Ուդիներն Ադրբեջանի ձեռքին պատանդ են, նրանց օգտագործում են. հայկական հուշարձանների պահպանության համար ամեն տեղ պետք է դիմենք. Րաֆֆի Քորթոշյանը՝ Ծիծեռնավանքի շուրջ զարգացումների մասին

«MonumentWatch» կայքը հերթական ահազանգն է հնչեցրել՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը։

«2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի՝ինքն իրեն «աղվանա-ուդիական» կոչող համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․ «Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին։ Այցելության նպատակը այդ օրերին՝ ապրիլի 22-23-ը, Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնը կարևորելն էր, ինչն էլ ապացուցում է այցի՝ պետականորեն ուղղորդված լինելու փաստը և հայկականը յուրացնելու՝ ադրբեջանականացնելու հստակ ծրագիրը։

Ռոբերտ Մոբիլիի տեղադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ «աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը, վնասվել Սուրբ Սեղանը, քանդվել է նրա հատակում խնամքով թողնված շուրֆը։

Ըստ Քաշաթաղի նախկին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի՝ շուրֆը Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկն էր, ուր կավաշաղախ հատակի մեջ ագուցված էր գինու կարասը (Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական և վիմագրագիտական հետազոտություններ. Արցախ և Ուտիք, Մխիթարեան հրատարակչութիւն, Վիեննա-Երևան 2009, 129-212)»:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ոչնչացնումէհայկական հուշարձանները, և քանի դեռ այդ հուշարձանները հայկական վերահսկողության տակ չեն, Ադրբեջանը մշտապես դիմելու է այդ քայլին։

«Ադրբեջանի ու Թուրքիայի նման մշակութակործան երկրների հսկողության տակ մնացած հայկական հուշարձանները չեն կարող չոչնչացվել, հատկապես, եթե միջազգային զսպիչ ուժեր գոյություն չունեն։ Հուշարձանները նրանք ավերելու են տարբեր եղանակներով, մի տեղում բանակն է ոչնչացնում, մեկ այլ տեղում՝ եկեղեցին ու բնակիչները, այսինքն՝ այս ամենն այսպես շարունակվելու է։ Սակայն մենք ձեռքներս ծալած չպետք է նստենք, ամեն տեղ պետք է դիմենք։

Եթե այս պահին մեր հուշարձանները մեր հսկողության տակ չեն, չպետք է թողնենք բարձիթողի վիճակում։ Եթե չպայքարենք, ապա գալու են մեր հսկողության տակ եղած հուշարձաններն էլ ոչնչացնեն։

Հետևաբար՝ ամեն ձևով պետք է պայքարենք»,-նշեց Րաֆֆի Քորթոշյանը։

Նրա բնորոշմամբ՝ ուդիներն Ադրբեջանի ձեռքին պատանդ են, նրանք հայ ժողովրդի բարեկամներն են եղել, հայ ժողովրդի հետ ապրել հազարամյակներ և դավանել են նույն կրոնը։ Այս պահին Ադրբեջանում մնացած ուդիներն այս երկրի իշխանությունների ձեռքին պատանդ են, նրանց ղեկավարներն էլ՝ խամաճիկներ, որոնց նշանակել է Ադրբեջանը և օգտագործում է։

«Մեր պայքարը պետք է ուղղված լինի Ադրբեջանի պետական քաղաքականության դեմ, որովհետև ուդիներն իրենցից որևէ բան չեն ներկայացնում։

Այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն,բանաձևերից բացի, այլ բան չի կարող անել։ Հետևաբար՝ մեր հուշարձանների պահպանության միակ ձևը մեր ժողովրդի՝ այդ հուշարձանների տարածքում ապրելն է, ով ի վիճակի կլինի պաշտպանել իր մշակույթը։ Բայց քանի որ հուշարձանների այդ տարածքում այս պահին հայը չի ապրում, դրանք օկուպացված են Ադրբեջանի կողմից, նա ինչ ցանկանում, այն էլ անում է։ Եթե մեր իշխանությունը չենք կարողանում տարածել այդ վայրերում, մեզ մնում է միայն մեկ ձև՝ միջազգային տարբեր հարթակներ օգտագործել Ադրբեջանի այս վայրագությունները ցույց տալու համար։ Ամեն ինչ պետք փորձենք մեր ուժերի սահմաններում, մենք մեր ճիշտը պետք է ներկայացնենք»,-շեշտեց նա։

Այս համատեքստում նա նաև ընդգծեց, որ ուդիները քրիստոնեությունն ընդունել են հայերի հետ միասին և Հայ Առաքելական եկեղեցուն են պատկանել։ Սակայն դարերի ընթացքում նրանցմի մասը դարձել են քաղկեդոնական, մի մասը դարձել է մահմեդական։

«1988 թվականին, երբ Արցախյան շարժումը սկսվեց, ադրբեջանցիներն ինչպես հայերին բռնի տեղահանեցին, այնպես էլ՝ուդիներին, այնտեղ մնացին մահմեդականացված ու քաղկեդոնական ուդիները։ Այժմ էլ ես չեմ կարող ասել՝ այդ ուդիներ ասվածներն ովքե՞ր են, քանի որ նրանք կրոնական որևէ իրավունք չունեին, իսկ այս պատերազմից հետո քաղաքական նկրտումներով հանկարծ կրոնական համայնք հայտնվեց։ Չգիտեմ՝ նրանց առաջնորդները մահմեդականնե՞ր են, թե՞ քաղկեդոնականներ»,-եզրափակեց Րաֆֆի Քորթոշյանը։

Հիշեցնենք՝ Ծիծեռնավանքը հիմնադրվել է 5-րդ դարում, գտնվում է Աղավնո գյուղի աջ ափին՝ Ծիծեռնավանք գյուղի մոտ, հայտնի է մի շարք այլ անուններով՝Ագռավի գերեզման, Ագռավի տապան, Ծիծառնավանք, Ծիծեռնեկու վանք և այլն։ Այն վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է։ Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ։ Ըստ որոշ կարծիքների՝ Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը հենց IV դարում վերածվել է եկեղեցու։

Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն։ Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների, ներսը վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողների նմանությամբ հարուստ հարդարանք ունի։

Տեսանյութեր

Լրահոս