Բաժիններ՝

Համացանցում ազգային լեզվով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնվում են

Ազգային լեզուներով համացանցում հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելու, առկա հարցերը քննարկելու նպատակով Երևանում մարտի 28-ին կայացավ «Համընդհանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողովը։

Հայաստանում գործընթացի նախաձեռնող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տեխնիկական թիմն արդեն իսկ մշակել է լուծումներ։ Ինչպես հայերենի՝ հայ դոմենով, այնպես էլ այլ լեզուների դեպքում, տեխնիկական լուծումների նպատակն օպերացիոն տարբեր համակարգերում լիովին հայատառ էլ.փոստը (անուն@էլփոստ.հայ), դոմենների կիրառումը և որոնումները հնարավոր դարձնելն է։

«Մարդկության 65 տոկոսը խոսում է իր մայրենի լեզվով և այլ լեզվի չի տիրապետում: Ընդհանուր առմամբ, մինչև վերջին տարիները համացանցը ընկալում ենք որպես լատինատառ տարածք: Ինտերնետ կառավարմամբ զբաղվող ICANN կորպորացիան շատ կարևորում է ազգային այբուբեններով դոմենների տրամադրումը և դրանց առաջխաղացումը: Այդ առումով մենք որպես դոմեններից մեկին տիրապետող հանրություն, ևս կարևորում ենք: Հատկանշական է, որ տարածաշրջանային կոնֆերանսը հենց Հայաստանում ենք ընդունել»,- ասաց ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը:

Նրա խոսքով օգտատերերի համար հարմար միջավայր ստեղծելու նպատակով եղած 800 հայատառ հասցեները պետք է ավելի կիրառելի դարձնել:

Հայ մասնագետները փաստեցին, որ տեղական մակարդակում լոկալ սերվերներում լիովին հայատառ էլ.փոստն արդեն գործում է, ինչն աննախադեպ է։ Այսպիսով, համացանցում նաև ազգային լեզվով բովանդակությունը հարստացնելու և զարգացնելու լայն դաշտ է ստեղծվում։

«Մենք կազմակերպում ենք բազմատեսակ միջոցառումներ, մրցույթներ, աշխատանքային խմբեր ենք ստեղծում, որոնք ակտիվ աշխատում են հենց հայերենով՝ հայկական բովանդակություն ստեղծելու, տարածելու ուղղությամբ: Սկզբում դրա կիրառելիությունը պասիվ էր, հիմա հասել ենք նրան, որ հայակական դոմենային անունների հանդեպ հետարքրքությունն աճում է»,- ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս գործում փորձում են ներգրավել նաև պետական հատվածին:

Իրազեկման բնույթ կրող միջոցառմանը Հայաստանը, Սերբիան, Եգիպտոսը, Ռուսաստանը, Վրաստանը և Ուզբեկստանը համաժողովում ներկայացրին, թե ինչ քայլեր են իրականացնում համացանցում իրենց ազգային դոմենների և դրանցով գրանցված էլ.փոստերի համընդհանուր կիրառելիությունը համացանցում ապահովելու համար։

Այն կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) ու «Ինտերնետ ցանցի ազգային դոմենի կոորդինացիոն կենտրոն» ՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

«Համընդհանուր ընդունման օրը»՝ մարտի 28-ը, այս տարի աշխարհը նշում էր առաջին անգամ։ Աշխարհի 40 երկրներում անցկացվեց 50 միջոցառում: Շարժումը նախաձեռնել է Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան (ICANN)՝ համագործակցելով ոլորտի առաջատար Google, Apple և այլ ընկերությունների հետ։ Նպատակը ոչ լատինատառ դոմենները և էլ. փոստերն աշխարհում բոլոր սարքերի, հավելվածների ու համակարգերի համար ընդունելի և կիրառելի դարձնելն է, ինչպես նաև ինտերնետ հանրությունն ընդլայնելը՝ ինտերնետ հասանելիության ապահովմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս