Շիրակն ու Լոռին չունեն պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիություն
Հայաստանում ցավազրկման և պալիատիվ խնամքի կարիք ունի օրական միջինը 3600 հիվանդ, որոնցից առնվազն 40%-ը (1440) քաղցկեղով հիվանդներ են, որից մոտ 500-ը բնակվում է Երևանում, մյուսները՝ մարզերում։ 2021 թվականին օրական միջինում 3370 մարդ (93.7%) չի ստացել հնարավոր ցավազրկում: Այս մասին հունիսի 17-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում, հանրային իրազեկման արշավի շրջանակներում նշեց «Հենարան» հիմնադրամի համահիմնադիր Հռիփսիմե Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամը զբաղվում է քաղցկեղով պացիենտների շահերի և իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում է Հայաստանում ցավի կառավարման և պալիատիվ խնամքի հասանելիության վերաբերյալ հանրային իրազեկման արշավ։ Արշավի շրջանակներում Գյումրին առաջին համայնքն էր, որտեղ հանդիպումը մարզային ՀԿ-ների, ոլորտի պատասխանատուների, սոցիալական աշխատողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ էր:
Այս խնամքի վերաբերյալ իրազեկման պակաս կա բոլոր մարզերում, իսկ Շիրակի ու Լոռու մարզերում՝ հատկապես: «Իրազեկման պակաս ունեն բոլորը՝ և՛ հիվանդները, և՛ բուժանձնակազմը, բայց բուժանձնակազմի կողմից իրազեկման պակասն արդարացված չէ. Ցավի կառավարման, ցավի չափման և ցավազրկողների կիրառման վերաբերյալ տարբեր կազմակերպություններ իրականացրել են դասընթացներ՝ պալիատիվ խնամքը հասանելի դարձնելու համար: Հայաստանի շատ վայրերում պալիատիվ խնամք չի իրականացվում, բայց բոլոր մարզերում, բացառությամբ Շիրակի և Լոռու, կա նվազագույնը մեկ նմանատիպ կենտրոն կամ ծառայություն իրականացվող բուժհաստատություն: Դիտարկելով այս երկու մարզերի բնակչության թիվը՝ հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում, որ այս մարզերում պալիատիվ խնամք չի իրականացվում»,-ասաց Հռիփսիմե Մարտիրոսյանը՝ նշելով, որ ըստ Առողջապահության նախարարության իրենց տված տեղեկությունների, այս երկու մարզերում չկա պալիատիվ խնամք իրականացնող լիցենզավորված կառույց՝ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, կամ մոբիլ: «Այստեղից երկու հետևություն՝ կա՛մ այս մարզերում գործող հիվանդանոցների կողմից չի ճանաչվում ու չի գնահատվում այս խնամքը, կա՛մ լիցենզավորման գործընթացն է բարդ, բայց սա մի փոքր վիճելի է՝ հաշվի առնելով, որ հանրապետության տարբեր մարզերում նմանատիպ 31 կենտրոն կամ բուժհաստատություն կա, կամ էլ խնամքը ամբուլատոր ծառայության բազայի վրա»,-նշեց պատասխանատուն, հավելելով՝ ցավազրկման և պալիատիվ խնամքի հասանելիությունը մարդու համընդհանուր և հիմնարար իրավունքն է։ Հայաստանում ցավով տառապող պացիենտներին պետք է հասանելի լինի ցավազրկումն ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր և տնային պայմաններում։ Այն նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և իրականացվում է պետական բյուջեի հաշվին։ Սակայն Հայաստանում միշտ չէ, որ առանց ցավի ապրելու իրավունքը պահպանվում է ճիշտ այնպես, ինչպես պահանջում է ազգային օրենսդրությունը՝ հիվանդների/խնամատարների և բնակչության ցածր տեղեկացվածության, ինչպես նաև ցավազրկող դեղերի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու բուժաշխատողների ցանկության բացակայության պատճառով: Սա հատկապես զգալի է մարզերում:
2021 թվականի համար օփիոիդների պաշտոնական պետական քվոտան եղել է 25,74 կգ, մինչդեռ իրականում օգտագործվել է ընդամենը 1,63 կգ (6,3% ընդհանուր պահանջարկից)։ Այսպիսով, 2021 թվականին Հայաստանում բոլոր հիվանդների միայն 6.3%-ն է ցավազրկում ստացել, իսկ 93.7%-ն ապրել է ցավով մինչև մահ՝ չստանալով օգնություն, մինչդեռ այն հնարավոր է եղել։
«Հենարան» հիմնադրամը, որը զբաղվում է քաղցկեղով պացիենտների շահերի և իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում է Հայաստանում ցավի կառավարման և պալիատիվ (ամոքիչ) խնամքի հասանելիության վերաբերյալ հանրային իրազեկման արշավ։
Հանրային իրազեկման արշավն իրականացվում է պալիատիվ խնամքի հասանելիության խնդրով զբաղվող մի քանի ՀԿ-ների հետ համատեղ՝ «Կյանք առանց ցավի» շարժում, «Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիա», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Իրավունքի զարգացման կենտրոն», «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» և այլն։
Արմենուհի Մխոյան