենթարկել պատժամիջոցների, նավթային էմբարգո կիրառել։ Չնայած այս պատերազմական հանցագործությանը, որի պատասխանատվությունն Իսրայելը չի ստանձնում և մեղադրում է դրանում հենց ՀԱՄԱՍ-ին, թեև բավականին լուրջ արևմտյան աղբյուրներ պնդում են, որ ՀԱՄԱՍ-ը չունի սպառազինություն նման պայթյուն առաջացնելու համար, ԱՄՆ նախագահ Ջո Բայենն Իսրայելում հայտարարեց՝ ԱՄՆ-ը կշարունակի մնալ Իսրայելի թիկունքին։

Timesofisrael.com-ը մեջբերել է Բայդենի խոսքերը. «Միացյալ Նահանգներն այսօր, վաղը և միշտ կանգնած է ձեր կողքին՝ ի պաշտպանություն ազատության, խաղաղության և հետամուտ լինելով արդարությանը: Մենք ձեզ խոստանում ենք»։ Նա նաև հայտարարել էր, որ մինչ Իսրայելն արձագանքում է ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, Վաշինգտոնը պետք է շարունակի ապահովել, որ Իսրայելն ունենա այն, ինչ իրեն հարկավոր է պաշտպանվելու համար: Սակայն միայն առաջին հայացքից է ԱՄՆ-ը բոլոր հարցերում աջակցում Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Իսրայելին կոչ է արել ռազմական արշավ չսկսել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ, քանի որ Վաշինգտոնն աշխատում է, որպեսզի ներկայիս պատերազմը չտարածվի Գազայի սահմաններից դուրս, չորեքշաբթի The Times of Israel-ին ասել են հարցին ծանոթ երկու պաշտոնյա։

Պաշտոնյաները պարզաբանել են, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ը ընդունում է, որ Իսրայելը պետք է արձագանքի «Հըզբոլլահ»-ի կողմից իր հյուսիսային սահմանի ուժեղացված թիրախավորմանը, ինչը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո: Պաշտոնյաները հավելել են, որ ԱՄՆ-ը Իսրայելին զգուշացրել է զգույշ լինել «Հըզբոլլահ»-ի արձակած կրակին իր ռազմական պատասխաններում՝ բացատրելով, որ Իսրայելի պաշտպանության բանակի սխալը Լիբանանում կարող է շատ ավելի մեծ պատերազմի պատճառ դառնալ: Չնայած այս ամենին, Իրանից հնչող կտրուկ հայտարարություններին, Իսրայելական ԶԼՄ-ների կոմիտեն հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությանը բանակի պատրաստակամության մասին։ Թեև գործողության մասին հայտարարվել էր շատ ավելի վաղ։

Մերձավորարևելյան ցնցումներին անհանգստությամբ հետևում են նաև Հայաստանում, քանի որ, ըստ վերլուծաբանների՝ իսրայելապաղեստինյան պայթյունը կարող է հասնել Հարավային Կովկաս՝ հանգեցնելով ռազմական գործողությունների ՀՀ տարածքում Ադրբեջանի ու Հայաստանի միջև։

168.amի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ պատերազմի մեկնարկին արաբական աշխարհի և Արևմուտքի, Ռուսաստանի ու Չինաստանի տրամադրություններն այլ էին, ինչ հիվանդանոցի թիրախավորումից հետո։

«Եթե պատերազմի սկզբում բոլոր կոչերն ուղղվում էին ՀԱՄԱՍ-ին, արաբական շատ երկրներ հակված էին կարգավորել հարաբերություններն Իսրայելի ու Արևմուտքի հետ, նույն ձևով՝ եվրոպական երկրները, որտեղ բնակչության շրջանում շատ է մուսուլման բնակչությունը։ Սակայն պատերազմը փոխում է իրերի դրությունը, դիրքորոշումները։ Ռուսաստանը, Չինաստանը և ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան երկրների ճնշող մեծամասնությունն ընդհանրապես ոչ մեկին չէին դատապարտում և պարզապես խաղաղության կոչ էին անում, սակայն որքան կոշտանում են իսրայելցիների գործողությունները ռազմական գետնի վրա, այնքան Իսրայելի դիրքերը թուլանում են աշխարհում։ Սակայն ուղիղ կերպով ոչ մի երկիր չի միջամտի, բացառությամբ Իրանի։

Սրանից, բնականաբար, ԱՄՆ-ը խուսափում է, հենց դա է պատճառը, որ զգուշության կոչեր են հնչում «Հըզբոլլահ»-ի հարցում, որի ետևում Իրանն է։ Բացի այդ, Իրանը տրամադրված է կտրուկ, հայտարարություններն այդ մասին են խոսում, ուստի Իրանի ներքաշումը լի է ԱՄՆ-ի համար վտանգներով, քանի որ Իրանին կաջակցեն ՌԴ-ն ու Չինաստանը, իսկ Իսրայելի կոշտ ռազմական քայլերն Իսրայելի դեմ լուրջ ճակատի ձևավորման հիմք են տալիս։ Բայդենն աջակցում է, բայց հասկանում ավելի լայն համաշխարհային պատերազմի վտանգը՝ դրանից խուսափելով։ Որոշիչ կլինի այս իմաստով այն, թե երբ ու ինչպիսի ցամաքային օպերացիա կսկսի Իսրայելը Գազայում և արդյո՞ք կսկսի»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ իրերի դրությունը Հարավային Կովկասում ևս բարդ է, պատերազմի վերսկսման հավանականություն կա այնքան, որքան կա հակամարտություն, ինչպես նաև՝ ուժեղ ու թույլ կողմեր։

«Սակայն կարծում եմ՝ այս փուլում ավելի վճռական են լինելու արտաքին դիրքավորումները՝ Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի։ Հակված եմ կարծել, որ զսպում տեղի կունենա` ելնելով նույն մտավախություններից, որ հակամարտությունների, պատերազմների միաժամանակ բռնկում ձեռնտու չէ ոչ տարածաշրջանային խաղացողների, ոչ աշխարհաքաղաքական կենտրոնների համար, քանի որ պատերազմների սահմանները նման իրավիճակում դժվար է պահպանել։ Եթե չպահպանվի, ապա կմեծանա ընդլայնված պատերազմի վտանգը։ Իրանի մասնակցությամբ դա կարող է իրական թվալ։ Արևմուտքը պետք է փորձի ՀՀ-ի հետ կապված հարցերում ավելի կոշտ դիրքորոշում հայտնել, փորձելով դիրքավորվել ավելի հայամետ, քանի որ Ադրբեջանը կարծես հրաժարվում է «գնալ» Արևմուտք, իսկ Արևմուտքին ռեգիոնը հարկավոր է ցանկացած հնարավոր ձևաչափով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս