Հայաստանում անցկացվող HOPE 2023 ուսումնավարժանքը կնպաստի աղետների ռիսկի կառավարմանն ու նվազեցմանը
Հայաստանում մեկնարկել է HOPE 2023 ուսումնավարժանքը, որը կնպաստի աղետների ռիսկի կառավարմանն ու նվազեցմանը:
2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում կանցկացվի «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» HOPE 2023 լայնամասշտաբ ուսումնավարժանքը:
Աղետին արձագանքելու նպատակով վարժանքին մասնակցելու են ավելի քան 300 փրկարարներ և փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մոնտենեգրոյից և Հյուսիսային Մակեդոնիայից։
HOPE 2023 վարժանքի ղեկավարի տեղակալ, ծրագրի հայաստանյան համակարգող, փրկարար ծառայության գնդապետ Արմինե Հարությունյանն ընդգծեց, որ իրականությանը մոտ սցենարը կօգնի կազմակերպել որոնողափրկարարական վարժանք Երևանի մետրոպոլիտենի տարածքում և Կոտայքի մարզում, որը տուժել է ավերիչ երկրաշարժից:
«Մշակութային ժառանգության հուշարձաններում, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումներին զուգահեռ իրականացվող գործողությունները կօգնեն բարձրացնել համակարգված և միասնական գործողությունների կարողությունները և բարձրացնել հանրային իրազեկությունը»,-ասաց Արմինե Հարությունյանը:
Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ, Փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արմեն Գևորգյանը նշեց, որ Լուսակերտում արդեն ունեն ուսումնաբազա, որտեղ ծավալել են համապատասխան վրանային ավան, որտեղ թիմերը շարունակում են ներկայանալ, ինչից հետո կմեկնարկեն բուն վարժանքները:
«Մենք փորձելու ենք վարժանքը մի փոքր ավելի իրատեսական դարձնել, հատուկ ստեղծվել են երկրաշարժի հետևանքով առաջացող փլատակներ: Բավականին բարդ տեղամասեր ունենք, որ ներկայացող թիմերն ամբողջ ծավալով պետք է կարողանան աշխատել և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել: Իհարկե, ժամանող թիմերը մոտավորապես գիտեն, թե որտեղ են մեր տեղամասերը, բայց այս պահի դրությամբ հայկական թիմից սկսած բոլոր ժամանող թիմերը չգիտեն, թե որ թիմը որտե՞ղ է աշխատելու, ի՞նչ դժվարությունների է հանդիպելու և ի՞նչ արգելքներ է հաղթահարելու»,-ասաց Գևորգյանը:
Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության պատասխանատու Ֆրեդերիկ Հորալդը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ նման լայնամասշտաբ վարժանքը կարող է խթանել համագործակցությունը Հարավային Կովկասում և նպաստել աղետների ռիսկի նվազեցմանը և աղետների ռիսկի կառավարմանը՝ անընդհատ փոփոխվող և մարտահրավերային ժամանակակից իրողության մեջ ավելի բարձր պատրաստվածություն ունենալու համար։
«Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և ստեղծվել է շուրջ 20 տարի առաջ և հիմանական նպատակն է միավորել ազգերին և համերաշխությունը տարածել: Հիմնական նպատակն է զարգացնել համագործակցությունը, որպեսզի ազգերը ցանկացած տիպի աղետներ ժամանակ միասին լինել և հաղթահարեն ստեղծված իրավիճակը»,-ընդգծեց Ֆրեդերիկ Հորալդը:
Լայնամասշտաբ վարժանքը «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի հիմնական միջոցառումն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության՝ DG-ECHO կողմից UCPM–ի՝ Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով (այսուհետ՝ UCPM-2021-EXT)։ Այս ծրագրի համակարգող կազմակերպությունն է Կիպրոսի Եվրոպական համալսարանը՝ CERIDES-ը։ Վարժանքն անցկացվում է Հայաստանում ՀՀ ՆԳՆ ՓԾ գլխավորությամբ։ HOPE FSX կոնսորցիումը ներառում է ակադեմիական, քաղաքացիական պաշտպանության և մասնավոր կազմակերպություններ Հայաստանից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մոնտենեգրոյից և Հյուսիսային Մակեդոնիայից: Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նույնպես մասնակցում է վարժանքին: