Ավելի լավ է ասֆալտի որակին նայեն, մեքենայի «ֆառերը» չեն երևում. Վարորդները դեմ են  կողային ապակիների թաղանթապատումը հեռացնելուն

«Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը եղել է ավելի վաղ և չի գործել ստանդարտացված սարքեր չլինելու պատճառով, իսկ հիմա, քանի որ ունենք սարքավորումները, որոնք թույլ են տալիս չափել կողային ապակիների լուսաթափանցելիությունը, բնականաբար, կկիրառվի»,- մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին վաղուց միացել է Հայաստանի Հանրապետությունը, և ընդունելի է համարում մգեցվածության ստանդարտ չափը։ Ոստիկանությունում արդեն սկսել ենք ապաթաղանթապատման պրոցեսը, իմ, նախարարի ծառայողական մեքենաները ևս ապաթաղանթապատված են»,- նշեց փոխնախարարը:

Հունիսի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցների վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն, և այսօր մի խումբ վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ  կողային ապակիների թաղանթապատումը հեռացնելու որոշման:

«Համաձայն չենք, ապրում ենք շատ շոգ երկրում, այսինքն, պլյոնկաները պոկած վարելով՝ առաջինը ահավոր վառվում ենք, հետո, գիշերը վարելիս, եթե հետևի մեքենայի լույսերը մի քիչ ուժեղ եղան՝ գցում է վարորդի աչքերի մեջ: Եթե համեմատում են Ռուսաստանի կամ Վրաստանի արևի հետ, ապա այնտեղ չես սևանում, այստեղ կանգնում ես՝ կարմիր ես դառնում: Գիշերը կարող են նաև գողությունները շատանալ: Օրինակ, ես DJ եմ, մենքենայում լինում է  նոութբուք, պուլտ, հիմա, եթե պլյոնկան պոկեն-տանեն, ո՞վ է փոխհատուցելու: Եվ, եթե պարեկներն ասում են, որ չեն տեսնում՝ ամրագոտին գցե՞լ է վարորդը, խոսո՞ւմ է, թե՞ չէ, կարող եմ ապացուցել, որ դիմացից շատ լավ էլ երևում է: Դա ուղղակի ժողովրդին տուգանելու պատրվակ է: Պարոն Փաշինյանը 2018թ. ասում էր, որ ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ, բայց ո՞ւր է, մի հոգի հելնում, որոշում է կայացնում: Վարորդ կա՝ առավոտից երեկո տաքսի է քշում, ո՞նց կարող է երկար քշի: Հիմա ի՞նչ, նոր օրենք հանեն, որ ով արևի տակ չի կարողանում կանգնել, «պռավա» չստանա՞»,- ասաց վարորդներից մեկը՝ խնդրելով Կառավարությանը վերանայել որոշումը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ պարեկին երբ հարցնում են՝ եթե մգեցվածությունը 65 տոկոս լինի, տուգանելո՞ւ է, տեղյակ չի եղել:

Մեկ այլ վարորդ  էլ ընդգծեց, որ երկար ժամանակ մուգ ապակիներով է վարում, ու այն վթարի պատճառ երբեք չի հանդիսացել:

«Սրա փոխարեն՝ ավելի լավ է ասֆալտի որակին նայեն: Մեքենայի լուսարձակներն ընդհանրապես չեն արտացոլվում: Մի քանի օր առաջ եմ վերադարձել Գեղարքունիքի մարզից, նոր ասֆալտ արած, մեքենայի «ֆառերը» չեն երևում: Տեղեր կան, որ ճանապարհային նշաններ չկան տեղադրված, որոնց պատճառով բավականին շատ վթարներ են լինում»,- նկատեց մեկ ուիշ վարորդ:

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Տեսանյութեր

Լրահոս