Եթե Փաշինյանի մտահոգությունը լիներ բացառապես ՀՀ անվտանգությունը՝ նա ուրիշ քաղաքականություն կվարեր ՌԴ-ի նկատմամբ. քաղաքագետ
Մի քանի օր է՝ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների ուշադրության կենտրոնում է սահմանին ադրբեջանական ԶՈՒ-ակտիվությունը, զինտեխնիկայի ու զորքի կուտակումները: Վերջինին զուգահեռ՝ Հայաստանից շարունակում են հնչել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնող հայտարարություններ:
Հայկական կողմը նաև ՀԱՊԿ զորավարժությունների մասնակցելու հայտը մերժելուց հետո հայտարարեց, որ մասնակցելու է հայ-ամերիկյան զորավարժություններին: Սրանից բացի՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը մեկնեց Ուկրաինա՝ խախտելով ռուս-ուկրաինական պատերազմում հայկական կողմի որդեգրած նեյտրալ դիրքորոշումը:
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում վերահաստատեց տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը սահմանի երկայնքով կուտակում է զորքեր և տեխնիկա, ապա նշեց՝ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում խիստ սրվել է: Սակայն դիմելով միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներին՝ միջոցներ ձեռնարկելու տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար, չմոռացավ խոսել «խաղաղության օրակարգին» տված իր հավատարմության մասին:
Այս իրավիճակում ի՞նչ հնարավոր սցենարներ պետք է սպասել, և հնարավոր էսկալացիայի դեպքում՝ ո՞ւմ վրա պետք է իր հույսը դնի Հայաստանը՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանին:
Քաղաքագետի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական հնարավոր էսկալացիայի դեպքում հավանական է, որ Հայաստանը չունենա որևէ դաշնակից, աջակից՝ նկատի ունենալով նաև վերջին շրջանում առկա հակառուսական համատեքստը: Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանն ակնհայտ քայլերով փորձում է խզել ՌԴ հետ հարաբերությունները:
168.am-ի դիտարկմանը, թե ՌԴ աջակցությունն այս իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները համարում են թերի, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի օրերին, քաղաքագետն արձագանքեց. «Ես կընդունեի, որ ՌԴ-ն 44-օրյա պատերազմից հետո գրեթե չի աջակցել, բայց պատերազմի ժամանակ բավականին լուրջ զենքի մատակարարում է տեղի ունեցել:
Այն, որ այս իշխանություններն ավելի կգերադասեին պարտվել, քան ՌԴ-ի հետ աշխատել, դա պարզ էր իրենց աշխատելաոճից, բայց սա չի նշանակում, որ ՌԴ-ն չի օգնել: ՌԴ-ն օգնել է, ուղղակի այն վարած քաղաքականությունը, որը եղել է, նպաստել է պարտությանը:
Նաև, իհարկե, պետք է նշել, որ Թուրքիան Ադրբեջանին ավելի է օգնել, քան Ռուսաստանը՝ Հայաստանին, բայց մենք չենք կարող նման դաշնակից ունենալ, (որովհետև նրանք նույն ազգն են), և հետո` Թուրքիան այնքան չէր ուզում Ադրբեջանին օգնել, ինչքան Հայաստանին կոտրել (այսինքն՝ այստեղ մենք չպետք է նպատակները շփոթենք):
Բայց, ամեն դեպքում, մեղադրել մեր պարտության մեջ ՌԴ-ին, սխալ է»:
Հստակեցմանը՝ իսկ առհասարակ կարելի՞ է մեղադրել ՌԴ-ին և որպես դեմարշ՝ հումանիտար բեռներով գնալ Ուկրաինա, հարցազրույցներ տալ այդ շեշտադրումներով, հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից և նախապատրաստվել հայ-ամերիկյան զորավարժություններին, Հրանտ Միքայելյանն արձագանքեց.
«Պարզ է, որ այս իշխանությունը մտադիր է այս պայմաններում խզել ՌԴ-ի հետ հարաբերությունները, այսինքն՝ գործարքի գնալ Արևմուտքի հետ: Ուրիշ հարց, որ Արևմուտքն իր կողմից նման լուրջ մտադրություն չունի, բայց իրենց համար ցանկալի է, որ Հայաստանն իր կողմից անի դա:
Եթե Փաշինյանի մտահոգությունները լինեին բացառապես ՀՀ անվտանգությանն առնչվող հարցերը, ապա նա ուրիշ քաղաքականություն կվարեր ՌԴ-ի նկատմամբ: Սա աշխարհաքաղաքական մրցակցություն է, և այն, որ Փաշինյանը խաղում է ոչ թե ՀՀ շահերից ելնելով, այլ Թուրքիայի՝ պարզ է:
Բայց այստեղ գալիս է ուրիշ հարց՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է այս տարածաշրջանի համար պայքարել Թուրքիայի և ԱՄՆ-ի դեմ, թե՞ ՌԴ-ի կարծիքով՝ այս դերը պետք է միայն Հայաստանը կատարի: Եթե մենք աշխարհաքաղաքական տեսանկյունից վերլուծենք, ապա Ռուսաստանը գոնե ադեկվատ կոմունիկացիա պետք է սահմաներ բնակչության հետ, ինչը ևս չի արվում:
Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք. Հայաստանի իշխանությունը ՀՀ շահերը չի պաշտպանում, իսկ ՌԴ իշխանությունը վարում է ներկա իրավիճակին ոչ ադեկվատ քաղաքականություն»:
Մեր զրուցակիցը ցավով արձանագրեց, որ նման իրավիճակը հեռանկարում ենթադրում է, որ Հայաստանը՝ որպես աշխարհաքաղաքական գործոն, կարող է չլինել. ըստ նրա՝ «խաղաղության օրակարգը» հենց այդ մասին է:
««Խաղաղության օրակարգը» Հայաստանի՝ իր շահերից հրաժարումն է. այսինքն՝ այդ օրակարգը չի ենթադրում Ցեղասպանության հարցում պահանջատիրությունը, Արցախյան պայքարի պաշտպանությունը և այլն, հակառակը՝ ենթադրում է, որ Հայաստանը բոլոր հարցերում զիջելու է,- նշեց քաղաքագետը՝ նկատառմամբ,- Եթե Ռուսաստանում կա ադեկվատ քաղաքականություն, գիտակցություն, որ պայքարը տեղի է ունենում այս տարածաշրջանի համար, ապա նրանք պետք է քայլեր ձեռնարկեն՝ այդ թվում Արցախը ապաբլոկավորելով»:
Անդրադառնալով սահմանային կուտակումներին, հնարավոր էսկալացիայի մասին վերջին օրերի քննարկումներին՝ նա շեշտեց. «Ադրբեջանն այս պահի դրությամբ, Հայաստանի իշխանությունների անգործության պայմաններում, հասել է իր համար ցանկալի վիճակի: Ադրբեջանին Հայաստանն այլևս չի զսպում: Ի՞նչն է Ադրբեջանին զսպում. որոշակիորեն համաշխարհային համատեքստը, ազդեցությունները, ճնշումները և այլն, սակայն դրանք կարող են բավական չլինեն՝ մանավանդ, եթե դրսում դարձյալ բացասական զարգացումներ տեղի ունենան, ու ամբողջ աշխարհը շեղվի՝ ինչպես կովիդի համավարակի ժամանակ, կամ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում»: