Բաժիններ՝

Ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված՝ Օլիմպիական ստանդարտով․ Ֆրանսիայի ծանրամարտի թիմի ղեկավարը՝ երևանյան առաջնության մասին

Ծանրամարտի Ֆրանսիայի թիմը, որն այս օրերին Երևանում մասնակցում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, ջերմ հյուրընկալության է արժանացել Հայաստանի մայրաքաղաքում․ Ֆրանսիայի ծանրամարտի թիմի ղեկավար Արնուրդ Ֆերարին բարձր է գնահատում նաև երևանյան առաջնության կազմակերպվածության մակարդակը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշում է, որ Հայաստանը հայտնի երկիր է ծանրամարտի ասպարեզում՝ կարծիք հայտնելով, որ ծանրամարտը Հայաստանում թիվ մեկ սպորտն է։ «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում։ Շատ ուրախ ենք, որովհետև Հայաստանում ծանրամարտը թիվ մեկ սպորտն է։ Շատ ջերմ հյուրընկալության ենք արժանացել, ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված՝ Օլիմպիական ստանդարտով»,- ասաց Ֆրանսիայի թիմի ղեկավարը։

Ֆերարիի խոսքով` Ֆրանսիայի պատվիրակության անդամները Երևանում իրենց շատ լավ են զգում և ուրախ են Հայաստանը բացահայտելու հնարավորության համար:

Նա խոսեց նաև Հայաստանի և Ֆրանսիայի մտերիմ հարաբերությունների մասին ու հիշեց, որ ժամանակին Ֆրանսիայի դրոշի ներքո հայ ծանրորդ է ելույթ ունեցել․ խոսքը Խաչատուր Քյափանակցյանի մասին է:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս