Բաժիններ՝

«Երեխայի առողջությունը լուրջ տուժում է, երբ նրան արհեստական կաթ են տալիս»

Մինչև վեց ամսականն արհեստական կերով սնվող երեխաները 14 անգամ ավելի հաճախ են մահանում, քան բացառապես կրծքի կաթով սնվողները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Վստահություն» առողջապահական հ/կ-ի նախագահ, «Մուրացան» կլինիկայի մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը՝ խոսելով օրերս Արմավիրում գրանցված երկվորյակների անսպասելի մահվան մասին:

«Ես չեմ կարող ասել՝ այդ մահացության հիմնական պատճառը կաթնախառնո՞ւրդն էր, թե՞ նրանք առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաներ էին. կաթնախառնուրդի որակն էլ լավը չէր, և նպաստեց նման տխուր ելքին, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ կրծքով սնուցման բացակայությունը զգալի մեծացնում է վաղ հասակի երեխաների հիվանդացությունն ու մահացությունը։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ կրծքով սնուցման ցուցանիշների բարելավման միջոցով կարելի է 10 տոկոսով նվազեցնել մանկական մահացությունը»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստան ներմուծվելիս կաթնախառնուրդները ստուգումներ են անցնում, քանի որ պետք է բավարարեն որոշակի չափանիշների. «Ասեմ, որ ոչ միշտ են կաթնախառնուրդները բավարարում այդ չափանիշներին: Արտասահմանում հսկողությունը շատ ավելի ուժեղ է, քան մեզ մոտ, չնայած՝ մեզ մոտ էլ կա: Մեզ մոտ էլ են ստուգում մանրէներով աղտոտվածությունը, բայց ոչ բոլորն մանրէներն են հայտնաբերվում: Օրինակ, կան շատ վտանգավոր մանրէներ՝ էնտերոբակտերիա սակազակի, որոնցով վարակվելը 40 տոկոս մահաբերություն ունի:

Եթե տուփի մեջ լինի այդ մանրէն, կաթնախառնուրդի ո՛չ համը, ո՛չ գույնը, ո՛չ հոտը չի փոխվի: Դրանով ավելի հաճախ վարակվում են նորածինները և հիվանդ երեխաները, ու նրանց 40 տոկոսը մահանում է: Սակայն այդ մանրէով վարակվածությունը մեզ մոտ չի որոշվում, քանի որ այնպիսի բարդ տեխնոլոգիաներ է պահանջում, որոնց մենք դեռ չենք տիրապետում: Էնտերոբակտերիա սակազակին առաջացնում է ծանր մենինգիտ, և, եթե երեխան դրանից մահանա, հնարավոր է` ոչ ոքի մտքով չանցնի էլ, որ պատճառը կաթնախառնուրդն էր»:

Կարդացեք նաև

Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ Հայաստան ներկրվող կաթնախառնուրդները չեն ստուգվում նաև  գենետիկորեն մոդիֆիկացված սպիտակուցների պարունակության առումով.

«Դրանք հիմնականում պարունակվում են սոյայի հիմքով կաթնախառնուրդում: Ասեմ ավելին՝ հիմա մեր երեխաներից շատերին տալիս են սոյայի կաթնախառնուրդ, ինչպես, օրինակ՝ «Սիմիլակը»: Հաճախ, երբ երեխան մի փոքր խնդիր է ունենում, շատ ծննդատներ անմիջապես այդ սոյայի հիմքով կաթնախառնուրդն են տալիս: Ծննդատանը երկու-երեք անգամ կաթնախառնուրդով կերակրված երեխան հետո չի կարող կրծքով լավ կերակրվել: Տուն գնալուց հետո մայրը, բնականաբար, այդ նույն կաթնախառնուրդով է կերակրում երեխային՝ առանց իմանալու, թե ինչ վտանգներ ունի սոյան: Սոյայի հիմքով կաթնախառնուրդների մեջ պարունակվում են գենետիկորեն մոդիֆիկացված սպիտակուցներ: Բացի դրանից՝ կան նաև, այսպես կոչված, «ֆիտոէստրոգեններ», որոնք օրգանիզմում նույն ազդեցությունն ունեն, ինչ կանացի հորմոնները։ Դրանցով կերակրվելու դեպքում երեխաները կարող են լուրջ խնդիրներ ունենալ, հատկապես տղա երեխաների համար դա շատ վտանգավոր է: Այն ազդում է վահանաձև գեղձի, մտավոր զարգացման, սեռական սֆերայի վրա, առաջացնում է հակվածություն ուռուցքների նկատմամբ: Այս բոլորից կարծես թե մեր ժողովուրդն անտեղյակ է: Կարծում եմ՝ մայրերը լավ տեղեկացված չեն այս ամենի մասին: Շատ կարևոր է իմանալ, որ եթե երեխան առողջ է, և ինչ-ինչ պատճառներով կաթնախառնուրդով է կերակրվում, ապա պետք է ընտրել կաթնախառնուրդ, և երեխան դրանով պիտի սնվի և ոչ թե՝ սոյայի կաթնախառնուրդով»:

Սուսաննա Հարությունյանն ասաց, որ նույնիսկ լավագույն կաթնախառնուրդը լիարժեք սնունդ չէ երեխայի համար և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել մայրական կաթին: Մանկաբույժի խոսքով՝ կաթնախառնուրդի սնուցողական բաղադրամասերն այն կազմությամբ չեն, որն անհրաժեշտ է երեխային: Կաթնախառնուրդում կարող են տարբեր վտանգավոր նյութեր և միկրոբներ լինել, որոնք կրծքի կաթում հազվադեպ են հանդիպում:

«Վերջին հաշվով, մայրական կաթն անընդհատ փոփոխվում է՝ լավագույն ձևով ապահովելով երեխայի սնունդը: Կաթնախառնուրդը չի փոխվում: Իմունիտետը, որը մայրական կաթը տալիս է երեխային, ոչ մի արհեստական կաթ չի կարող տալ: Մայրական կաթը շատ լավ է մտավոր զարգացման համար, պարունակում է նյութեր, որոնք ուղեղի զարգացման համար շատ կարևոր են: Կրծքով կերակրելը բարենպաստ ազդեցություն ունի նաև մոր առողջության համար։ Շատ բաներից ենք զրկում երեխային, երբ նրան արհեստական սննդով ենք կերակրում»,- ասաց Սուսաննա Հարությունյանը: Ըստ նրա՝ հաշվարկները ցույց են տվել, որ կրծքով սնուցման ցուցանիշները բարձրացնելու դեպքում Հայաստանում կարելի է 60 երեխաների կյանք փրկել:

Մանկաբույժի խոսքով՝ բնական է, որ երկու երեխաների մահվանից հետո ծնողների մոտ վախ կա, սակայն այդ վախը մինչ նշված դեպքն էլ պիտի լիներ. «Միշտ էլ մահանում են երեխաներ դրա պատճառով: Այնպես չէ, որ այս մի դեպքն է, ու վերջ: Իրականում պետք է հասկանալ, որ, եթե անգամ երեխան չի մահանում, նրա առողջությունը լուրջ տուժում է, երբ նրան զրկում են կրծքի կաթից, իսկ մայրերի 97 տոկոսը կարող է երեխային կրծքով կերակրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս