Նիկոլն ինչին կպնում է, պղծում է, այդպես պղծեցին անգամ կուկուռուզը, պեռաշկին ու կակաչը. Արմեն Աշոտյան

Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, քաղաքական չէ, սա արժեհամակարգային ճգնաժամ է, բայց քանի՞սն են այն մարդիկ, որոնք չեն համակերպվել այս ամենի հետ։ Պետք է մոբիլիզացնել մարդկանց այնպիսի քանակ, որը կբերի փոփոխության, ոչ թե հոգու հանգստության համար անել հերթական հանրահավաքը, քանի որ այն պիտի վերջին «կրակոցը» լինի։ Կյանքը ցույց տվեց, որ եթե նախկինները ոչինչ չեն անում, որևէ այլ մեկը ոչինչ չի անում, բացի այդ՝ նախկիններից լավ ոչ ոք չի կարողանում քաղաքական պայքար մղել։ Ընդդիմությունն ունի իր դերակատարությունը, բայց նորմալ քաղաքական իրավիճակում այս հարցը վաղուց հանգուցալուծված կլիներ։ Անգամ Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներն են ընդունում, որ 2021-ի արտահերթ ընտրություններով առաջացած ճգնաժամը չի հանգուցալուծվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր ժողովուրդն ունի արժեքների ճգնաժամ։ Եթե այն լիներ քաղաքական, կա՛մ կհանգուցալուծվեր խորհրդարանական ընտրություններով, կա՛մ էլ ընդդիմությունը քաղաքական միջոցներով իշխանափոխություն կաներ։ Ջախջախվել են մեր ազգային և քաղաքական ինքնության հենասյուները՝ Արցախը, հայկական ավանդական արժեքները՝ եկեղեցին ու ընտանիքը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Շուշին՝ որպես գոյություն, մեր քաղաքական ինքնության մաս էր, այն այսօր մերը չէ։ Սա սողացող կապիտուլյացիա է։ Նոր թուղթ ստորագրված չէ, բայց մենք տրանզիտային կապիտուլյացիայի մեջ ենք, վկան՝ Տեղ գյուղի դեպքերը։ Սա հանցավոր անգործություն կամ փնթիություն չէ։ Հյուծվում ու սպառվում է նաև ընդդիմության պասիոնարության ռեսուրսը։ Բայց որևէ առանձին ինստիտուտ չի կարող հաղթահարել այս ճգնաժամը։ Այդ շարքում է նաև մտավորականությունը՝ ազգի խիղճը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

«Հայոց ցեղասպանությունից հետո միայն 1930-ականներին Նժդեհը բերեց մի ուսմունք, որը ցեղասպանված ազգի վերապրման փորձ էր։ Մենք հիմա էլ ենք հայրենազրկված, քանի որ Արցախը մեր հայրենիքի մի մասն է։ Մենք որդեզուրկ ու հայրենազուրկ ենք դառնում։ Այսօր մենք ժամանակ չունենք, բայց ջարդուխուրդ եղած արժեհամակարգային կառույցից պարտավոր ենք հավաքել երբեմնի բեկորները։ Կարո՞ղ ենք մեզ համար բանաձևել, օրինակ, «գալ տարին՝ Շուշիում» սկզբունքը։ Սրանք աշխատում են մեր ինքնության դեմ՝ դարձնելով այն կզածի ինքնություն։ Մինչև պատերազմը մեզ կտցահարում էին, հիմա՝ չոքացնում։ Սրանք նոր ինքնություն են մոդելավորում, այն է՝ տակդ չոր լինի, փորդ՝ կուշտ, իսկ սա սպառողական ինքնություն է։ Սա մեր դեմ իրականացվող, Նիկոլի ձեռամբ մեր ուղեղներում մղվող պատերազմ է։ Ցանկացած ազգի մեջ նման մուտացիաներ լինում են, մենք ունիկալ չենք, նման աղբ միշտ էլ ունեցել ենք։ Բայց Նիկոլն ու իր ուսապարկերն այսօր առաջնորդում են այդ մոլորյալներին»,- նշեց Աշոտյանը:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ մարդկանց թուլացրել են ժողովրդավարության, թալանի, նախկինների մասին միֆերով, զրկել պաշտպանական բնազդներից, դարձրել հոտ. «Նիկոլը ՄԻԱՎ-ի նման է, նա անջատել է մեր ազգի իմունիտետը, ու ինչ ասես՝ որդերից մինչև մահաբեր օնկոբջիջներ, մեր օրգանիզմում տեղավորվել են։ Գուցե մենք ժամանակին մտածում էինք, որ հաղթանակած բանակի ու եկեղեցու մասին պաստառներով կարելի է արժեհամակարգ սերմանել, այն դեպքում, երբ մեր իսկ թիմի որոշ պաշտոնյաներ այդ արժեհամակարգի դեմ էին աշխատում։ Բայց այս դեպքում միակ մայր մեղուն Նիկոլն է, որի շուրջ պարսն է բզզում, և սրանց որակի մասին խոսել չի կարելի։ Այս իրականության հետ համակերպված բոլոր մարդկանցից կարելի է նողկալ։ Մեզնից ստեղծում են պառակտված քաղաքակրթություն, մենք պարտվում ենք, քանի որ փոխել են մեր կոդերը, իսկ բանակի ու դիվանագիտության պարտությունն ածանցյալ են։ Ո՞ւր են ուլտրառադիկալները, որոնք ժամանակին ասում էին՝ հող հանձնողին հանձնենք հողին»:

«Որքան տխմար պետք է լինես, որ Նիկոլի պես մտածես, թե ժողովրդավարությունը պաշտպանում է պետությանը, ընդ որում՝ այդ ժողովրդավարությունը չունենալով։ Ասել, թե մենք, բացի անվտանգությունից՝ ամեն ինչ ունենք, նշանակում է՝ ոչինչ չունենք։ Երբ սահման, դարպաս չունես, ուրեմն մնացածը քոնը չէ։ Սրանք նոյեմբերի 9-ից հետո ստիպում են մոռանալ ցավը։ Իսկ ցավը քեզ ստիպում է մարդ մնալ։ Ինչին կպնում են, պղծում են, այդպես պղծել են անգամ կուկուռուզը, պեռաշկին ու կակաչը։ Սրանք փորձում են մեզ ցավազրկել, սարքել բույս, կերակրել, ապա օրգանները վաճառել։ Մեր կամքին հակառակ՝ մեզ սարքելու են աշխարհաքաղաքական դոնոր, կարևորը՝ որ այդ արանքում Նիկոլը տեղ ունենա, աթոռը դնի, լափն էլ տեղը լինի»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս