Մանասյանի թեկնածությունը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին. Էդգար Ղազարյան

Խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը հուսով է, որ իշխանության առաջադրած ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը մինչև վաղը ժամը 11։00-ն ինքնաբացարկ կհայտնի:

Էդգար Ղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նպատակահարմար է համարում ՄԻՊ ընտրվելու համար իր հետագա պայքարը նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունը թեկնածու է առաջադրել:

Նրա խոսքով, թեկնածու առաջադրում են ոչ թե պատգամավորները, այլ խմբակցությունները, իսկ թեկնածուներին ընտրում են պատգամավորները:

«Պատգամավորները որոշումներ են կայացնում ոչ թե խմբակցությունների որոշումները հարգելով, այլ իրենք իրենց հարգելով, սեփական խղճով և համոզմունքներով: Եվ հիմա առայժմ թեկնածուների առաջադրման փուլն է տեղի ունեցել, դեռ չենք հասել պատգամավորների ընտրության փուլին»,- ասաց նա: Վերջինս հարց ուղղեց, թե տրամաբանական չէ՞, որ պատգամավորը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ և որոշում կայացնի սեփական խղճով և համոզմունքներով:

«Իսկ Դուք գիտեք նախադեպը, երբ նախորդ գումարման ԱԺ-ում, որ գրեթե նույն պատգամավորները մեծամասնություն էին կազմում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել են ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին, ով ներկայումս  պաշտոնավարում է: Այդ առաջադրված պաշտոնում ընտրել են ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի, դա նախադե՞պ է, թե՞ չէ»,- ասաց Ղազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է իշխանության թեկնածուն հրաժարվում բանավեճի մասնակցել, Ղազարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչու է մյուս թեկնածուն խուսափում ոչ միայն իր հետ հանդիպելուց, այլև լրագրողների հետ:

Նա տեղեկացրել է, որ թեկնածությունների պաշտոնական առաջադրումից հետո, դա եղել է մարտի 29-ին, իր մոտ առանձնացրել է այն հանդիպումները, որոնք ինքն է ունեցել մամուլի հետ, ու իր հանդիպումների ծավալը, ինչպես նաև Անահիտ Մանասյանի հարցազրույցները, որոնք ընդամենը երկուսն են եղել:

Ղազարյանի տպավորությամբ, մյուս թեկնածուն առհասարակ չի ցանկանում շփվել հանրության որևէ շերտի ներկայացուցիչների հետ, ինչն էլ նաև իր հակասահմանադրական կարգավիճակի հիմքն է, որովհետև նա այդ գործելաոճն ունի ոչ միայն թեկնածու առաջադրվելուց հետո, այլ առհասարակ, ուստի հանրային հեղինակություն չի վայելում:

«Հետևաբար՝ իր թեկնածությունը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին, և ես ուզում եմ հույս ունենալ, որ մինչև վաղը ժամը 11.00-ն նա նաև ինքնաբացարկ կհայտնի»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, թե իրեն ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ դրանք շատ անմիտ տեղեկություններ են, որովհետև շատ մանրամասն ասել է, թե իր թեկնածությունն ինչպես է առաջադրվել:

«Դա եղել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ և երկու խմբակցությունների համատեղ որոշմամբ: Այսինքն՝ իմ թեկնածության առաջադրումն ունի այդ պատճառը»,- ասաց Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս