Գյալմաների ժամանակը
Շրջափակման պայմաններում գտնվող Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ձեռնամուխ է եղել ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի բեմադրությանը:
Չնայած ստեղծագործությունը պատմում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող մարդկանց առջև ծառացած ծանր վիճակի, այդ իրավիճակում մարդկային որակները պահելու դժվարությունների մասին, ակնհայտ է, որ ներկայիս պայմաններում բեմադրության հասցեատերը ոչ թե նախորդ դարի, այլ ժամանակակից ֆաշիստներն ու նրանց հանցակիցներն են:
Ֆաշիստների մասով ամեն ինչ ավելի պարզ է` դա Ադրբեջանի իշխող ռեժիմն է` Ալիևի գլխավորությամբ, որը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի ենթարկում է սովամահության և ցեղասպանության ամենաիսկական սպառնալիքի:
Շատ ավելի բազմաշերտ է ադրբեջանական ֆաշիզմի ուղղակի և անուղղակի հանցակիցների շրջանակը, որի մեջ մտնում են՝ ինչպես Ադրբեջանի հետ ստվերային պայմանավորվածություններ ունեցող Հայաստանի և Արցախի իշխանության ներկայացուցիչներն ու նրանց տեղական աջակիցները, այնպես էլ, այդ թվում՝ չգիտակցված կերպով Հայաստանում և Հայաստանից դուրս Արցախի համար օրհասական այս պահին խրախճանքներ կազմակերպողներն ու դրանց մասնակիցները:
Հանցավորության չափի առումով, իհարկե, Ադրբեջանի իշխանության ու նրանց հայկական սպասավորների և անգիտակից խրախճամոլների միջև տարբերություն կա: Բայց երևութական իմաստով հայրենակիցների խրախճանքն Արցախի սովամահության օրերին գուցե շատ ավելի սահմռկեցուցիչ է ու նվաստացուցիչ: Որովհետև եթե Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությամբ իրականացնում է Արցախի ֆիզիկական շրջափակում, ապա Հայաստանում ու այլուր զվարճացողներն արցախահայերին շրջափակում են հոգեբանորեն, աննյութեղեն հարթությունում, որն իրականում շատ ավելի մեծ հարված է Ադրբեջանի հավածներին արժանապատվորեն դիմակայող Արցախի ժողովրդի համար:
Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի ուղերձն այսպիսով ուղղված է ոչ միայն և ոչ այնքան՝ Ադրբեջանի ֆաշիստներին, որքան ֆաշիզմն իրենց անտարբերությամբ, իսկ որ ավելի նողկալի է՝ նաև խրախճանքով նորմալ համարողներին։ Այդ առումով ուղերձի ամենաառաջին հասցեատերը Հայաստանի իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը, ի դեպ, կարող է դասվել նաև վերը նշված առաջին շրջանակի շարքին՝ ստվերային հանցակցության մասով։ Բանն այն է, որ հենց Հայաստանի իշխանությունն է ամենաբարձր մակարդակով կազմակերպում, աջակցում և խրախուսում Հայաստանում հենց այս օրերին անցկացվող ամենատարբեր փառատոները, համաժողովները, զվարճանքները, որի գագաթնակետը երևի լինելու է տխրահռչակ Սնուփ Դոգի համերգը։
Խնդիրը, իհարկե, առանձին վերցրած փառատոները չեն և ոչ էլ որևէ երգչի անուն-ազգանուն, անգամ իր արժեքից մի քանի անգամ բարձր վարձատրվող ռեփերը։
Ավելի սարսափելի է այն, որ Հայաստանի կառավարության կողմից կազմակերպվող, քաջալերվող ու գովազդվող այդ բոլոր միջոցառումներն Արցախում ստեղծված հումանիտար աղետի, արդեն իսկ սովամահության արձանագրված դեպքերի համապատկերում հենց «գիշատիչների խնջույքի» դասական օրինակներ են։ Որովհետև գիշատիչներ են ոչ միայն ուրիշի կյանքի հաշվին քաղաքական խնդիրներ լուծողները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր նույն այդ պայմաններում մասնակցում են խրախճանքների՝ իրենց անտարբերությամբ բազմապատկելով իրական գիշատիչների պատճառած ցավը։
Արվեստի լեզուն երբեմն շատ ավելի հնչեղ է, քան ամենաբարձրագոչ քաղաքական ճառերը։ Արվեստի միջոցով հղվող ուղերձներն էլ, որ ոչ թե ուղղակի են, այլ ենթատեքստային, մտածելու առիթ տվող, շատ ավելի ազդեցիկ են, քան ֆորմալ հայտարարություններն ու կոչերը։
Այս դեպքում, սակայն, միակ պրոբլեմն այն է, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը բեմադրության միջոցով ուղերձ է հղում մեկին, ում համար բոլոր արվեստներից ամենասիրելին ուտելու ցուցադրությունն է, իսկ բեմադրություններից՝ ամենաշատ դիտածը՝ «Կարգին Հաղորդումը»։
Իրականում Երևանում ընթացող «գիշատիչների խնջույքը» խրախճանք է ոչ միայն Արցախի ցավի ու արցախահայերի դժբախտությունների, այլ նաև հայկական պետականության գահավիժման պայմաններում։
Խրախճանքի մասնակիցները Հայաստանի պետության ու պետականության հետ վարվել են ու շարունակում են վարվել անտառում անպաշտպան որս գտած գիշատչի հանգույն, ինչի պատճառով նաև Արցախն այսօր հայտնվել է ադրբեջանական գիշատիչների ճիրաններում։
Հարություն Ավետիսյան