Բաժիններ՝

ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ապրիլի 19-ին առգրավված Touska բեռնատար նավը շարժվում էր դեպի Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ։

X-ում հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ զինվորականները տեղեկացրել են, որ Իրանի դրոշի ներքո նավարկող Touska բեռնատարի անձնակազմը վեց ժամ չի արձագանքել նախազգուշացումներին, որից հետո USS Spruance-ը 127 միլիմետրանոց Mark 45 թնդանոթից մի քանի կրակոց է արձակել նավի վրա։ Այնուհետև արդեն ռազմածովային հետևակայինները բարձրացել են Touska բեռնատար նավի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը Օմանի ծոցում առգրավել են իրանական բեռնատար նավ՝ ծովային շրջափակումը խախտելու փորձի համար։

The Washington Post-ի տվյալներով, Touska-ն, որը կարող է տեղափոխել մոտավորապես 4800 կոնտեյներ, բեռով վերադառնում էր չինական Չժուհայ քաղաքի Գաոլան նավահանգստից։

Մասնագետները The Washington Post-ին հայտնել են, որ այս նավահանգիստը հայտնի է որպես քիմիական նյութերի բեռնման վայր, այդ թվում և պինդ հրթիռային վառելիքի հիմնական բաղադրիչի՝ նատրիումի պերքլորատի, որն առանցքային բաղադրիչ է Իրանի հրթիռային ծրագրի համար։ Այդուհանդերձ, պարբերականն ընդգծում է, որ այս պահին հայտնի չէ, թե ինչ նյութեր են եղել առգրավված նավի վրա։

Իրանի զինված ուժերը նախազգուշացրել են պատասխան գործողությունների մասին։ Մասնավորապես, IRIB պետական ​​հեռուստաալիքը հրապարակել է Իրանի զինվորականների հայտարարությունը, որում ԱՄՆ-ի գործողությունները որակվել են որպես «ագրեսիայի ակտ»։

«Մենք զգուշացնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը շուտով կարձագանքեն ԱՄՆ-ի կողմից իրականացված այս զինված ծովահենությանը և կհասցնեն պատասխան հարված», – ասվում է նրանց հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930