«Նիկոլը թույլ չի տա, որ Արմենը բանտից դուրս գա ու դառնա վարչապետ». Տիգրան Աթանեսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան Տիգրան Աթանեսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանում, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, հնարավոր չէ անկախ դատական համակարգ․ մենք այդ ազգը չենք։
  • Մենք «անկախ դատավորներ» չենք կարող ունենալ, լավագույն դեպքում կարող ենք ունենալ «ինքնուրույն դատավորներ»։
  • Հայաստանում իշխանության կերպը խանական է։ Չպետք է վախենալ խանից։ Քանի որ այս իշխանությունը չունի ոչ մի առաքինություն, դատավորներին տրվող ցուցումներն էլ այդպիսին են։
  • Չգիտեմ՝ ով է դատավորներին հանձնարարություն տալիս, բայց ինձ համար միևնույն է, դա էական չէ։ Էականն այն է, թե ինչպես է հնարավոր մարդուն պաշտպանել անարդարությունից։
  • Մենք չենք կարող լինել քաղաքացիական հասարակություն․մենք չափից դուրս թերզարգացած ենք քաղաքացիական հասարակություն լինելու համար։ Ինչ «լնգուլավազ» ասես, իրեն քաղհասարակություն կոչելով, Սերժ Սարգսյանի օրոք ամեն առիթով ասուլիսներ էր անում, աղմկում, և, ինչպես տեսանք՝ այդ ամենն անում էր իշխանությունը տապալելու համար։ Հիմա եթե էդ մարդկանց փող տան, ասեն՝ պարե՛ք, կպարեն։ Նրանք գործիք են ու պատրաստ են լինել ցանկացածի գործիք, այդ թվում՝ Թուրքիայի։
  • Մենք ունակ չենք անցկացնել ընտրություններ։ 600 տարի՝ թուրքի տակ, հետո՝ ռուսի տակ պառկած, սեփական անկախությունը չպաշտպանող ժողովրդից ի՞նչ ընտրություն։ Մենք ունենք հաշմանդամ պետություն։

  • Եթե սեփական բանակին դավաճանում են սեփական գեներալներն ու սպաները, այդ բանակից ի՞նչ կարելի է ակնկալել։
  • Առանց գեներալի բանակ չկա։ Եթե զինվորը գեներալ չունեցավ, մորթվելու է։
  • Նիկոլն անում է այն, ինչ դուր է գալիս մեր օխլոսին և պլեբսին։ Մեր հասարակությունն ահավոր անբարոյական է դարձել։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, քանի որ գիտեր՝ ինչպիսին է մեր հասարակությունը։ Կարևորը՝ խո՛սք տուր։ Կապ չունի՝ կանե՞ս, թե՞ չէ, ուղղակի խոստացիր…
  • Հայ ազգը Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը չեն, հայ ազգը Երևան-Չելյաբինսկ ռեյսի ժողովուրդն է։
  • Վրացիներն ու ադրբեջանցիներն իրենց անհաջողակ ղեկավարներին դուրս շպրտեցին, իսկ մենք չենք կարողանում դուրս հանել մեկին, ով Արցախը հանձնեց, զոհեց 5000 երեխեքին, անում է, ինչ ուզում է։
  • Ես 3 ամիս եմ եղել Նիկոլ Փաշինյանի պաշտպանը։ Մեր համագործակցությունը որևէ կերպ չի ստացվել։ Իր հետ աշխատելն անհնարին է։ Նա չի հարգում ոչ ոքի։ Տրամադրությունը կարող է փոխվել ամեն վայրկյան։ Իր հետ «Հայկական ժամանակում» աշխատած մարդիկ, ովքեր հիմա բարձր պաշտոններ ունեն, պատմում էին՝ կարող էր հեռախոսը խփել ինչ-որ մեկի գլխին, հայհոյել, աշխատավարձից զրկել…
  • Ես չունեմ ոչ մի փաստաթուղթ։ Կարող եմ կրկնել խոսքեր՝ քրեական գործում եղել են փաստաթղթեր, որոնք վկայում էին Նիկոլ Փաշինյանի հոգեկան խնդիրների մասին։ Մի անգամ ես ու Վահագն Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննչական գործողության էինք, այնպիսի վարքագիծ դրսևորեց, որ ես Վահագն Հարությունյանին ասացի՝ ես չեմ կարող միջնորդել, բայց այստեղ դատահոգեբուժական փորձաքննություն է պետք։ Այն, ինչ ինձ պատմել են, հավատում եմ, որովհետև ես տեսել եմ Նիկոլի այդ վարքագիծը։
  • 2008-2009թթ․ քաղբանտարկյալների պաշտպանությունն ավելի կազմակերպված էր։ Նրանք շատ ավելի կազմակերպված էին բոլոր հարցերում։ Աննա Հակոբյանը հոյակապ կազմակերպչական ջիղ ուներ ու շատ պատասխանատվությամբ էր մոտենում քաղբանտարկյալներին վերաբերող հարցերին։
  • Ես չեմ կարծում, թե Արմեն Աշոտյանին ինչ-որ մի բացահայտման համար ֆիքսել էին ու դրա համար կալանավորեցին։ Ես չգիտեմ՝ նրան ինչու են կալանավորել։ Ըստ երևույթին կան ինչ-որ պրոցեսներ, որոնցից մենք անտեղյակ ենք, բայց Փաշինյանը տեղյակ է ու ջղագրգիռ քայլեր է անում Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Փաշինյանը խելացի չէ, բայց հիմար էլ չէ։ Նա չար, դյուրագրգիռ մարդ է, բայց հիմար չէ։

Կարդացեք նաև

  • Արմեն Աշոտյանի գործը իրավաբանական դեպք չէ, հոգեբուժական դեպք է, պարզ է, որ նա քաղբանտարկյալ է, ու այստեղ քրեական գործ չկա։ Որևէ մեկը նրա դեմ ցուցմունք չի տվել։ Խոսքը գնում է  բուհի ու բուհի արհկոմի համար  գույք գնելու մասին։ Գույքը գնել են խելամիտ գնով, հիմա այդ գույքը 2 անգամ ավել գին ունի ու մինչև հիմա բուհինն է։ Խոսքը ԲԺշկական համալսարանի համար ձեռք բերված հանգստյան տան 6 սենյակների մասին է։ Գնել են 200 միլիոն դրամով, հիմա եթե վաճառեն, կվաճառեն 400–500 միլիոն դրամով։ Այս գործարքից Արմեն Աշոտյանը ոչինչ չի ստացել, որևէ ապացույց չկա։
  • Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից պահանջում եմ քննիչից իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումներն իր դեմ վկայած անձանց հետ: Քննիչն իմ այդ միջնորդությունը մերժում է՝ պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները: Օրեր առաջ կրկին միջնորդել եմ իրականացնել այդ առերեսումները՝ ներառելով նաև այն անձանց, ում վրա, ըստ քննիչի և կոռուպցիոն դատարանների, Արմենը ներազդել է և այդպիսով խախտել նախորդ խափանման միջոցի պայմանները:
  • «Սիլվա Համբարձումյաններ» ամեն գործով կարող են լինել, բայց չիմանա՞նք՝ ով է ցուցմունք տվել Արմեն Աշոտյանի դեմ։
  • Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի կողմից տարածված ձայնագրությանը, այդ զրույցի մեջ չկա մի դրվագ, որ Արմենն ասել է՝ սա ասա, այն ասա։ Այն պահին, երբ Արմեն Աշոտյանն ասում է՝ չեմ կարող ձեզ օգնել, վերանում է ցանկացած հանցագործություն։ Հուզված մարդը եկել էր, ի՞նչ ասեր, ասել է՝ գնացեք, ցուցմունք տվեք ինձ վրա, գնամ, նստեմ, թող դուրս գա։ Խոսքը գործով կալանավորված մեղադրյալի ամուսնու ասածին է վերաբերում։
  • Նիկոլ Փաշինյանը միշտ է սուտ խոսում, միշտ է ստում, ինքը բարևելուց էլ է խաբում։ Մի բան ասում է, երկու րոպե հետո չես կարող ապացուցել, որ նա դա ասել է։ Սա ազգային աղետ է։ Բայց էսօր էլ ընտրություն լինի, որոշները գնալու են, նրան ընտրեն։
  • Արմեն Աշոտյանի մասշտաբի գործչի կալանավորման հարցը միայն երկրի կառավարչի տիրույթի հարց է՝ ո՛չ գլխավոր դատախազ, ո՛չ Քյարամյան։ Ուղղակի, ի տարբերություն և ի պատիվ Սասուն Խաչատրյանի, ով չմտավ սրա տակ, դա արեց Արգիշտի Քյարամյանը։
  • Վանո Սիրադեղյանի օրոք ՆԳՆ-ն օրենքով հանցավոր կազմակերպություն էր դարձել․ ո՞վ պատժվեց։

  • Ո՞վ գյուղից եկած տղային քաղաքի կենտրոնում տարածք տվեց, ո՞վ նրան հնարավորություն տվեց թերթ տպելու․ հո իր պապական փողերը չէի՞ն։
  • Երբ մարդը լինում է իշխանության, իրեն թվում է, որ ամեն ինչ կարող է անել, որ դա հավերժ է։
  • Մենք հաղթելու ենք, Արմեն Աշոտյանը դուրս է գալու․ դա կոնկրետ հիմա չի լինելու, որովհետև մենք դատարան չունենք։ Բուն որոշումն այս ամենը նախաձեռնողի մոտ կհասունանա, երբ նստած Արմեն Աշոտյանն ավելի մեծ վտանգ կներկայացնի, քան ազատության մեջ… Արմենը պետք է մնա սրանց կոկորդին, պետք է դառնա սրանց ամենօրյա ահ ու սարսափը։
  • Դուք թերագնահատում եք Նիկոլին․ ինքը գիժ է ու շատ վտանգավոր։ Ինքը նստել է ու գիտի, որ նստած մարդը բանտում կարող է հասնել ամենաբարձր դիրքերի։ Ինքն ունի այդ վախերը։
  • Նիկոլը թույլ չի տա, որ Արմենը բանտից դուրս գա ու դառնա վարչապետ։
  • Պնդել եմ ու պնդում եմ՝ եթե այս պահից սկսվի լուրջ պայքար Նիկոլի դեմ, 5-7 օր հետո Նիկոլն իշխանության չի լինի… Եթե ոստիկանության զորքերի դիմաց հայտնվեն 200 հոգի, կռված պինդ տղերք, եթե զգան, որ իրենց առջև կանգնած են հանուն Հայրենիքի մինչև վերջ կանգնած մարդիկ, կփախչեն տներով…
  • Նիկոլին ոչ ոք չի պաշտպանելու, անգամ՝ սեփական թիկնապահները, եթե դուրս գա հանուն Հայրենիքի ամեն ինչի պատրաստ 500 հոգի։ Ինքը դա լավ գիտի։
  • Նիկոլն ինքն էլ է զարմացած, թե ինչու են իրեն ենթարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս