Արցախում մշակութային կոթողների վանդալիզմ.  հաշվառված ավելի քան 6000 հուշարձան՝ թշնամու վերահսկողության ներքո

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից ու Արցախի ամբողջ տարածքն օկուպացնելուց հետո, թշնամական երկրի տիրապետության ներքո անցան Արցախի միջնադարյան հարյուրավոր հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ:

Այս տարվա սեպտեմբերի 27-ին այլ ազգի մշակույթը չհանդուրժող ադրբեջանցիների թիրախում հայտնվեց նաև Չարեքթար վանքը, որի ուղղությամբ ազերի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին՝ ավերելով մշակութային ժառանգությունը:

Ադրբեջանական թիրախում հայտնվեց նաև Արցախը խորհրդանշող՝ «Մենք ենք, մեր սարերը» կամ «Դեդո-բաբո» հուշակոթողը, որն ադրբեջանցիները ենթարկեցին վանդալիզմի՝ վրան տեղադրելով ադրբեջանական դրոշը: Հայտարարություններ են արվում նաև այն ոչնչացնելու մասին:

Ավելին, ադրբեջանական իշխանություններն այժմ ինտենսիվ քարոզում են Հայկական Առաքելական միջնադարյան վանքերը, հոգևոր կենտրոններն ու եկեղեցիները ներկայացնելու՝ որպես «հայերից ազատագրված աղվանական մշակութային ժառանգություն»:

Կարդացեք նաև

Մասնավորապես, թշնամին անմիջապես թիրախավորեց Արցախում գտնվող, հայկական Առաքելական Գանձասարի (13-րդ դար), Ամարասի (4-րդ դար) ու Դադիվանքի (9-րդ դար) վանական համալիրները: Հայտարարվեց, թե իրենք հայերից «ազատագրել են աղվանական նշանավոր ուխտատեղիները»:

Այս հայտարարություններին արդեն հետևեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հակագիտական թեզերի տարածումը՝ պաշտոնական ու լրատվական հարթակների միջոցով: Հայտարարվեց, թե առաջիկայում պատրաստվում են տարբեր մասնագետների ու պատմաբանների տանել և տեղում ներկայացնել իբր հայերի իրականացրած «զեղծարարությունները»:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, հակադարձելով ադրբեջանական զառանցանքներին, փաստում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը փոխել է մշակութային կոթողների ոչնչացման իր նախկին բացահայտ քաղաքականությունը:՝ Այս դեպքում, փորձագետի գնահատմամբ, նկատի ունենալով եվրոպական կառույցների հնարավոր արձագանքը բարբարոսություններին՝ այդ երկրի իշխանությունները գնում են ուծացման ճանապարհով՝  «աղվանականացնելով» հայկական ժառանգությունն ու հայտարարելով, թե դրանք հայկական չեն:

«Ադրբեջանը չի ասում, որ պայթեցնելու է Ամարասի վանքը, ինչպես ժամանակին վարվել է Քարվաճառի բազմաթիվ վանքերի ու հուշարձանների հետ: Իրենք հայտարարում են, թե «կան օկուպանտական հետքեր, իբր հայերը հետագայում են այդ ամենը փորագրել», ինչը պարզապես անհեթեթություն է: Ադրբեջանը դիմում է նաև մեկ այլ՝ ավելի խորամանկ քայլի: Ասում է՝ դիմելու են միջազգային մասնագետներին ու փորձագետներին, ու իրենք են ասելու՝ տեսե՛ք, այս արձանագրությունը ոչ թե 12-րդ դարի է, այլ 19-րդ դարում մի հայ է ստորագրել: Սա նույնպես անհեթեթություն է: Բա եթե հայկական չեն, հայկական հետքերն այնտեղ ի՞նչ են անում… «դրանք էլ հետո են արել, եկեք՝ դրանք էլ քերեք…»,- փորձագետը հնչեցնում է ադրբեջանական ավանդական ստահոդ թեզերը:

Մասնագետի խոսքով՝ աղվանական եկեղեցին, որը 5-րդ դարից սկսած ներառել է նաև Արցախը և Ուտիքը, եղել է ոչ թե էթնիկ, այլ կրոնական կազմակերպություն, ու նրա հիմնական կրոնական միջուկը եղել է արցախահայությունը՝ հենց իր ձևավորումից սկսած:

Աղվանական ամենաէական հետքը, ըստ Պետրոսյանի, աղվաներեն գրությունները պետք է լինեին, որոնք այդ ամբողջ տարածքում պարզապես բացակայում են ու գոյություն չեն ունեցել: Պետրոսյանը շեշտում է, որ Ադրբեջանը որևէ ձևով կապված չէ Աղվանքի հետ, բացի նրանից, որ այժմ այդ երկիրը տեղակայված է Աղվանքի տարածքն ընդգրկող հողերում:

«Արցախի ճարտարապետությունը որոշ դեպքերում յուրօրինակ է, բայց այդ յուրօրինակությունը կապված է եղել Աղվանից եկեղեցու դիրքորոշումների հետ: Իսկ այդ գործիչները եղել են հայեր, խոսել ու գրել են հայերեն»,- ասաց հնագետը:

Որպես շարունակություն՝ Հայաստանի Ճարտարապետների պալատի պատասխանատու քարտուղար Մկրտիչ Մինասյանը 168.amի հետ զրույցում շեշտեց, որ Գանձասարը, Ամարասն ու Դադիվանքը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներն են ու միմյանց հետ կապված  են՝ ինչպես քարերի մշակման, հատակագծային լուծումների, մակագրությունների, այնպես էլ՝ ռելիեֆային առումով: Ճարտարապետը որպես հավելում՝ հայտնեց, որ հայկական եկեղեցիները որևէ եկեղեցուց չեն ունեցել որևէ ազդեցություն: Ընդհակառակը՝ օրինակ, մեր Մայր տաճարն է ներշնչանքի աղբյուր դարձել եվրոպացիների համար:

«Ադրբեջանցիները հայտարարում են, թե դրանք աղվանական ծագում ունեն, որը որևէ տեղում ֆիքսված չէ, այդպես բոլորն էլ կարող են շատ բան հայտարարել»,- ասաց նա:

Այս առումով, մեր զրուցակիցը հայտնեց, որ Հայաստանի Ճարտարապետների պալատը գրությամբ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ բարձրաձայնելով ագրեսոր երկրի կողմից հուշակոթողների ոչնչացման ու վերափոխման գործընթացի խնդիրները: Արդյունքը, սակայն, նրա խոսքով՝ զրոյական է:

«Ես փորձի հիման վրա գիտեմ: Երբ Ջուղայի խաչքարերը քանդում էին, այնտեղ ապացուցելու խնդիր էլ չկար դրանց հայկականության մասով, այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը եկավ այն ժամանակ, երբ այդ 3000 խաչքարն արդեն ամբողջությամբ քանդված էին, ու որևէ մեկը չէր մնացել: Եկավ, ինչ-որ բաներ ասաց՝ «հա, շատ ափսոս է…», ու գնաց: Հիմա էլ գրեթե որևէ բան չի փոխվել: Մեր հույսը միայն մենք ենք»,- ասաց ճարտարապետը՝ հավելելով, որ պետք է պարզապես հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել այդ խնդիրների վերաբերյալ:

Այս տեսակետը հաստատեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը: Նա 168.am-ի հետ զրույցում փաստեց, որ հուշարձանների պահպանության հարցը հիմնվում է տվյալ երկրի ցանկության վրա: Այսինքն, այժմ ադրբեջանական տիրապետության տակ գտնվող հուշարձանների պահպանության գործուն միակ քայլը մնում է համակարգային ու «ագրեսիվ» տեղեկատվական գործընթաց իրականացնելը՝ ընդդեմ մշակութային արժեքների ոչնչացման:

«Դրա դեմ պայքարելու ձևերից մեկն այն էր, որ մենք այնտեղ լինեինք ու չթողնեինք, որ կոթողները ոչնչացվեին կամ վտանգվեին: Այդ տարբերակն այլևս բաց ենք թողել: Մյուս տարբերակն էլ այն է, որ մենք պետք է հանրայնացնենք, թե մշակութային ինչ ժառանգություն ունենք Արցախում, ու ադրբեջանական կողմից ցանկացած հակամշակութային գործողության դեպքում այդ փաստերը մեկ առ մեկ ներկայացնենք՝ ինչպես մեր ներքին, այնպես էլ՝ օտարալեզու արտաքին լսարանին՝ խնդրին տալով միջազգային հնչողություն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այլ տարբերակ չկա, քան Ադրբեջանի վրա ճնշում գործադրել միջազգային մշակութային ժառանգությունների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու գիտական շրջանակների միջոցով:

Այս համատեքստում, Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, Հայաստանում արդեն իսկ ձևավորվել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկումն իրականացնող եռալեզու ակադեմիական աշխատանքային խումբ-հարթակը, որի միջոցով բազմաթիվ նյութեր են հրապարակել Արցախում ադրբեջանական վանդալիզմի վերաբերյալ:

Այդպիսի մի հարթակ էլ՝ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» անվամբ, ստեղծվել է արտերկրում: Այստեղ վերհանվում են՝ ինչպես Նախիջևանի, այնպես էլ՝ խորհրդային տարիներին Ադրբեջանի իրանացրած մշակութային վայրագությունների փաստերը: Մասնագետների գնահատմամբ, այս աշխատանքներն ավելի ինտենսիվ կատարելու պարագայում՝ դրանք կարող են միջազգային հարթակներում հարցի բարձրացման կարևորագույն աղբյուրներ դառնալ՝ Ադրբեջանի դեմ հստակ քարոզչական գործունեություն ծավալելու համար:

Այդուհանդերձ, մասնագետները միասնական տեսակետ հայտնեցին, որ Արցախում մեր մշակութային կոթողների պահպանության ուղղությամբ հիմնական պայքարը տանում են անհատ-կազմակերպությունները, կամ առանձին անձինք: Համոզմունք հայտնեցին, որ գործընթացում ավելի մեծ հաջողության հնարավոր կլիներ հասնել պայքարի միասնական հարթակ ստեղծելու դեպքում:

Այդուհանդերձ, առանձնահատուկ ուշադրության է արժանի ադրբեջանական կեղծ հայտարարություններին միացած՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմական քարտուղար Ալեքսեյ Նիկոնորովի հայտարարությունը:

Նա, խոսելով Գանձասարի և Ամարասի վանական համալիրների մասին, հայտարարել էր, թե «դրանք Կովկասյան Աղվանքի ճարտարապետության լավագույն օրինակներն են և մշտապես եղել են Կովկասյան Աղվանքի հոգևոր և մշակութային կենտրոններ»:

Որպես հավելում՝ Ադրբեջանում ռուսական եկեղեցու ներկայացուցիչն ասել էր, թե «նրանք, ովքեր իրենց այնտեղ տեր ու տիրական էին զգում, այդպես էլ չկարողացան անցած 30 տարիների ընթացքում լցնել այդ վանքերը հոգևոր և կրոնական կյանքով, այլ միայն կարողացան արտադրել 3 աստղանի Գանձասար կոնյակը»:

Նրա  այս հայտարարությունների մասին Հայաստանում Ռուսական Ուղղափառ եկեղեցու տեսակետն իմանալու նպատակով, 168.am-ը կապվեց Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու քահանա, Հայաստանում պատրիարքական ծխերի դեկան, Սուրբ Աստվածածնի բարեխոս եկեղեցու առաջնորդ Արսենի վարդապետ Գրիգորյանցի հետ: Նա վստահեցրեց, որ այդ անձի հայտարրությունը որևէ կապ չունի ռուսական եկեղեցու տեսակետի հետ:

«Հայր Ալեքսեյի բոլոր հայտարարությունները բացարձակապես չեն արտահայտում Ռուսական Ուղղափառ եկեղեցու տեսակետը: Ռուսական Ուղղափառ եկեղեցին չի կարող աջակցել ոչ գիտական ու կողմնակալ ինչ-որ կեղծ «իմաստության» դրսևորումները: Դա ոչ թե Ռուսական Ուղղափառ եկեղեցու, այլ այդ մարդու անձնական տեսակետն է: Թե ինչն է դրա դրդապատճառը՝ չեմ կարող ասել, բայց այդ հայտարարություններն իրականության ու գիտության հետ որևէ կապ չունեն»,- պնդեց Հայաստանում Ռուսական Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակների վերջին արձանագրությունների համաձայն,  2020 թվականից առ այսօր թշնամու վերահսկողության տակ է մնացել 4115 հուշարձան։ Ընդ որում, մի քանի հարյուր հուշաքարեր, ավերված եկեղեցիներ, խաչքարեր, արձանագիր քարեր ու այլ մշակութային ժառանգություն հաշվառվել են 2020 թվականի պատերազմից հետո: Ըստ այդմ, այսօրվա դրությամբ, Արցախում հաշվառվում է ավելի քան 6000 հուշարձան:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031