Տոնոյանի մեսիջները Նիկոլ Փաշինյանին և Օնիկ Գասպարյանին. Ո՞ւմ մեղքերն իր վրա վերցրեց

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի քան 3 ժամ լսել են հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, վաղը նրա հարցաքննությունը տեղի կունենա փակ ռեժիմով:

Դավիթ Տոնոյանը պատրաստվում է 44-օրյա պատերազմի համատեքստում իր մեղադրականին

168.am-ն առանձնացրել է նախկին նախարարի հնչեցրած մի քանի միտք, որոնցում որոշակի տողատակեր կային:

Նախ, մինչև իր հիմնական խոսքը կամ հարցուպատասխանը, Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք փաստաբանական խմբին թույլ է տրվելու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի արձանագրություններին իր մասով, ինչին Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան է տվել՝ «քանի որ դատական պրոցես է լինելու, և փաստաբանական խումբը կարող է դիմել և դատարանի որոշումով հանձնաժողովի նյութերը կարող են հասանելի դառնալ իրենց համար»:

Կարդացեք նաև

Սրանից հետո Դավիթ Տոնոյանը պարզաբանել է.

«Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»:

Այսինքն, Դավիթ Տոնոյանը չի՞ բացառում 44-օրյա պատերազմի համատեքստում իր դեմ նոր քրեական գործի հարուցումը:

Ի դեպ, ավելի ուշ նա ակնարկել է, որ իր ենթագիտակցությունը հուշում է՝ հրթիռների գործը ևս 2020 թվականի համատեքստում է իր դեմ հարուցված:

«Լավ գիտեմ՝ ինչի համար եմ կալանավորված՝ պատերազմի արդյունքի, ոչ թե նրա, ինչը ձևակերպված է»,- շեշտել է նա:

2021 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմից 1-2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել պատերազմի մասին, որը շատ վստահելի էր թվացել:

Իսկ 2023 հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել էր.

«ՀՀ ԶՈւերը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մասմաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչոր կարևոր բանի պիտի մասնակցեն»:

Ի՞նչ է ստացվում՝ Դավիթ Տոնոյանն իմացել է, որ 2 օրից պատերազմ է սկսվելու, և մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլի՞ն: Ե՞րբ է իմացել Դավիթ Տոնոյանը, որ պատերազմ է սկսվելու, ի՞նչ ձևով, գուցե ավելի շո՞ւտ է պարզ եղել, օրինակ, սեպտեմբերի սկզբին՝ մոսկովյան այցի ժամանակ, երբ պատրաստ էր հանդիպել Զաքիր Հասանովին, երկրորդ՝ առավոտյան ո՞ր ժամին է իմացել, որ պատերազմը սկսվել է:

Այս հարցադրումներին ի պատասխան՝ Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել է, որ 2020-ի սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել Ռուսաստան՝ զորավարժությունների:

«Սեպտեմբերի 25-26-ի երեկոն գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում նորից գործուղման շրջնակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով: Սեպտեմբերի 26-ի երեկոյան մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկիր վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցություններին էին մասնակցելու: Ընդ որում, ՀԱՊԿ անդամ երկրի, էլի գործուղման շրջանակներում, որտեղ պետք է շարունակվեին բանակցությունները՝ նորից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերով:

Վայրէջքի պահին՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հնարավոր եղավ հեռախոսները միացնելու, անմիջապես ԳՇ պետից տեղեկացվել եմ պատերազմ սկսելու մասին:

Ունեցել եմ խոսակցություն ՀՀ վարչապետի հետ: Հաշվի առնելով քովիդային թռիչքային իրավիճակները, 3 ժամվա ընթացքում հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ հայթայթելու, որ կարողանամ վերադառնալ Հայաստան: Վերադարձել եմ Վրաստանով: Վրաստանում վայրէջք եմ կատարել:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 4-ին եղել եմ Երևանում, որից որոշ ժամանակ հետո թույլտվություն ստացել եմ վարչապետից և մեկնել եմ մարտական գործողությունների իրականացման վայր»,- մանրամասնել է Տոնոյանը՝ հավելելով, որ դրանից հետո մեկնել է Արցախ:

ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել

Ի դեպ, հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ «մեր ինստիտուտները պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը գնահատել են 30 տոկոս», և, որ ինքը ՔԿ-ում ցուցմունք է տվել.

«Մեր ինստիտուտները որքա՞ն են հավանական գնահատել պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը, 30 տոկոս է եղել հավանականության գնահատումը: Եվ դա եղել է ոչ միայն հետախուզության, այլ մի շարք այլ տվյալների, միջազգային գործընկերների հետ շփումների հիման վրա: Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և նաև հնչել է, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ նա գնա անհամաչափ զիջումների»:

Իսկ Դավիթ Տոնոյանը հանձնաժողովին այսօր ասել է, որ սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ է եղել, բայց պատերազմի կոնկրետ օրը հայտնի չի եղել: Միաժամանակ, Տոնոյանն ասել է, որ կխուսափեր պատերազմի հավանականության մասին տոկոսներով խոսել:

«Այդպիսի գնահատական միգուցե տրվել է հանրամատչելի դարձնելու առումով, բայց ԶՈւ-ի և իրավիճակի գնահատման առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի: Ռազմական գործողությունների սկսումը մեզ մոտ կամ գնահատվել է լիովին հավանական, կամ խիստ հավանական: Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի և հակառակորդի դաշնակցի հայտարարությունների առումով պատերազմի հավանականությունը գնահատվեց խիստ հավանական: Եվ ԳՇ-ն խիստ հավանական գնահատելով ռազմական գործողությունների վերսկսումը՝ իրականացրել է համապատասխան միջոցներ»,- շեշտել է նախկին նախարարը:

Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները, երբ ինքը ստանձնել է 2018-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը, և սա հաշվարկված գնահատական և վերլուծություն է: Այսինքն, ըստ Տոնոյանի, ԶՈւ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման առումով:

 Դավիթ Տոնոյանը հաստատել է Օնիկ Գասպարյանի պնդումը

Դավիթ Տոնոյանին հանձնաժողովի անդամները հարց են ուղղել նաև 44-օրյա պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու՝ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի առաջարկի մասին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հաստատել է Գասպարյանի ասածը:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- մանրամասնել է Տոնոյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել է Տոնոյանը:

Իսկ թե ինչու Թուրքիայի մասնակցությունը չի կանխատեսվել ռազմական գործողություներին, Տոնոյանն ասել է, որ սպառնալիքները գնահատելիս հաշվի են առել նաև դաշնակցային հարաբերությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին ՀՀ մասնակցությունը:

Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել է նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել է նա:

Այդ ժամանակահատվածից սկսած, ըստ Տոնոյանի, 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ:

Նախկին նախարարը կամա թե ակամա հաստատել է Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում ասածը՝ նշելով, որ իրավիճակը չսադրելու որոշակի դիմում է եղել։

«Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ այսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Եվ ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ի ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել: Ես անձամբ այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չէի: Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ պետք է բարձր զգոնություն ապահովել»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը, հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 17-ի ուղերձում նշել էր, որ 2020-ի հունիսի 19-ի նիստում զգուշացրել է. «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Այն, որ Օնիկ Գասպարյանը՝ որպես ԳՇ պետ, զգուշացրել է Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, չէր հերքել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մասնավորապես, factor.amի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել էր. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է.- Մ.Պ.)»:

Իսկ ԱԽ-ի՝ 21.08.2020-ի նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր.

«Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում՝ ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ՝ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ՝ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ»:

2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Փաշինյանը նաև շեշտել էր. 

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Վերը շարադրվածից նախ կարելի է եզրակացնել, որ 2020 թվականին Պաշտպանության նախարարը համաձայն չի եղել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի առաջարկի հետ՝ 4-րդ օրը կանգնեցնել պատերազմը: Եվ այսօր Դավիթ Տոնոյանը համարձակություն ունեցավ հաստատելու, որ նման առաջարկ եղել է, ինչը Փաշինյանը սկզբում չէր հերքել, սակայն ԳՇ հայտնի հայտարարությունից հետո և ԱԽ-Օնիկ Գասպարյան բանավեճի արդյունքում հետ էր կանգնել իր խոսքից: Երկրորդ՝ Դավիթ Տոնոյանը թուրքական սպառնալիքը ակնհայտ դառնալուց հետո փորձել է ՌԴ-ի հետ «բանակցությունների» արդյունքում չեզոքացնել այն, ինչը, թերևս, երկրի ղեկավարը կամ դիվանագիտական կորպուսի առաջին դեմքերը պետք է անեին:

Տոնոյանը չի կարողացել կանխել պատերազմը, Փաշինյանը՝ չի կանխել

Այսօր խորհրդարանում իր հարցաքննության ժամանակ Դավիթ Տոնոյանը հայտարարել է նաև, որ իր ռազմադիվանագիտական հմտությունները, գիտելիքները, կապերը բավարար չեն եղել պատերազմը կանխելու և կանգնեցնելու համար:

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե առանց զոհերի»:

Կարելի է ենթադրել, որ Դավիթ Տոնոյանը այսօր մեսիջ էր ուղարկում՝ պատերազմը կանգնեցնելը ոչ այնքան ռազմական ղեկավարության, որքան դիվանագիտության և երկրի ղեկավարի խնդիրն է:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարն այսօր Քննիչ հանձնաժողովում խոսել է նաև պատերազմի օրերին իր Սյունիք գործուղվելու և դրա պատճառների մասին, առաջարկելով հանձնաժողովին այդ մասին հարցնել Փաշինյանին:

«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը»,- ասել է Տոնոյանը:

Այսինքն, միայն 2023-ին Փաշինյանի Քննիչ հանձնաժողովում քննարկումների արդյունքում է Տոնոյանը հասկացել Փաշինյանի՝ իրեն Սյունիք գործուղելու մտադրությունների մասին:

168.amգրել էր Սյունիքի շուրջ պատերազմական և հետպատերազմական զարգացումների մասին, և, որ հոկտեմբերի 22-ից մի քանի օրով նա մեկնել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրեր, Սյունիք, Մեղրի, որին նախորդել է ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստը, երբ բոլորը միաձայն համաձայն են եղել պատերազմը կանգնեցնելուն: Դավիթ Տոնոյանը, հնարավոր է, այսպես ասած, ցանկացել է կտրվել բոլորից՝ եղել է բարկացած, լարված: Իհարկե, նիստի ընթացքում ավելի ուշ հնչեցրած հարցերին ի պատասխան՝ Տոնոյանն ասաց, որ այդ այցն արդյունավետ է եղել: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Տոնոյանն իր նախնական պատասխանում փորձել է հասկացնել հանրությանն ու հանձնաժողովի անդամներին, որ Փաշինյանը երբեմն ռազմական ղեկավարությանը ՊՆ-ից կամ ԳՇ-ից հեռու պահելու փորձեր է արել՝ դարձնելով նրանց իր քաղաքական նպատակների զոհը:

168.am-ը Տոնոյանի առնչությամբ նման մի դրվագի անդրադարձել էր: 

Ակներև էր, որ Քննիչ հանձնաժողովում ՔՊ-ականները, երբ զգացին, որ Տոնոյանը չի ասում այն, ինչ կուզեին լսել նախկինների կամ ԳՇ նախկին պետի մասին, և անուղղակիորեն մեսիջներ է ուղարկում Փաշինյանին, քննարկումն այլ հունով տարան, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ Տոնոյանը փորձում է մաքրել Փաշինյանին: Պետք է ասել, որ դա նրանց հաջողվեց, հատկապես, երբ սպառազինությունների մատակարարման ծրագրերի հետ կապված հայտարարությունները, մեծ հաշվով, չհերքեցին Փաշինյանի պնդումները, ավելին, հնչեցրած կոնկրետ հարցին ի պատասխան՝ Տոնոյանը գնահատական չտվեց Փաշինյանի գործողություններին՝ որպես գերագույն հրամանատար, և հայտարարեց, որ խաղաղ պայմաններում ևս վարչապետին նման լիազորություն պետք է տրվի: Տողատա՞կ էր, թե՞ ուղիղ առաջարկ խորհրդարանականներին:

Ի դեպ, ՔՊ-ականները փորձում էին նաև հեռակա բանավեճ ստեղծել Տոնոյանի և Օնիկ Գասպարյանի միջև, ինչը կարծես չստացվեց, թեպետ որոշ պատասխաններում նկատելի էր, որ ԳՇ նախկին պետի և Պաշտպանության նախկին նախարարի միջև ինչ-որ հարցերում անհամաձայնություններ այդուամենայնիվ եղել են:

Առհասարակ, տպավորություն էր, որ ամեն խոսքից առաջ Տոնոյանը մտածում էր դիմացինին, նախկին գործընկերներին ու ղեկավարին չվնասելու մասին, գուցե՞ սա էր պատճառը, որ Անդրանիկ Քոչարյանը տպավորություն էր ստացել և դա հրապարակավ ասաց, թե Դավիթ Տոնոյանն ուզում է բոլորի մեղքն իր վրա վերցնել:

Տեսանյութեր

Լրահոս