Բաժիններ՝

Երաժշտասերներին է ներկայացվել «Արս Լունգա» դուետի «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը

«Արս լունգա» դուետն օրերս «Մեցցո» ակումբում երաժշտագետներին ու երաժշտասերներին է ներկայացրել «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը (ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար (ջութակ, թավջութակ, դաշնամուր):

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: Ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի: Նախագիծը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտոր` 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը: Այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, որոնք, մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:

ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր, «Արս լունգա» դուետի համահիմնադիր, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս նախագծի կողքին են եղել թե՛ առաջին մասի, թե՛ երկրորդ մասի իրականացման ժամանակ: Մեր սիրելի կոմպոզիտորների, ջութակահարների, մեր գործընկերների ու ընկերների շնորհիվ այս նախագիծն իրականության դարձավ և ունեցավ շարունակություն։ Նախագծի այս մասի իրականացմանը մասնակցել են Հայաստանում և երկրից դուրս բնակվող շնորհալի ու անվանի 19 հայ ջութակահար, 41 կոմպոզիտոր։ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը բաղկացած է 12 ձայնասկավառակից և ընդգրկում է հայ կոմպոզիտորների կողմից գրված 41 դաշնամուրային տրիո: Այն ունի նաև էնցիկլոպեդիկ նշանակություն, քանի որ ներառում է հայ կոմոպոզիտորների և ջութակահարների կենսագրություններ՝ երկու լեզվով։ Նախագծի յուրահատկություններից մեկն այն է, որ կոմպոզիտորների ցանկում ընդգրկված են ոչ միայն հանրությանը հայտնի անուններ, այլև ժամանակակից և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ երկու ձայնասկավառակ ամբողջությամբ կին կոմպոզիտորների ստեղծագործություններ են»։

ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս լունգա» դուետի համահիմնադիր, թավջութակահար Արամ Թալալյանը ևս շնորհակալություն հայտնելով աջակիցներին՝ նշել է. «Այս նախագծի նպատակն է հնարավորություններ ստեղծել հայ ակադեմիկ դասական երաժշտության ժառանգության պահպանման և միջազգային հանրայնացման համար։ Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Թողարկված ձայնագրությունների ժողովածուները տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական դպրոց կստանա այս ձայնագրությունների ժողովածուն` երաժշտության գրականության և պատմության դասընթացներին օգտագործելու նպատակով: Առաջին ալբոմն արդեն իր անփոխարինելի տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրների, Իրանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Կանադայի հեղինակավոր բարձրագույն երաժշտական հաստատությունների գրադարաններում, երկրորդը նույնպես տրամադրվելու է»։

«Անթոլոգիա» ժողովածուի տեքստերի հեղինակ, երաժշտագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող Տաթևիկ Շախկուլյանն էլ հավելել է. «Այս նախագիծն իր տեսակի մեջ եզակի է, որովհետև իմի է բերել և մեկ նախագծի շրջանակում ներկայացրել է միևնույն ժանրի պատկանող ստեղծագործություններ։ Ամեն երկրում չէ, որ կարող են իրենց թույլ տալ, և ամեն տեղ չէ, որ կան երաժիշտեր, ովքեր հանձն կառնեն այս պատասխանատվությունը։ Նախագիծը նաև առիթ և խթան է հանդիսացել նոր ստեղծագործություների ի հայտ գալուն. կոմպոզիտորներ, ովքեր այդ ժանրում չունեին ստեղծագործությոններ, ստեղծել են նորերը։ Աշխարհի գրադարաններում հայկական երաժշտական արվեստը ներակայացնող միավորներն այնքան էլ շատ չեն, ու սա մեծ քայլ է այս բացը լրացնելու տեսանկյունից»։

Ասուլիսին հաջորդել է շնորհանդեսը, որին իրենց ներկայությամբ պատվել են ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև նախագծի մասնակից ջութակահարներ։ Հայաստանից դուրս ապրող նախագծի մասնակից ջութակահարները, որոնք չէին կարողացել ներկա լինել շնորհանդեսին, տեսանյութով իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքերն են ուղղել «Արս լունգա» դուետին։ Շնորհանդեսը վարել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ Գիտական քարտուղար Օլյա Նուիջանյանը։

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է երկու մասից: 2013-ին «Արս լունգա» դուետը հաջողությամբ ավարտել է նախագծի առաջին մասը՝ ՄԱՍ I. Ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար։ Այն կազմված է 1900-ականներից մինչ մեր օրեր ընկած ժամանակահատվածում գրված 60 հայ դասական կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններից՝ ամփոփված 12 ձայնասկավառակում, որոնք կատարվել և ձայնագրվել են ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան:

«Արս լունգա» դուետը ստեղծման օրից (2009) ակտիվորեն մասնակցել է Հայաստանի երաժշտական կյանքին և ունեցել է բազմաթիվ հրավերներ թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրյա հեղինակավոր երաժշտական կազմակերպություններից և փառատոններից:

Մի շարք ճանաչված հայ, սփյուռքահայ, իրանցի կոմպոզիտորներ «Արս լունգա» դուետին են նվիրել իրենց ստեղծագործությունները, այդ թվում՝ Սուրեն Զաքարյան (Հայաստան), Արտյոմ Կոկժաև (Ռուսաստան), Միքայել Կոկժաև (Հայաստան), Հայկ Բոյաջյան (ԱՄՆ), Յակով Յակուլով (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյան (Իրան), Հուշյար Խայամ (Իրան): Դուետը տարբեր երկրների կոմպոզիտորների մի քանի տասնյակ ստեղծագործությունների առաջին կատարողն է:

Դուետը պարգևատրվել է Մոսկվայի կոմպոզիտորների միության ոսկե մեդալով` ժամանակակից երաժշտության հիանալի կատարման համար (2011):

«Արս լունգան» իրականացրել է մի շարք ձայնագրություններ. իրանցի կոմպոզիտոր Հ. Խայամի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ (Hermes Records, Թեհրան, 2010), Ռոբերտ Շումանի թավջութակի և դաշնամուրի ստեղծագործություններ լիակատար հավաքածու (2011), Հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի ստեղծագործությունների 2 հեռուստահամերգային կենդանի ձայնագրություն (Շողակաթ հեռուստատեսություն, 2013 և 2014), «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծ, 1-ին մաս` 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ (12 ձայնասկավառակ, 2011-2013), Կոմիտասի երգերի մշակումների ձայնասկավառակ (2015): «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծ 2-րդ մաս, որը կազմված է 41 հայ կոմպոզիտորի դաշնամուրային տրիոներից (12 ձայնասկավառակ/2014-2022թթ.):

Դուետը մի շարք հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է։ Մասնակցել է հայաստանյան և միջազգային հեղինակավոր փառատոնների՝ «Ֆաջր» (Իրան), «Մոսկովյան աշուն» (Ռուսաստան), «Մարցիշոր» (Մոլդովա), «Դեյիա» (Իսպանիա), «Ֆորտե» (Ղազախստան), «Շլեզվիգ Հոլսթայն» (Գերմանիա), «Մինիմե», «Վիտրաժ» (Բելգիա), «Հերես» (Շվեյցարիա), հայաստանյան «Արվեստների պատկերասրահ», «Վերադարձ», «Արամ Խաչատրյան», «Երևանյան հեռանկարներ», «Թալալյան եղբայրներ» և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս