Օգոստոսի 5-ին Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման ժամանակ, երբ Ստեփանակերտի թիմը մտել էր դաշտ, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից, 30-ամյա Գոռ Մուրադյանը՝ «դավաճան» վերտառությամբ պաստառով, մտել էր դաշտ ու պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած է եղել Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական այլ իշխանավորների հետ։
«Ինքս համարում եմ, որ ճիշտ քայլ եմ իրականացրել։ Մենք մեր ամբողջ կյանքը կռվել ենք, կռվող ազգ ենք։ 1992 թվականին այս պայքարում շատ մարդիկ ենք կորցրել, մեկը՝ հորեղբայրս, կարծում եմ՝ այսօր այնպիսի ընտանիք չկա, որտեղ պատերազմում զոհեր չունենան։ Վերջին կռվի մասին էլ չասեմ, որի ժամանակ ավելի շատ զոհեր ունեցանք։ Իմ քայլով ես ուզեցել եմ ասել՝ Արցախը մերն է ու մերն էլ պետք է լինի։ Արցախը պիտի ճանաչվի ու դառնա մերը, ինչպես որ նախկինում է եղել, որովհետև մենք Արցախում արյուն ենք թափել»,- նշեց Գոռ Մուրադյանը։