Հայաստանի միակ իրական շանսն այսօր Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքն է. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է Իրանը, (և ոչ թե Հայաստանը): Նա նաև նշել է, որ Թուրքիային ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական Իրանն է խանգարում այսպես կոչված միջանցքի բացմանը:
Եթե հավատանք Էրդողանին, ապա փաստացի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի սուվերեն տարածքի ճակատագիրն այսօր տնօրինում են Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Մյուս շահագրգիռ և ոչ շահագրգիռ երկրների անունները Թուրքիայի նախագահը չի նշում:
Հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի կապիտուլյանտներն արդեն տվել են իրենց համաձայնությունը, թե՞ ոչ: Որովհետև ուշադրություն` ըստ Էրդողանի, ոչ թե Հայաստանն է դեմ «Զանգեզուրի միջանցքին», այլ Իրանը:
ՀՀ ԱԳ նախարարն այսօր հրաժարվել է մեկնաբանել Էրդողանին: Մեկ այլ ՔՊ-ական դեպուտատ ասել է, որ Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակ է:
Ի մի բերելով պատկերը, այսօրվա դրությամբ հարկ է արձանագրել, որ
1. Թուրքիան և Ադրբեջանն այս հարցով քաղաքական օրակարգ ունեն (կամ բացելու են) Իրանի հետ:
2. Արևմուտքի և Արևելքի որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով, այս հարցում կարող են աջակցել Թուրքիային:
3. Իրանին ենթադրաբար համոզելուց հետո Թուրքիան և Ադրբեջանը կարող են ռազմական գործողություններ հրահրել Հայաստանի` այդ կերպ պարտադրելով հայ ժողովրդին` համաձայնվել Նիկոլի կապիտուլյացիոն հերթական ծրագրին:
4. Ռուսաստանը որքան էլ ծանր բեռ ունենա Ուկրաինական ճակատում, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ ՌԴ-ն հրաժարվի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով իր ստանձնած գործառույթից: Կապանում բացվող ՌԴ հյուպատոսությունը խոսուն փաստերից մեկն է:
5. Թուրքիան այս հարցում փորձելու է մոբիլիզացնել նաև մուսուլմանական համերաշխության գործոնը, եթե ի նկատի ունենանք, որ իր խոսքում Էրդողանն ընդգծել է «մուսուլմանական Իրան» եզրույթը:
6. Հայաստանի իշխանությունների ինքնուրույն քաղաքական կշիռն Արևմուտքում, Արևելքում, ՌԴ-ում, ինչպես նաև տարածաշրջանում զրոյին շատ մոտ են` եթե չհաշվենք օտար շահերին ծառայելու նրանց պատրաստականությունը:
7. Հայաստանի միակ իրական շանսն այսօր Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքն ու լիարժեք վստահելի քաղաքական պայմանավորվածություն ձեռքբերելու մեջ է»: