Բաժիններ՝

Սևանցի մարզիչը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Մարտի 21-ից 27-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որտեղ չեմպիոնի կոչում է նվաճել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից, Գառնիկ Աբրահամյանն ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականի 11 հոգանոց կազմում։

Ցուցաբերելով կամային և մարզական լավագույն որակներ` Գառնիկը 190 կգ ձգում վարժությունում գրանցել է փայլուն արդյունք և դարձել Եվրոպայի չեմպիոն:

«Սևանցի մարզիչը 2019 թվականին ևս մասնակցել է ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին և գրավել 1-ին մրցանակային տեղը: Մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը` Ալինա Սուքիասյանը, ով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, Հայաստանի բազմակի չեմպիոն, մասնակցում է Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի պատանիների Աշխարհի առաջնությանը:

Շնորհավորում ենք ծանրամարտի մարզիչ Գառնիկ Աբրահամյանին, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակազմին եւ տպավորիչ հաղթանակ մաղթում Ալինա Սուքիասյանին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս