Բավարա՞ր է Հայաստանին 20 գիտնականը

2013թ. գիտության ծախսերի համար բյուջեից տրամադրվել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ: Սա 1մլրդ 68 մլն դրամով ավելի է նախորդ տարի հատկացված գումարից: Որքան էլ այս թվերն արտասանելիս դրանք մեծ են թվում` այսքան միլիարդ ու այսքան միլիոն, ամեն դեպքում, պարզ երևում է` գիտությունը Հայաստանում չի զարգանում: Համոզվելու համար բավական է տեսնել, թե աշխատավարձ ստանալիս ի՞նչ գումարի դիմաց է ստորագրում գիտնականը` 65.000 դրամ (սա է առաջատար գիտաշխատողի դրույքաչափի սանդղակի ներքևի սահմանը): Եվ այս թիվն է պատճառը, որ շատ գիտնականներ տարվա մեծ մասը ստիպված են անցկացնել արտերկրում` լուծելու օրվա հացի խնդիրը: Այդպես, տարվա մեծ մասն արտերկրում է անցկացնում նաև ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը:
– Հետաքրքիր է Ձեր` գիտնականի տեսակետը` որքանո՞վ է դասադուլը միջոց` արտահայտելու ուսանողների անհամաձայնությունը նախագահական ընտրությունների արդյունքի, ՀՀ քաղաքացիների ընտրելու` ոտնահարված իրավունքի դեմ: 
– Ինչպեսև սպասվում էր, իշխանությունները կատարեցին զանգվածային կեղծիքներ: Բայց կա դրական կողմ. ժողովուրդն արթնացավ և ցանկանում է փոփոխություններ: Ուսանողությունն այս ընթացքների ջահակիրն է, և դա բնական է: Բայց շատ կարևոր է միջին սերնդի, և հատկապես մտավորականության սատարումն այն ընթացքին, որը միտված է բերելու նոր մտածողություն և բարոյականություն: Այն, ինչ կատարվում է համալսարաններում, ցույց է տալիս, որ այդ ուսումնական հաստատությունները վերածվել են կալանավայրերի` սրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Երբ խոսքը երկրի և ազգի լինել-չլինելու մասին է, ես կողմ եմ ուսանողության դասադուլներին և գտնում եմ, որ, եթե բոլորը մասնակցեին, ապա այս ռեժիմն ավելի արագ կկազմաքանդվեր:
– Հայաստանից Ձեր և Ձեր շատ գործընկերների երկարատև բացակայությունը ստիպում է կարծել, որ գիտության ֆինանսավորմանն ուղղված բյուջեն առատաձեռնորեն չի կազմվել: 
– Երբ խոսում եմ Հայաստանի գիտության և մշակույթի մասին, առաջին հերթին նկատի եմ առնում դատարկվող գյուղերը, աննախադեպ արտագաղթը, այլասերումը, աղետի գոտին, Արցախի և ցեղասպանության հարցերը, և այլն: Այս խնդիրների լուծման բանալին ուսյալ խավի` մտավորականության ձեռքում է: Ճշմարտություն է, որ Խորհրդային շրջանում Հայաստանը և հայ ժողովուրդն ունեցան չափազանց մեծ առաջընթաց բոլոր ոլորտներում, ներառյալ` ժողովրդագրական: Այս ամենը` շնորհիվ գիտության և կրթության նկատմամբ պետության կողմից իրականացված ճիշտ քաղաքականության, որն, առաջին հերթին, արտահայտվում էր ոլորտում մեծածավալ ֆինանսական ներդրմամբ:
– Աշխարհում կա գիտության ֆինանսավորման փորձ` որքան գումար բյուջեից պետք է տրվի գիտությանը, որպեսզի գիտությունը զարգանա կամ պահպանվի:
– Այո՛, դա, նվազագույնը, կազմում է ՀՆԱ-ի 3 տոկոսը: Այդ իմաստով, Հայաստանում բյուջեի 0,24 տոկոսը, որը հատկացվում է գիտությանը, չափազանց փոքր է: Կա մյուս խնդիրը` ինչպես է բաշխվում այս 0,24 տոկոսը, և ովքե՞ր են տնօրինում այդ գումարը: Իսկ գումարը շատ վատ է տնօրինվում: Սա էլ բերում է ակտիվ ստեղծագործ գիտական կադրերի արտահոսքի: Ամեն անգամ, երբ ստիպված եմ դուրս գալ երկրից, ուղղակի սթրես եմ ապրում: Նախ` այն տարիքում եմ, երբ ավելի ակտիվորեն կարող էի աշխատել այստեղ, նոր սերունդ պատրաստել և ոչ թե գնալ այլ երկրներ` հանապազօրյա հաց վաստակելու:
– Ներեցեք, որ ստիպված եմ հետաքրքրվել` որքա՞ն է կոնկրետ Ձեր աշխատավարձը: 
– Այսօր ԳԱԱ-ի համակարգում առաջատար գիտական աշխատողը, որն ունի ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան, ստանում է 65.000 դրամ` գումարած 20.000 դրամ` դոկտորական կոչման համար: Պահումներով` համախառն ստացվում է 75.000 դրամ աշխատավարձ: Այսօր ականատեսն ենք Հայաստանի գիտության և մշակույթի աննախադեպ արագացված քայքայման ընթացքին: Դա մտածվա՞ծ է կատարվում, թե՞ այդպես է ստացվում վատ կառավարման հետևանքով, ինձ համար միևնույն է: Այս երևույթի հիմքը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, որն այնուհետև նույն ավյունով շարունակել են հաջորդ երկու նախագահները: Ի դեպ, մեր վարչապետներից ամենաինտելեկտուալը` Հրանտ Բագրատյանը, որը վերջերս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ գիտության ֆինանսավորման ավելացման օգտին, իր կառավարման տարիներին հայտարարեց, որ Հայաստանին 20 գիտնականը բավարար է: Երբ 90-ական թթ. ելցինյան Ռուսաստանը միակողմանի ոչնչացնում էր ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած մեծ հեռահարության հրթիռները և այլ զինատեսակներ, հայտնի ամերիկյան ծովակալն ասում էր, որ ԱՄՆ-ի անվտանգության և աշխարհում նրա հեգեմոն դերի հաստատման համար ավելի կարևոր է ոչնչացնել ԽՍՀՄ-ի գիտակրթական համակարգը, ինչը և տեղի ունեցավ սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներում:
– Ասելով «զարգացած գիտություն»` պատկերացնում ենք կոնկրետ արդյունքներ, որոնք կիրառելի են ամեն օր, կյանքի բոլոր ոլորտներում: Սակայն տեխնիկայի բոլոր միջոցների վրա, որպես արտադրող երկիր, նշված է ամենևին ոչ Հայաստանի անունը: Միակ ակտիվությունը պանրի, երշիկի, պահածոների արտադրության ոլորտում է…
– Անշուշտ, որոշ իմաստով Ձեր ասածը ճիշտ է, սակայն, ի հակադրություն ստեղծված իրավիճակի, դեռ երկրում կան ստեղծագործող միջին տարիքի գիտնականներ, որոնք շատ լավ հետազոտություններ են կատարում, իսկ ոմանք էլ ունեն լավ մշակված սարքեր և տեխնոլոգիաներ: Հաճախ ենք լսում պաշտոնյաների կողմից գիտնականների հասցեին նետված հանդիմանանքներ, թե` մենք չենք տեսնում ձեր բերած օգուտը երկրին, բայց դա, հավատացեք, վկայում է սույն անձանց ոչկոմպետենտության մասին միայն: Ես այսպես կասեմ` գիտությամբ պետք է զբաղվեն գիտնականները, իսկ գիտության առևտրայնացման հարցերով պետք է զբաղվեն լրիվ ուրիշ մարդիկ: Այդ երկու ոլորտները հենվում են էապես տարբեր փիլիսոփայությունների վրա, որոնք, որպես կանոն, մեկ անհատի մեջ դժվար են համատեղվում: Հայաստանում մենք դեռևս ականատես ենք այստեղ-այնտեղ գործող գիտնականների և գիտական փոքրիկ խմբերի, որոնցից կարելի է վերածնել ժամանակի պահանջներին համահունչ գիտություն: Բոլոր երկրներում գիտություն զարգացնելը պետական գործառույթ է, իսկ գիտությունը քաղաքակրթությունը զարգացնող կարևոր, եթե չասենք` միակ ուժն է. այլ բան մարդը չի հնարել: Չկա երկիր, որ ասի` ինձ շատ գիտություն պետք չէ: Գիտությունը շատ չի լինում, գիտությունը քիչ է լինում: Իսկ մեր երեք նախագահներն` իրենց վարչակազմերով, առաջնորդվեցին Հովիկ Աբրահամյանի` «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ» կարգախոսով:
– Մեր կրթական-գիտական համակարգում, կարծես, տեղում են բոլոր օղակները` սկսած մանկապարտեզներից` ավարտած բուհերով, ակադեմիական ինստիտուտներով: 
– Հայաստանի գիտության կառույցներն այսօր ազատ մտածողության դաշտ չեն, որը շատ անհրաժեշտ է ստեղծագործական գործունեության համար: Վերջին 70-80 տարիների ընթացքում` տոտալիտար ռեժիմի ժամանակ, մտքի ազատությունը Հայաստանում կար, և գիտությունը սրընթաց զարգանում էր: Առաջին, երկրորդ կանչի ԳԱ-ն առանց վարանելու կարելի էր համեմատել Բրիտանական թագավորական ակադեմիայի հետ։ Այսօրվա ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ճնշող մեծամասնությունն ընտրված է իշխանությունների «դաբրոյով» և գիտության հետ որևե աղերս չունի։ Գիտությունը և գիտական նվաճումները մարդկային հասարակության զարգացման համար են, հասարակությունից դուրս դա անիմաստ զբաղմունք է: Դուք տեսե՞լ եք, որ ազգին և պետությանը վերաբերող որևէ հրատապ հարցի վերաբերյալ Ակադեմիայի ակադեմիկոսները, առավել ևս` նրա նախագահության անդամները, քիչ թե շատ հստակ դիրքորոշում արտահայտեն: Տեսեք` ի՞նչ է կատարվում մայր բուհերի հետ: Բոլոր ռեկտորներն ընտրվել են իշխանությունների պարտադրմամբ, բոլորը ՀՀԿ-ի անդամ են, իսկ նրանցից ոմանք դարձել են ԳԱԱ թղթակից անդամ` չունենալով գիտության ոլորտում որևէ արժանիք: Ինչո՞ւ բուհերի աշխատակիցներն ու ուսանողությունը չի ընդվզում այդ խայտառակության դեմ: Առավել ևս` պետական համալսարանները հիմնականում ֆինանսավորվում են ուսանողների ծնողների մուծած, դառը քրտինքով ձեռք բերված դրամով:
– Այժմ մեր բյուջեն ձևավորվում է հիմնականում գործարարներից գանձված հարկերով: Արդյո՞ք մեր գիտությունը որևէ պարտավորություն չունի պետության հանդեպ: 
– Մի փոքր ուղղում: Բյուջեն, ավելի ճիշտ, նրա ոչ ստվերային փոքր մասը ձևավորվում է հասարակության (գազ, լույս, հեռախոս և այլն) և ընդերքի (պղինձ, մոլիբդեն, անտառ և այլն) կեղեքման միջոցով: Ինչ վերաբերում է գիտությանը, ապա, իհարկե, նա ունի պարտավորություն երկրի հանդեպ, և այդ պարտավորությունն ամենածանրն է` ստեղծել մրցունակ գիտություն: Երբ գիտնականը զբաղվում է գյուտի առևտրայնացման հարցերով` նա դադարում է գիտությամբ զբաղվել, իսկ որոշ ժամանակ անց նա դադարում է գիտնական լինել: Ես Հայաստանում ունեմ ընկերներ, որոնք շատ փայլուն աշխատանքներ են կատարել մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության բնագավառներում: Այդ աշխատանքներից մի քանիսն ունեն առևտրայնացման շատ մեծ պոտենցիալ, որոնք կարող էին էապես ազդել Հայաստանի տնտեսական առաջնթացի, նրա անվտանգության ապահովման վրա, բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ այն պահանջված լինի պետության կողմից: Իսկ մեր պետությունը ծառայում է միայն մի խումբ օլիգարխների ընտանիքների: Այսպիսի պետությունը չի ցանկանում և չի էլ կարող զարգացնել գիտություն և մշակույթ:
– Նշեք, խնդրում եմ, Հայաստանում կատարված որևէ գիտական հայտնագործության մասին, որը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել նաև միջազգային գիտական շրջանակներում: 
– Կառանձնացնեմ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆայել Սարգսյանի ղեկավարությամբ կատարվող աշխատանքները, որոնք վերաբերում են կենսաբանական օրգանիզմների հեռավորության վրա, առանց փոխազդեցության հետազոտություններին: Կատարված աշխատանքների արդյունքում ստեղծվել է «Բիոսկոպ» սարքը, որը, առանց փոխազդելու օրգանիզմի հետ, հեռավորության վրա, վերցնում է նրանից հաճախային ազդանշաններ, որոնք համակարգչային մշակման ենթարկելուց հետո վերածվում են տեղեկատվությունների` օրգանիզմի տարբեր հատկությունների վերաբերյալ: Ինչպես ցույց են տվել բազմաբնույթ փորձերը` սարքն աշխատում է մի երևույթի հիման վրա, որը մինչև այժմ անհայտ է գիտությանը, և մեր կարծիքով` ունի քվանտային բնույթ: Տվյալ դեպքում` խոսքը մակրոսկոպիկ չափերի որոշ դասի օբյեկտներ ցուցադրող քվանտային հատկությունների մասին է, որոնք, ըստ քվանտային ֆիզիկայի Դե Բրոյլի հայտանիշի, չպետք է ունենային այդպիսի հատկություններ: Կարծում եմ` գործ ունենք մի հայտնագործության հետ, որի իմացաբանական նշանակությունը կարող է շատ մեծ լինել ողջ բնագիտության համար: Ինչ վերաբերում է նրա կիրառություններին, դրանք կարող են լինել բժշկության, էներգետիկայի, սեյսմիկ վտանգի կանխատեսման սարքերի և այլ ոլորտներում: Այս պահին «Բիոսկոպը» ձեռք են բերել շատ առաջավոր լաբորատորիաներ Հոլանդիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում:
– Դուք տարվա մեծ մասը դրսում եք լինում, և դա է պատճառը, որ չեք հասցնում հետևել երկրի առաջին դեմքերի ելույթներին` նվիրված գիտության կարևորությանը:
– Ժամանակը ցույց տվեց, որ նրանք ասում են մի բան, անում` տրամագծորեն հակառակը: Ի՞նչ արժեք ունի նախագահի խոսքը, թե մեր երկրի հարստությունը հայ մարդն է, երբ ականատես ենք այսպիսի մաշտաբային արտագաղթի: Ասում են` դրամ չունենք, որ ներդնենք գիտության մեջ: Բացարձակ սուտ: Այդ նույն ժամանակ Դիլիջանում կառուցվում է 70 միլիոն դոլար արժողությամբ ԿԲ-ին ենթակա մի ուսումնական կենտրոն: Անգամ, եթե տասը գիտական ծրագրերից հաջողվում է միայն մեկը, ապա դա խոսում է գիտության մեծ առաջընթացի մասին, որը, վերջին հաշվով, ազդում է արտադրության վրա: Գիտության վրա պետություններն ավելի քիչ գումար են ծախսում, քան հետո գիտությունն է վերադարձնում: Գիտության տված օգուտը մեկ քայլանոց կոմբինացիա չէ, որ բոլորին ակնհայտ լինի: Դա հասկանալու համար խելք է պետք ունենալ: Այսինքն` անհրաժեշտ է հասարակական պահանջ, որ երկրի ղեկավարները խելք ունենան: Եթե լինի գիտական խավ, որը կարողանա արժանապատիվ ապրել այս երկրում, երկրորդ օրը նրանց օձիքից կբռնի և քարշ կտա դատարան: Այդ խավը կասի` պարոնայք, միայն հանքարդյունաբերության ոլորտը տարեկան 10-12 միլիարդ դոլարի շահույթ է բերում ձեզ, իսկ բյուջե մուծած փողն ավելի քիչ է, քան ՏՏ ոլորտի ձեռնարկություններինը:

Տեսանյութեր

Լրահոս