Նիկոլ Փաշինյանի վերջին զգուշացումը հասարակությանը՝ «Հանձնելու ենք»
Նիկոլ Փաշինյանի աղետարարությունն Արցախի ու Հայաստանի համար տեղին է դիտարկել ժամանակային բոլոր չափումներում՝ անցյալ, ներկա և ապագա։ Նա ինքը գործում է հենց այդ երեք ժամանակային տիրույթներում՝ արդարացնելով անցյալի մեղքերը, հիմնավորում է ներկայի աղետները և հող է նախապատրաստում ապագա կործանումների համար։ Դա էր Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական զույգ բեմելների հիմնական իմաստը։
Նա Հայաստանի Ազգային ժողովում դեմքի անվրդով արտահայտությամբ պատմում էր Արցախի վախճանի մասին։ Ու երևի պատահական չէր, որ պատումը ներկայացվեց երկու արարով՝ հոգեհանգստի ու հուղարկավորության ծեսերի հանգույն։
Բայց պատմությունը միայն անցյալի մասին չէր, այն նաև արձանագրում էր այսօրվա կորուստների գենեզիսը և գուժում էր ապագա աղետները։ Ամեն ինչի մեջ, իրենից բացի, բոլորին մեղադրելու մոլուցքով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում մեղադրում էր հասարակությանը, մեղադրում էր իրեն, իր նման ղեկավարին հանդուրժելու համար։ Նրա երկարաշունչ ճառերն այն մասին էին, որ եթե հանրությունը հանդուրժում է իրեն, ապա ավելին ակնկալելու բարոյական իրավունք չունի, քանի որ իր կարեցածը կորուստն ու մահն է, ինչը բարեհաջող կերպով ապահովում է արդեն հինգ տարի։
Նիկոլ Փաշինյանի երկար տեքստերի կարճ վերծանումը հետևյալն է․ «Արցախի մեծ մասը կորցրել ենք, որովհետև ես եմ Հայաստանի ղեկավարը, այսօր հանձնում ենք Արցախը, որովհետև ես եմ Հայաստանի ղեկավարը, Հայաստանի ինքնիշխան տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են, որովհետև ես եմ Հայաստանի ղեկավարը, վաղը նոր կորուստներ ենք ունենալու, եթե ես լինեմ Հայաստանի ղեկավարը»։ Հետևաբար՝ նրա ելույթներից ու հնարովի հարցերին տված պատասխաններից պետք է եզրակացություններ կատարի ոչ թե իրեն կամակատար հանձնաժողովը՝ նույնպիսի նախագահի գլխավորությամբ, այլ հայ հասարակությունը, որին, գրեթե առանց ձևականությունների, գրեթե ազնվորեն ներկայացվում է սեփական ճակատագրի երաշխավորված ողբերգականությունը։
Այսօր մոտավորապես այնպիսի իրավիճակ է, ինչպես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այն տարբերությամբ, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խաբում էր հայ հասարակությանը՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացման մասին կեղծ խոստումներով, իսկ այսօր առանց որևէ խոստման արձանագրում է, որ եթե ինքը պահպանի իշխանությունը, բավարարելու է Ադրբեջանի բոլոր պահանջները։
44-օրյա պատերազմի ընթացքում հասարակությանը «Հաղթելու ենք» կարգախոսով մոլորեցրած Նիկոլ Փաշինյանն այլևս երկիրը ղեկավարում է «Հանձնելու ենք» կարգախոսով և հիմա առանց ուղիղ տեքստի հանրությանը գուցե վերջին անգամ զգուշացնում ու հնարավորություն է տալիս փոխել դեպքերի կործանարար ընթացքը։ Հետևություններ ու դրանց համարժեք գործողություններ չկատարելու դեպքում հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ ապագայում վերջին խորհրդարանական բեմականացման նման մի նիստ էլ լինելու է որևէ մայրաքաղաքում՝ «Հայաստանի վախճանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» աշխատանքների շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կամ գուցե առանց նրա։
Հարություն Ավետիսյան