Բաժիններ՝

Հայաստանում կստեղծվի ինտերնետի կառավարման համաժողով

Այս տարի Հայաստանում նախատեսված է մշակել Ինտերնետ կառավարման սկզբունքները: Դրանց մշակումը և հետագա զարգացումը Հայաստանին հնարավորություն կտան միջազգային Ինտերնետ կառավարման ֆորումին (Internet Governance Forum) մասնակցությունն ավելի պատշաճ կերպով իրականացնել:

Այս ամենի համար Հայաստանում կստեղծվի Ինտերնետի կառավարման համաժողով (ֆորում), որը որոշումներ կկայացնի և հետագայում միջազգային ֆորումին կներկայացնի Հայաստանի տեսակետը` Ինտերնետի կառավարման հարցում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Նրա կարծիքով` հաշվի առնելով բոլոր ինտերնետ-մասնակիցների շահերը, նպատակահարմար է ստեղծել այնպիսի համակարգ, որպեսզի բոլորը մասնակցեն և առաջարկեն իրենց մոտեցումները, որն էլ հենց կդառնա հիմնական գործունեության ծրագիրը և հետագա քաղաքականության հիմքը:

«Միջազգային ինտերնետ կառավարման համաժողովն ընդգրկում է ինչպես՝ պետական, այնպես էլ՝ մասնավոր և հասարակական հատվածի ներկայացուցիչների տեսակետները, ուստի տրամաբանական է, որ նույն մոտեցումները կարելի է ակնկալել Հայաստանի ինտերնետի կառավարման համաժողովում: Արդյունքում` կմշակվեն ինտերնետի կառավարման հիմքերն ու սկզբունքները, ինչը մեզ հնարավորություն կտա իրականացնել Թունիսյան հանդիպման ընթացքում ընդունված հիմնական սկզբունքները»,- ասաց Գ. Սաղյանը:

Հարցին, թե արդյո՞ք այդ ամենը կբերի մեր երկրում ինտերնետից օգտվելու սահմանափակումների, օրինակ` ինչպես Իրանում կամ Չինաստանում, և, ընդհանրապես, ինչպես է այն առնչվելու սովորական օգտատերերիս հետ, կամ ինչ է տալու նոր ֆորումի  ստեղծումը, «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի փոխնախագահը  պատասխանեց.

«Այսօր մենք տեսնում ենք ինտերնետի և հեռուստատեսության միավորում, ինտերնետ հեռարձակումը բավականին ավելացել է, և հազարավոր մարդիկ ուղիղ ինտերնետային հեռարձակմամբ հետևում են տարբեր միջոցառումների: Եվ, եթե հեռուստատեսությունը կարգավորվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, ապա ինտերնետի դեպքում նման հանձնաժողով չկա: Իսկ թե արդյո՞ք անհրաժեշտ է, և արդյո՞ք հնարավոր է  նման ֆորումի ստեղծումն ինտերնետի պարագայում` ինտերնետում բացասական բովանդակության համար պայքարելու, կամ երեխաներին բացասական ազդեցությունից պաշտպանելու համար, և այլն, որոշում է Հայաստանի հանրությունը»,- ասաց Գ. Սաղյանը:

Նրա խոսքով` տարբեր երկրներ այս հարցին տարբեր կերպ են մոտենում, որոշ երկրներ, օրինակ` Իրանը, Չինաստանը, նախընտրում են արգելափակել այն՝ ղեկավարվելով իշխող կուսակցության կամ հոգևոր առաջնորդների որոշումներով,  իսկ որոշ երկրներ էլ, օրինակ` ԱՄՆ-ը, նախընտրում է դատական համակարգի միջոցով այդ հարցերը լուծել: Այս հարցի առնչությամբ Եվրոպայում այժմ մոտեցումներ են մշակվում դատական մարմինների մասնակցությամբ:

«Կարծում եմ, Հայաստանը հավանաբար կգնա հենց եվրոպական ուղով, քանի որ մենք աշխատանքներ ենք տանում, օրինակ` մեր օրենսդրությունը եվրոպականին ներդաշնակեցնելու համար»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ Եվրոպայում այս հարցի շուրջ դեռ հստակ մոտեցում չկա, և դեռևս քննարկումներ են ընթանում:

Գ. Սաղյանի խոսքով` աշխարհն ունի ինտերնետի կառավարման խնդիր, քանի որ ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, ուստի հենց կյանքն է ստիպում մշակել  նոր մոտեցումներ: Այդ ամենն է պատճառը, որ Թունիսյան դեկլարացիայի 72-րդ հոդվածի համաձայն` որոշվել է ուշադրություն դարձնել ինտերնետի կառավարմանը 12 ուղղություններով:

«Խնդիրները շատ են, և ինտերնետի տարածման հետ զուգահեռ՝ գնալով դրանք շատանում են, և կարևոր է, որպեսզի ինտերնետը լինի վստահելի միջավայր, իսկ մարդիկ լինեն սադրանքներից և հանցագործություններից պաշտպանված»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ ինտերնետը բազմապրոֆիլային երևույթ է, որի կառավարմանը պետք է մասնակցենք բոլորս:

Տեղեկացնենք, որ 2005-ից մինչև օրս Թունիսյան 6 հանդիպումների ժամանակ ուղենշվել են մի շարք ուղղություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել և կարգավորել, սակայն մինչ օրս այս ուղղությամբ տարբեր երկրների կարծիքները տարբեր են, ուստի վերջնական որոշում այս ուղղությամբ դեռևս չկա, և միգուցե տեսանելի ապագայում համաշխարհային մակարդակով միասնական կարծիք հնարավոր չլինի ձևավորել: Հայաստանյան նոր ստեղծվելիք կառույցը նպատակ ունի համախմբել ինտերնետի կառավարման վերաբերյալ հայաստանյան կարծիքները և դրանք ներկայացնել միջազգային հանրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս