Քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է հավատալ, ուժեղ լինել, հաղթահարել ու ապրել երկար
Վախ, անուշադրություն սեփական մարմնի ու առողջության հանդեպ, մի շարք արդարացումներ բժշկի չգնալու և չհետազոտվելու համար, շարքը կարելի է անվերջ թվել, ցավոք, այսօր շատերն են այս օրինակի հետևից գնալով՝ կորցնում ամենաթանկը՝ ժամանակն ավելի առողջ ու երկար ապրելու համար: «Քաղցկեղի վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր». սա ուղղակի ենթավերնագիր չէ, սա ճշմարտություն է:
Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
«Արմենպրես»-ի հետ զրույցում կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած և երկար ու բարդ ճանապարհ անցած Էվելինա Ղանթարչյանը նշեց, որ պրոֆիլակտիկ հետազոտությունների համար ժամանակ չգտնելն ու իր վախերը բերեցին նրան, որ մի օր շատ պատահական պարզեց, որ ունի երրորդ ստադիայի կրծքագեղձի քաղցկեղ:
Նախանշաններ
Ցավոք սրտի, որևէ նախանշան չեմ ունեցել և հասնելով երրորդ ստադիային, միայն պատահականության պատճառով իմացա, որ ունեմ ուռուցք: Երեխաս խաղալու ընթացքում պատահաբար կպավ ուռուցքին, այն այտուցվեց և մտածելով, որ հեմատոմա է, մի քանի ամիս բուժեցի: Այնուհետև, կրկին ոչ գիտակցաբար, այլ պատահական հայտնվել էի հիվանդանոցում, իմ ծանոթ բժիշկներից մեկին պատմեցի ու նա առաջարկեց հետազոտվել: Հետազոտվեցի և այդ օրվանից՝ 2022 թվականի հունիսի 16-ից, սկսվեց այն բոլոր շրջափուլերը, որոնց միջով անցա:
Առաջին արձագանք. վախ, սթրես
Ի սկզբանե ունեի ինչ-որ վատ կանխազգացում, այդ երեք ամիսներին էլ վստահ էի, որ դա հեմատոմիկ գոյացություն է, բայց միևնույն է, ինչ-որ ներքին անհանգստություն ունեի, այնուհետև, երբ հետազոտվում էի, բժիշկը բուժքրոջն ասաց, որ ուրվագծերը այնքան էլ հարթ չէ, ես արդեն ինքս ինձ հասկացա, որ ինձ մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ:
Ավելի ծանր եղավ հարազատներիս համար, երևի ես պատրաստված էի, կամ ինչ-որ գերբնական ուժ էի ստացել, բայց ես ավելի զգաստ եղա հիվանդությանն առերեսվելու պահին, քան իմ հարազատները: Իրենց համար ավելի շոկային էր, ամուսինս նույնիսկ այդ պահին ուշաթափվեց, երբ նրան հայտնեցի, որ երկու ուռուցք ունեմ:
Բուժման ընթացքը
Հիվանդության մասին իմանալու հաջորդ օրվանից սկսվեցին տարբեր հետազոտությունները: Այդ փուլը ծանր է անցնում ցանկացած հիվանդի համար, երբ դու դեռ չգիտես, ո՞ր ստադիային ես հասել և ի՞նչ է քեզ սպասվում: Երբ արդեն բոլոր հետազոտությունների պատասխաններն արդեն կային, ես ծանոթացա իմ ուռուցքի հետ: Ես գիտեի իր տեսակը, չափը, ձևը և այդ պահից սկսած արդեն ավելի հեշտ էր, որովհետև մենք այսօր շատ լավ բուժանձնակազմ ունենք: Գիտեք, հիմա հասարակության մեջ շատ թյուր կարծիք է ձևավորվել Ուռուցքաբանական և մյուս հիվանդանոցների նկատմամբ, անարդարացի ու չհիմնավորված վախեր կան: Երբ բարեկամներս ու ընկերներս իմացան, որ այնտեղ պիտի վիրահատվեմ, ասում էին, որ չէին ուզի, որ այդ հիվանդանոց գնամ: Իրականում վախենալու որևէ հիմք չկա, հիվանդանոցը նորոգված է, գունավոր սենյակներ, անձնակազմը՝ հոգատար, ժպտադեմ, կարծես բնակարան լինի, ոչ թե բուժհաստատություն: Գուցե մինչև վերանորոգումն ավելի մռայլ է եղել, հիմա, վստահեցնում եմ, այդպես չէ: Բացի այդ, ախտորոշման փուլից հետո բժիշկների և բուժանձնակազմի հոգատարության շնորհիվ ես ժպիտով գնացել եմ քիմիաթերապիայի, ժպիտով տուն եմ վերադարձել և այդ ամբողջ փուլն ինձ համար շատ թեթև է անցել: Ամենածանր շրջանն ինձ համար ամենասկիզբն էր և արդեն վերջը, երբ ամեն բան վերջացած էր, և ես պետք է ընդունեի ինքս իմ մարմինը, ինձ՝ ինչպիսին ես արդեն կամ:
Հավատը, որ կբուժվի
Շատ կարևոր է ներքին հավատը. ես հավատքով մարդ եմ ու հավատում էի իմ աստծուն և ներքուստ հանգստություն և խաղաղություն ունեի, որ աստված ինձ չի թողնի, որովհետև կարող էր լինել այնպես, որ երբևիցե չիմանայի, որ ուռուցք ունեի, բայց ամեն ինչ պետք է լիներ այնպես, ինչպես եղավ: Դրա հետ մեկտեղ, ես ունեմ ծանոթներ, ովքեր հաղթահարել էին և իրենք ինձ համար կարծես խարիսխ լինեին: Հատկապես իմ խնդիրն ունեցողների շրջանում կային բազմաթիվ կանայք, ովքեր 10 տարուց ավելի է տվյալ խնդիրը հաղթահարել էին. ես ոգևորվում էի իրենցով ու կարողանում էի հաղթահարել հոգեբանական այդ ընթացքը:
Բայց ամենամեծ ուժը, որ ինձ իսկապես օգնել է, դա հարազատներիս չխեղճացնելն էր: Երբ մի փոքր թուլանում էի, ուզում էի հանձնվել. տեսնում էի, որ փլվում է այն ամբողջ ամրոցը, որ իմ կողքին կա, ես կորցնում եմ իրենց ուժը, քանի որ ես իրենց էի ուժ տալիս, իսկ իրենք էլ՝ ինձ: Ես շպարվում էի, սկսում էի մտածել ինչպես ծածկեմ իմ ճաղատ գլուխը, ինչպես ավելի հետաքրքիր լինեմ իմ երկու տղա երեխաների համար, որ իրենց մայրիկը գեղեցիկ լինի իրենց աչքին: Այդպես իրենք ստիպեցին ինձ, որ ես միշտ զգոն ու զգաստ լինեմ:
Որոշում, որ բուժումը պետք է անցնի Հայաստանում, ոչ թե արտերկրում
Եթե բժիշկները վստահեցնում են, որ խնդիրդ այստեղ կլուծվի՝ հաստատ արժե մնալ հարազատ միջավայրում: Ընտանիքը, ընկերները, աշխատանքն այն կարևոր կետերն են, որոնց վրա հենվելով՝ հիվանդն այդ ծանր շրջանը հոգեբանորեն հաղթահարում է, առաջ է շարժվում: Ես այս ամբողջ ժամանակ աշխատել եմ, ու դա ինձ օգնել է չթուլանալ: Ուզում եմ նաև բարձրաձայնել, որ Հայաստանում կրծքաբանությունն իսկապես զարգացած է, երբեք չեմ մոռանա, թե ինչ ապահով ու ջերմ մթնոլորտ էին ապահովում «Աստղիկի» օնկոլոգիական բաժանմունքի բուժաշխատողները՝ Հասմիկ Էդուարդովնայի գլխավորությամբ, կամ թե որքան պրոֆեսիոնալ էր վիրաբույժս՝ «Ուռուցքաբանականից» Արթուր Ավետիսյանը:
Վախերի արդյունքը
Ես շատ եմ ուզում, որ այս փուլի երկար, ինչ-որ տեղ տանջալից, խնդիրներով լեցուն այդ շրջանը չվախեցնի մեր հիվանդներին գնալ հետազոտության, որովհետև այսօր կանայք չեն գնում հետազոտության մի պարզ պատճառով՝ վախենում են, որ իրենց մոտ կհայտնաբերվի այդ հիվանդությունը: Այդ վախն է, որ բոլորիս հետ է պահում, այդ թվում նաև ինձ, որ մինչև 40 տարեկանը երբևէ չեմ հետազոտվել: Բայց այսօր իմ դառը փորձով եկել եմ գիտակցության, որ ժամանակին հայտնաբերված ուռուցքը շատ ավելի հեշտ ու թեթև միջամտությամբ կարող է վերանալ, քան այն հասնի ավելի ծանր աստիճանի:
Ճանապարհը կիսող մարդիկ
Ամենաառաջինը նշեմ ամուսնուս դերի մասին. ցանկացած հարազատ այս փուլում ինչ-որ շրջան մտել է իմ կյանք ու դուրս է եկել, այցելել է, հոգ է տարել: Իսկ օրվա 24 ժամը իմ բոլոր ապրումների ականատեսն ու լուռ վկան եղել է իմ ամուսինը, որին շատ ծանր է եղել այդ ճանապարհն անցնելը: Նա առանց տրտնջալու իմ բոլոր ապրումները լուռ տարել է առանց հոգնելու, առանց ինձ մեղադրելու: Ես շատ կուզենայի, որ մենք՝ հիվանդներս, մեր եսասիրությունը, էգոիզմը մի կողմ դնենք և փորձենք հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր մեր կողքին են, ովքեր չեն պատկերացնում, թե քո ներսում ի՞նչ է կատարվում և կրկնակի տանջվում են:
Կապը բժիշկների հետ
Երբ ինձ ուղղորդում էին տարբեր բժիշկների մոտ, ես մտածում էի՝ որքան էլ ուրիշները երաշխավորեն, այնուամենայնիվ, դու ինքդ պետք է համակրես ու հավատաս քո բժշկին: Լավ արդյունքի համար բժիշկ-բուժառու կապը պետք է ստացվի. կարծում եմ ինձ նման խոցելի վիճակում գտնվող հիվանդի հետ պետք է ավելի նրբանկատ լինել: Բացառությամբ մի դրվագի, հիմնականում արդյունավետ հաղորդակցվել ու վստահել եմ ինձ բուժող բժիշկներին ու բոլոր մյուս նեղ մասնագետներին:
Բուժման գինը և ինքն իրեն նորովի ընդունելու փուլը
Որքան էլ պատրաստվել էի, որ պետք է մազաթափություն ունենամ, մազիս գույնին մոտ կեղծամ էի գնել, որ չկոմպլեքսավորվեմ, բայց դժվար էր: Մազաթափությունը, կրծքագեղձի հեռացումը ուղիղ հարված է կնոջը: Ծանր ճանապարհ է սա ու դեռ շարունակվում է: Կուրծքս հեռացնելուց հետո պետք է վերականգնեին, բայց վիրահատության պահին խնդիր առաջացավ: Հուսով եմ, ապագայում դա էլ կլուծվի: Ամենից շատ ինձ օգնել և օգնում է հավատը: Ես հավատում եմ, որ Աստված սիրում է ինձ:
Գայանե Գաբոյան