Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության խախտում է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության խախտում, որը բերում է լարվածության խորացման: Այս մասին նշել է Զախարովան ՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են: Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրմանը և չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը», – ասել է Զախարովան:

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ընդգծում է եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը:

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:

Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս