Փաշինյանը որոշել է արգելել այն, ինչն ավելի վաղ խրախուսում էր. զինվորականներից վտա՞նգ է տեսնում

Կառավարությունը, ի դեմս Պաշտպանության նախարարության, որոշել է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, ինչպես նաև՝ զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների կամ բողոքի միջոցառումների մասնակցել:

Այսինքն, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին շրջանառության մեջ դրված նախագծում առաջարկվում է զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումների թիվն ավելացնել, ըստ որի՝ զինվորական ծառայության մեջ գտնվողին արգելվում է նաև՝

  • զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցել հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման:
  • անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով հրապարակային հնչեցնել, ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ,
  • համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածել, քննարկել զինված ուժերի գործունեության կամ տեղակայման, կամ իր և այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ` բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների:

Օրենսդրական այս նախաձեռնությունն արդեն քննարկվել է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում, որտեղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցրել է, թե սա նպաստելու է Զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի պարտականությունը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», և հստակ ասում՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Այսինքն, երկրի բարձրագույն օրենքի մակարդակով արդեն իսկ զինվորականներին արգելվում է քաղաքական չեզոքության սահմաններից դուրս գալ:

Ինչի՞ համար է այսօր իշխանությունը նաև այլ օրենքով և այն էլ՝ մանրամասն սահմանումներով փորձում զսպել բանակին, որը, ինչպես տեսանք 2021-ին, ցանկություն չուներ կամ ունակ չեղավ երկրում «ռազմական հեղաշրջում» անել, թեպետ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտնի հայտարարությունն ավելի շատ ճգնաժամային կարելի է համարել, քան քաղաքական-հեղափոխական կամ հեղաշրջման: Երկրորդ՝ բանակը լավ էլ ենթարկվում է Փաշինյանի քաղաքական օրակարգին, իսկ գուցե բանակի ներսում, սպաների շրջանում այլ իրավիճակի ստեղծման միտո՞ւմ կա, և սրանով պայմանավորված իշխանական վախե՞ր: Գուցե:

Ի դեպ, վերադառնալով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ Փաշինյանի հրաժարականի պահանջին և դրան հաջորդած զարգացումներին, հավելենք, որ 168.amգրել էր, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրում նշված չէր այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան՝ ռազմական հեղաշրջման փորձ, այսինքն, սահմանադրական պահանջի ոտնահարում կամ խախտում:

Այս թեմային, օրենսդրական վերը նշված փոփոխությունների պատճառներին և դրդապատճառներին դեռ առիթ կլինի անդրադառնալու, իսկ մինչ այդ հիշեցնենք մի քանի փաստեր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խախտել սահմանադրական պահանջը, և այսօր նա փորձում է զինվորականներին արգելել մի բանում, որը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ինքը ոչ միայն թույլ է տվել, այլ խրախուսել է:

Առաջին, 2018թ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային «հանկարծակի» միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով:

Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այն ժամանակ քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից: Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողների մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա:

Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկեց այդ զինծառայողներին, այլ ամիսներ հետո Վաղինակ Սարգսյանին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակեց:

Երկրորդ, 2020 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ և գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»:

Սա նշանակում է՝ ոչ միայն իշխանությունների օգտին քարոզչական տեսանյութեր էին պատրաստվել առաջնագծում, որոնցից նաև համացանցում շրջանառվեցին, այլ երկրի ղեկավարը նրանց քաղաքացիական պատերազմի էր մղում՝ իր քաղաքական շահերից ելնելով:

Երրորդ, Փաշինյանի վերոնշյալ գրառումից երկու օր հետո Հանրապետության հրապարակում ի աջակցություն նրան հավաք էր տեղի ունեցել, որին մասնակցել էին զինվորական համազգեստով բազմաթիվ մարդիկ, իբրև թե՝ «պատերազմի մասնակիցներ», և քաղաքական կոչեր հնչեցրել: Փաշինյանը ևս միացել էր նրանց և ավելի ուշ կոչ արել դադարեցնել հավաքը:

«Ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի։ Երկրորդ, ես ձեզ խոստանում եմ՝ երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ։ Եկեք էս երկու կետի վրա ավարտենք, բայց խնդրում եմ՝ հավաքը դադարեցրեք»,- հայտարարել էր նա:

Ի դեպ, այդ ժամանակ դեռ երկրում ռազմական դրություն էր:

 Չորրորդ, 168.am գրել էր, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանն իրեն թույլ է տվել քաղաքական քարոզչություն: Մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո բարձրաստիճան զինվորականը Վարդենիսում հայտարարել էր.

«Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է՝ կատարել վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որ դրան հասնենք: Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»:

Այսինքն, Առաքել Մարտիկյանին հրամայվել էր պահել Փաշինյանի խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը:

Հավելենք, որ 29.800 քառ. կմ տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է:

Այս փաստերի շարքը, որ Նիկոլ Փաշինյանն ինքը զինվորականությանը մղել է խախտել քաղաքական չեզոքությունը, կարելի է շարունակել…

Տեսանյութեր

Լրահոս