Բաժիններ՝

Եթե չլիներ դավաճանություն, գուցե կորցնեինք ինչ-որ հատված, բայց ոչ այսքանը. ինչ-որ բաներ են կատարվում, որոնց բացատրությունները չեն տրվում. զոհված զինծառայողի կին

2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված ավագ լեյտենանտ 42-ամյա Ռուստամ Աղայանի կինը՝ Նարինե Չիլինգարյանը, ամուսնու կորստից հետո այսօր փորձում է չընկճվել, ամուր լինել, այնպես, ինչպես ամուսինն էր, արժանապատվորեն դաստիարակել երկու երեխաներին՝ 12 և 9-ամյա տղային ու աղջկան։

Նարինեն 44 տարեկան է, սովորում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում, վերջին կուրսում է, շուտով կստանա մագիստրոսի կոչում։ Նարինեի հետ այսօր սովորում են 4 ընկերուհիները՝ տարբեր ֆակուլտետներում, որոնք նույնպես զոհված հերոսների կանայք են։ Նրանց բոլորին միավորել ու Գիտակրթական միջազգային կենտրոն է բերել կորստի ցավը և հաստատակամությունը, որ իրենք հերոսների կանայք են ու չպետք է խեղճանան ու թույլ չեն տա, որպեսզի իրենց խղճան։

168.am-ի հետ զրույցում Նարինեն պատմեց, որ Գիտությունների ազգային ակադեմիա գնացել է կյանքի դժվարին պահին, երբ 44-օրյա պատերազմում կորցրել էր ամուսնուն։

Կարդացեք նաև

Սա նաև փախուստ էր ներկայից և այսօրվա իրավիճակից

«Բախտակից ընկերուհիներս որոշում կայացրեցին, որ ինչ-որ բանով զբաղեցնենք մեր ուղեղը, քանի որ կարող էինք ցնորքի հասնել։ Ճիշտ է, զբաղվածություն ունեի, աշխատում եմ, երկու բալիկ ունեմ, բայց երևի դա բավարար չէր։ Մինչ օրս էլ ինչ-որ բաներ գտնում եմ, որպեսզի գերզբաղված լինեմ: Ճիշտ է, այդ ամենն իմ ցավը մոռացության չի տալիս, բայց ամեն դեպքում ես այստեղ ինչ-որ տեղ կտրվում եմ, երիտասարդների հետ դասապրոցեսների մասնակցում, ընկերացանք, և ինչ-որ մի տեղ հետ գնացի իմ անցյալ, որտեղ չկար այս ներկան։ Սա նաև փախուստ էր ներկայից և այսօրվա իրավիճակից։

Սովորելու համար երբեք ուշ չէ, իսկ տարիք ասվածն ուղղակի թիվ է»։

Երբեք չենք նվնվացել, երբեք թույլ չենք տա, որ մեզ խղճան

«Իմ շարժիչ ուժն առաջնայինը իմ երեխաներն են, երևի իրենք էլ հենց այդ շարժիչ ուժն են եղել, որ ես դիմեմ այն միջոցներին, որը գոնե թույլ կտա հաղթահարել այս ամենը։ Հաղթահարելը հարաբերական եմ ասում, ամեն դեպքում կերտել այն կերպարը, որ ես ուժեղ եմ, երեխաներիս կողքին եմ, ու ծնկի գալ չկա։ Չեմ կարող հերքել, որ ամուսնուս զոհվելուց հետո երեխաների հետ դերերով փոքր-ինչ փոխվել էինք, փոխարենը ես իմ երեխաներին ուժ տայի, իրենք էին ինձ սփոփում, ասում էին՝մենք կանք, պապան չէր ուզի, որ այսպես լիներ, այլ կուզեր, որ մենք ամենաերջանիկը լինեինք, ու պետք է լինենք։

Ժամանակի հետ, հասարակությանը նաև նայելով՝ հասկանում եմ, որ այո, եթե տվել են ամենաթանկը, երևի առաջին հերթին իրենց ընտանիքների համար են տվել։ Իմ ընտանիքի կերպարն այնպիսին է եղել, որ երբեք չենք նվնվացել, երբեք թույլ չենք տա, որ մեզ խղճան։ Կարծում եմ՝ այս ամենը միայն մեզ համար չի եղել, բոլորի համար է եղել։ Իմ ամուսինը բոլորի նման կարող էր ամեն ինչ թողներ, վերադառնար ու ապրեր իր ընտանիքում, բայց չէ՝ նախընտրեց կանգնել իր զինվորների կողքին և պոստը չլքել»։

Երկար ճանապարհ ու ուղիներ էր անցել, պարզապես չէի հավատում, որ կարող է հետդարձը չլինի

«Երբ ամուսնուս ճանապարհում էի, չգիտեի, թե ուր եմ ճանապարհում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան, կիրակի օրով, ժամը 07։00-ին ճանապարհեցի։ 20 տարի զինվորական է եղել, ու ես էլ իր հետ միասին զինվոր եմ դարձել, դա հերթական տագնապն էր մեզ համար։ Չգիտեմ, ինքը գիտե՞ր, թե՞ ոչ, բայց ես չգիտեի։ Իր գնալուց երկու ժամ անց հասկացել եմ, որ պատերազմ է արդեն։ Ռուստամը գնացել ու մի կետում չի եղել, տարբեր տեղերում էեղել։ Սկզբում ուղղությունը եղել է Եղնիկներ, այնուհետև՝ Մարտունի, Մարտակերտ, Հաթերք։ Շատ զուսպ էր, ոչ մի բան չէր ասում, անգամ այնպես էր խոսում, որ՝ ամեն բան կարգին է, չանհանգստանաս։ Միայն հետո, երբ վերլուծում եմ իր խոսքերը, քայլերը, հասկանում եմ ամեն բան, երբ ասաց՝ ամուսնական մատանին ուղարկեմ, հարցրեցի՝ ինչո՞ւ, ինձ թվում էր, թե դա հրաժեշտ է։ Ես մի քիչ բարկացա, ասացի՝ մատանին մատիցդ դուրս չգա, երևի հոկտեմբերի 3-4-ին էր։ Կարծես թե որոշակի ենթագիտակցություն կար, որ այդ կապը չխզվի՝ իմ ու իր, երևի գիտակցում էր, բայց ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաս, երեխաներին ու ձեզ լավ նայեք։ Հաղորդագրությամբ ինձ միշտ ասում էր՝ դու ուժեղ ես։ Ինքը շատ երկար ճանապարհ ու ուղիներ է անցել, պարզապես ես չէի հավատում, որ կարող է հետդարձը չլինի։ Ծառայել է խաղաղապահ բրիգադում՝ Աֆղանստանում, Կոսովոյում, Իրաքում։

Կորուստս շատ թանկ է, շատ, իսկ ապագան էլ ցույց տվեց, որ «հանուն ոչնչի», ինչպես ասվել էր

«Ռուստամի հետ վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 20-ին, ամբողջ ընթացքում դա երևի միակ դեպքն էր, որ տագնապալից և՛ հաղորդագրություն ուղարկեց՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է, կզանգեմ, և՛ դրանից անմիջապես հետո զանգահարեց։ Նախկինի նման հարցադրումներ չարեց, չասաց՝ երեխաները, նրանց դասերն ինչպես են, միայն տագնապալից ասաց, որ լավ է, կզանգի…

Վերջում իրենց ջոկատից մնացել են 3 հոգի, 3 սպաներ, որոնք կցվել են բուժանձնակազմին։ Ըստ տվյալների՝ կապ են ունեցել, որ դիվերսիոն խումբ է թափանցել իրենց տարածք, ինչից հետո ռմբակոծել են իրենց հրամանատարի մեքենան, փորձել են գնալ օգնության ու ճանապարհին հանդիպել են դիվերսիոն խմբին։ Թշնամու դիպուկահարն առաջինը վարորդի վրա է կրակել, մեքենան շրջվել, դիպել է ծառին ու կանգնել։ Ամեն դեպքում այդ ձորում դիվերսիոն խումբը նրանց սպասել է, մի քիչ առեղծվածային է, և այնտեղ էլ եղել է, այսպես ասած, «բլիժնի բոյը», այդտեղ էլ զոհվել են, մեկ հոգի է փրկվել, մեքենայում 9 հոգի են եղել։

Տղայիս մեջ այս ցավը շատ խորն է։ Ժամանակ կար, երբ ցավն իմ մեջ այնքան խորն էր, որ տղայիս ասեցի՝ ինչ կանես, ինչ չես անի, բայց զինվորական չդառնաս։ Տղան պատասխանեց՝ չէ, մա՛մ, ես թուրքին այլ կերպ՝ իմ խելքով կպատժեմ և թույլ չեմ տա, որ պապայի նկարի մոտ ևս մեկ նկար հայտնվի։ Սովորաբար զինվորականների տղաներն ուզում են զինվորական դառնան, բայց իմ տղայի մոտ դեռևս այդ միտումը չկա, չգիտեմ՝ տարիքի հետ այդ գեները կխոսե՞ն, թե՞ չէ»։

Մեր պատերազմը չի ավարտվել, միայն 44-օրյա պատերազմը չէ, ինչ-որ բաներ են կատարվում, որոնց բացատրություններըչեն տրվում

«Չեմ ուզում բոլորին ընդհանրացնել, բայց ազգս կարծես պառակտվել է։

Զոհվածի որևէ ընտանիք չի ուզում որ իրեն խղճան, ինչի՞ համար խղճան, որ մենք տվել ենք մեր ամենաթանկն իրենց ապրելու համա՞ր։

Կարծում եմ՝ ամենաառաջինը հարգանքն է, որն ազգը կարող է ցուցաբերել՝ հարգեն մեր վիշտը։ Ես չեմ ասում՝ թող սգի վերածեն իրենց կյանքը, բայց ամեն դեպքում կան հոգեբանական ու մարդկային նորմեր, որոնց վրայով իրենք անցնում են, տվյալ դեպքում,շատերը։ Մի տեղ երբ սուգ ու լաց է, մայրը զավակին է կորցրել, կինը՝ ամուսնուն, երեխան՝ հորը, մեկ այլ տեղում տեղադրում են քեֆ-ուրախության նկարներ, այո, քեզ համար են գնացել, ապրիր, բայց ցավեցնելը տեղին չէ։

Արցախի նկատմամբ ատելություն չեմ ունեցել և հասկացել եմ, որ այն մեր պաշտպանիչ դարպասն է։ Ատելություն ընդհանուր է եղել, բայց ես մտածում եմ՝ դա էլ է նորմալ, մարդը ցավի մեջ չի կարող ադեկվատ լինել, եթե որևէ մեկը կկարողանա այդքան ուժ գտնել, ավելի շատ ցավ ու վիրավորանք է եղել երևի…

Մենք այնքան հզոր տղաներ ենք ունեցել, եթե չլիներ դավաճանություն, գուցե կորցնեինք ինչ-որ հատված, բայց ոչ այսքանը, դա շարունակվում է հիմա։ Մենք կարծես նույն ուղիով անցնում ենք, մեր պատերազմը չի ավարտվել, միայն 44-օրյա պատերազմը չէ, ինչ-որ բաներ են կատարվում, որոնց բացատրությունները չեն տրվում, ոչ էլ հասկանում ենք՝ ինչ է կատարվում»։

Զրույցն ամբողջությամբ՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս