Գեղագիտության ազգային կենտրոնն անիմացիոն ֆիլմերի պաստառների մրցույթ կանցկացնի
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախաձեռնել է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։
Այն նվիրված է Հայկական անիմացիայի 85-ամյակին և իրականացվում է հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում։ Մրցույթը նախատեսված է Հայաստանի, Արցախի և սփյուռքի երեխաների և պատանիների համար։
Նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելը, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելն է։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտը դնելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված մեր «Ոսկե ֆոնդի» վրա։
Նախագծի շրջանակում երեխաները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին։ Նախագծի հիմնական շեշտադրումներից մեկը երեխաներին պաստառի էությանն ու այն ստեղծելու արվեստին ծանոթացնելն է, որպեսզի կարողանան իրենց ստացած գիտելիքները կիրառել նոր ձևաչափում։
Այնուհետև երեխաները կընտրեն իրենց դիտած անիմացիոն ֆիլմերից որևէ մեկն ու պաստառ կստեղծեն դրա վերաբերյալ։ Ընթացքում հնարավորություն կունենան նաև խորհրդատվություն ստանալ մասնագետների կողմից։ Անիմացիոն ֆիլմերից շատերը չունեն պաստառներ, և այս նախագիծը հրաշալի առիթ է ևս մեկ անդրադարձ կատարելու մեր մոռացված հարուստ ժառանգությանը։
Լավագույն աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի տեսքով, որը Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում կբացվի 2023 թվականին։