«Ճիշտ քայլ եմ արել՝ Արցախը մերն է ու մերն էլ պետք է լինի, Արցախում արյուն ենք թափել». Գոռ Մուրադյան

Օգոստոսի 5-ին Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման ժամանակ, երբ Ստեփանակերտի թիմը մտել էր դաշտ, Արցախի հերոս 30-ամյա Գոռ Մուրադյանը, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, «դավաճան» վերտառությամբ պաստառով մտել էր դաշտ ու պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած է եղել Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական այլ իշխանավորների հետ։

168.am-ի հետ զրույցում Գոռ Մուրադյանն ասաց, որ իր արարքից հետո, երբ համացանցում կարդում է մարդկանց մեկնաբանությունները, հասկանում է, որ նրանք սովոր են ապրել «բռի երկրում»։

«Ես վստահ եմ, որ շուտով, շատ չէ, երեք թուրք կարող է մտնել Երևան, փողոցը փակի ու ասի՝ գնացեք։ Ու մենք չունենք մարդիկ ու իշխանություն, որ դուրս գա կռվի, ասի՝ չէ, սա մերն է։

Կարդացեք նաև

Ինքս համարում եմ, որ ճիշտ քայլ եմ իրականացրել։ Մենք մեր ամբողջ կյանքը կռվել ենք, կռվող ազգ ենք։ 1992 թվականին այս պայքարում շատ մարդիկ ենք կորցրել, մեկը՝ հորեղբայրս, կարծում եմ՝ այսօր այնպիսի ընտանիք չկա, որտեղ պատերազմում զոհեր չունենան։ Վերջին կռվի մասին էլ չասեմ, որի ժամանակ ավելի շատ զոհեր ունեցանք։ Իմ քայլով ես ուզեցել եմ ասել՝ Արցախը մերն է ու մերն էլ պետք է լինի։ Արցախը պիտի ճանաչվի ու դառնա մերը, ինչպես որ նախկինում է եղել, որովհետև մենք Արցախում արյուն ենք թափել»,- նշեց Գոռ Մուրադյանը։

Նրա խոսքով՝ երբ «դավաճան» գրությամբ պաստառը պարզել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, դրանից հետո կազմակերպիչներից իրեն մոտեցել ու նորմալ ասել են, որ դուրս գա, ինչից հետո նա դուրս է եկել։

«Այդ գրությունը պարզելուց հետո ես պատրաստվում էի դուրս գալ, քանի որ այնտեղ այլևս անելիք չունեի։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տեսավ իմ պարզած պաստառը, եթե նույնիսկ տեսած չլինի, տեսախցիկները ֆիքսել են, եթե, իհարկե, այդ հատվածները չեն հանել, որովհետև Ստեփանակերտի թիմի դուրս գալու ժամանակ եմ ես պարզել պաստառը»,- հավելեց Գոռ Մուրադյանը։

Արցախի հերոսն այն կարծիքին է, որ Արցախը ստեղծված իրավիճակից հանելու համար կա մեկ ճանապարհ՝ կռվել, իսկ թե իշխանության այս կամ այն ներկայացուցիչները դրա վերաբերյալ ինչ են ասում՝ իրեն չի հետաքրքրում։

«Ինձ հետաքրքիր չէ, թե ով ինչ է ասում, ես գիտեմ, որ այսօրվա դրությամբ եթե կռիվ լինի, այն մարդիկ են գնալու, ովքեր գնացել ու այդ ամենը տեսել են։ Մեկը ես գիտեմ՝ ուր եմ գնում ու ինչի համար եմ գնում, նաև վստահ եմ, որ եթե նորմալ իշխանություն ունենանք՝ հաստատ հաղթելու ենք։

44-օրյա պատերազմի ժամանակ 18 տարեկան տղաները առյուծի նման էին կռվում, զինվորը չի պարտվել այդ պատերազմում, թող զինվորների մեջ մեղավորների չփնտրեն։ Եթե տղաներին զենք տային, նրանք մեկ քայլ անգամ չէին նահանջի, վստահ եմ»,- եզրափակեց Գոռ Մուրադյանը։

Տեսանյութեր

Լրահոս